Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Արցախը չունենա հայկական կարգավիճակ, ո՞ւմ համար եք սարքում այդ բնակարաններն ու այդքան ծախս անում»

Օգոստոս 01,2022 13:30

Արցախի Հադրութ քաղաքի բնակիչ Արթուր Ստեփանյանը 22 տարվա զինծառայության փորձ ունի, մասնակցել է 2020թ.-ի մարտական գործողություններին։ Օրերս նա իր հայրենակիցների հետ միասին ՀՀ կառավարության առաջ էր՝ պահանջելու Արցախի հայկական կարգավիճակ, Արցախի փախստականների կարգավիճակի ամրագրում։

– Պարոն Ստեփանյան, տեւական ժամանակ է, ինչ «Հանուն Հադրութի» հ/կ-ն աշխատում է փախստականների ձայնն ու պահանջները լսելի դարձնելու ուղղությամբ։ Այս պահի դրությամբ ո՞րն է ձեր ասելիքը։

– Մեր պահաջն է, որ իրագործվի նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերից մեկը՝ փախստականները պետք է վերադառնան իրենց բնակավայրերը։ ՀՀ վարչապետն է ստորագրել այդ թղթի տակ։ Պահանջում ենք, որ նա կապիտուլյանտի կարգավիճակից դուրս գա եւ մեր հարցերը լուծի։ Մենք պետք է վերադառնանք Հադրութ։

– Կներեք, հաշվի առնելով Ադրբեջանի պես երկրի եւ մեր իշխանության գործողությունները՝ ինչպե՞ս եք այդ վերադարձը պատկերացնում։

– Դե, դրա համար էլ ասում եմ՝ կապիտուլյանտի կարգավիճակից ինքը պետք է դուրս գա։

-Ինչպե՞ս։

-Չգիտեմ։ Չի երեւում։ Եթե չի կարողանում, թող հրաժարական տա, տեղն ուրիշը գա, այդ հարցերը լուծվեն։ Այսօր Ադրբեջանի ցանկացած պահանջ ինքն առանց քննարկելու կատարում է, բայց նոյեմբերի 9-ի փաստաթղթով սահմանված է ռազմագերիների եւ փախստականների վերադարձ։ Ինչո՞ւ չեն անում, ինչո՞ւ Հադրութի ու Շուշիի անունը չեն տալիս։ Կամ մնացած հարցերը։

– Որպես պատերազմի մասնակից ու ականատես, կազմակերպական տեսանկյունից ի՞նչ խնդիրներ եք արձանագրել 2020թ.-ին։

– Առհասարակ, գերագույն գլխավոր հրամանատար չենք ունեցել։ Ի վիճակի չի եղել որեւէ բան կազմակերպելու, դրա համար էլ այս հետեւանքն ունենք։ Ոչինչ էլ չի կազմակերպել։ Բանակն իր խնդիրները զորամասերի կազմով կատարել է, բայց ինչ վերաբերում է համալրմանը, քաղաքացիական պաշտպանությանը եւ մնացած գործողություններին, ապա քաոս է եղել։ Համալրված անձնակազմի երեւի 20%-ն է մինչեւ վերջ մնացել եւ առաջադրանք կատարել։ Նաեւ «պանիկա» են մտցրել։

– Այսօր հադրութցիներն ի՞նչ խնդիրներ ունեն։

– Վեց ամսից ավելի՝ մեր իշխանությունների կողմից աջակցություն չկա։ Խոսքն Արցախի իշխանության մասին է։ Ծրագրեր են մշակում, որ հուլիսից 40 հազարի աջակցություն տան բնակարան չունեցողներին, բայց հուլիսը վերջացավ, ոչ մի բան չկա։

– Այս երկու տարում ինչպե՞ս եք կարողացել ձեր կյանքը կազմակերպել։

– 2021թ.-ին ՀՀ կառավարության կողմից աջակցության տարբեր ծրագրեր ենք ստացել, որոնք բավարարել են կարելի է ասել։ Բայց արդեն յոթ ամիս է, որ աջակցություն չկա։ ՀՀ կառավարությունն ասել է, որ դրամական աջակցությունը տրամադրում են Արցախի իշխանությանը, վերջինս էլ պետք է հոգ տանի իր ժողովրդի մասին։ Իսկ Արցախի իշխանությունն, այսպես ասած, չի կշտանում։ Մինչեւ պատերազմն ինչ անարդարություն եղել է, հիմա կրկնապատկված է, ժողովուրդն անտեսված է։ Արայիկ Հարությունյանը միայն իր եւ իր շրջանակի մասին է մտածում։

– Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ՀՀ-ի կողմից Արցախին տրամադրված ֆինանսական օգնությամբ վճարվել են անգամ պետական աշխատողների աշխատավարձերը, առողջապահական խնդիրներ են լուծվել։ Պարոն Ստեփանյան, ձեր կարծիքով, սոցիալական օգնությունը հակակշռո՞ւմ է այն անվտանգային սպառնալիքներին, որոնց առաջ այսօր կանգնած է Արցախը։

– 140 միլիարդ ուղղվել է ժողովրդին՝ սոցիալական ծրագրերին։ Եղել են ոչ նպատակային, ոչ թիրախային։ Քանիցս ասել եմ այդ մասին, որ գումարները նպատակային չեն ծախսվել։ 68 000 դրամի աջակցություն են տրամադրել թե փախստականներին, թե Արցախում ապրողներին՝ նրանց, ովքեր տուն-տեղ չեն կորցրել։ Իրենք նույն կերպ օգտվել են այդ ծրագրերից, դա որքանո՞վ է նպատակային։ ՀՀ վարչապետն ասում է, թե արցախցիների կոմունալ ծախսերը վճարվել են ՀՀ քաղաքացիների հարկերով։ Կարող եմ ապացուցել, որ ես ինքս եմ վճարել իմ կոմունալները։

– Որպես քաղաքացի, Արցախի ապագայի հետ կապված ի՞նչ մտահոգություն ու պահանջ ունեք։

– Մեր պահանջն է, որ Արցախին տան հայկական կարգավիճակ, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում, ինչպես հիմա բառացի խոստովանում են դա։ Ու ոչ մի արձագանք չկա Արցախի նախագահի կամ ԱԺ-ի կողմից։ Մեզ էլ ասում են, թե բնակարաններ են սարքելու մեր համար։ Եթե Արցախը չունենա հայկական կարգավիճակ, ո՞ւմ համար եք սարքում այդ բնակարաններն ու այդքան ծախս անում։ Թալիշը վերակառուցվեց, էլի մնաց թուրքին…

– Ադրբեջան պետության կազմում, ենթադրենք, ինքնավարության տեսքով, դուք պատկերացնո՞ւմ եք արցախահայության կյանքը, անվտանգությունն ու իրավունքների իրացումը։

– Մենք դա տեսել ենք մինչեւ 88թ.-ի շարժումը։ Տող գյուղի մի կեսում ադրբեջանցիներ էին ապրում։ Գազը հասնում էր մինչեւ ադրբեջանական կեսը, հայկական կողմին՝ ոչ։

– Դուք կոմունիկացիոն խնդիր մեջբերեցիք, որը պակաս կարեւոր չէ, սակայն որպես ազգ՝ մյուս ազգի հանդեպ ի՞նչ վերաբերմունք եք տեսել ու ակնկալում, մասնավորապես՝ անվտանգության առումով։

– Պատերազմից հետո բոլորիս է ակնհայտ, որ Ադրբեջանում անգամ մանուկին են դաստիարակում այնպես, որ հայն իր թշնամին է։

– Այդ դեպքում, ձեր գնահատմամբ, մեր իշխանության ներկայացուցիչներն ի՞նչ հիմքով են պնդում, որ տարածաշրջանում հնարավոր է տնտեսական կապերի հաստատմամբ հասնել խաղաղության։

– Ոչ մի բան չի պնդում, ուղղակի ձեռքերը լվացել է եւ քաշվել մի կողմ։ Ինչ ասում են, փորձում են մատուցել ժողովրդին։ Այսօր Ռուսաստանն է անվտանգության երաշխավորը, ընդ որում՝ ոչ թե տարածքի, այլ ժողովրդի։ Հին թաղերի, Փառուխի դեպքերը հիշեք։ Այսինքն, ռուսը պատասխանատու է միայն ժողովրդի անվտանգության համար, այն էլ տեսաք, թե խողովակ սարքող տղային ադրբեջանցիները ոնց կրակեցին-սպանեցին։

– Դուք ո՞ր դեպքում կկարողանաք մեր երկու հարեւան երկրների հետ խաղաղ համակեցություն պատկերացնել։

– Չեմ պատկերացնում, չի կարող լինել նման բան։

– Բա մեր վերջն այսպես ի՞նչ է լինելու։

– Չգիտեմ, բայց ձեր ասածն էլ հնարավոր չի։

– Մենք ինչպիսի՞ պետություն եւ ժողովուրդ պետք է լինենք, որպեսզի հարեւան ագրեսորը հաշվի նստի մեր հետ։

– Ուժեղ բանակ պետք է ունենանք։ Չունեցանք՝ ոչինչ էլ չի լինի։ Հիմա մեր երկիրը կարծես ծովի ալիքների վրա շարժվող նավակ լինի, որն անգամ առագաստ ու նավապետ չունի…

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031