Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության կենտրոնական վարչության անդամներին

Հուլիս 31,2022 23:21

Հուլիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց ՀՄԸՄ-ի (Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միություն) կենտրոնական վարչության անդամներին՝ գլխավորությամբ վարչության ատենապետ Վաչե Նաջարյանի:

Տիար Նաջարյանը, Նորին Սրբությանը ներկայացնելով վարչության անդամներին, տեղեկություններ փոխանցեց Հայաստանում անցկացված համա-ՀՄԸՄ-ական 11-րդ մարզախաղերի ընթացքի մասին՝ ընդգծելով, որ Սփյուռքի շուրջ 645 հայ երիտասարդ մարզիկներ ժամանել էին հայրենիք մարզախաղերին իրենց մասնակցությունը բերելու համար:

Ողջունելով հյուրերի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչությանը հայրենիքում նման նախաձեռնության իրականացման համար: Վեհափառ Հայրապետը նաև գոհունակություն հայտնեց այս տարի առաջին անգամ իրականացված «Հրաշք» մարզախաղերի առնչությամբ, որոնց մասնակցեցին մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող շուրջ 200 երեխա ու պատանի:

Հայոց Հովվապետը կարևոր նկատեց համահայկական մարզախաղերի անցկացումը, որով լավագույն հնարավորությունն է ընձեռնվում հայորդիներին միմյանց ճանաչելու, խանդավառելու, լավատեսության և հայրենասիրության ոգով լցվելու:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց նաև Սփյուռքի հանրային կյանքի աշխուժացմանն ու զորացմանը միտված յուրաքանչյուր նախաձեռնում:

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031