Կառավարության որոշման համաձայն, անվտանգության նկատառումներից ելնելով այսուհետ պետք է 2 տարին մեկ ստուգաչափվեն մեքենաների վրա տեղադրված պլաստմասե փաթույթով գազաբալոնները, իսկ 3 տարին մեկ անգամ՝ մետաղական բալոնները: Այս որոշումը, սակայն միաձայն չընդունվեց վարորդների կողմից. «Անիմաստ ժամանակի եւ փողի կորուստ է, չեմ կարծում, որ այդ ստուգումները որեւէ դրական բանի կհանգեցնեն: Իրենց համար նստած որոշումներ են կայացնում»,- մեզ հետ զրույցում ասաց վարորդ Նարեկը:
Որոշման համաձայն, օգոստոսի 1-ից այն մեքենաները, որոնց գազաբալոնները ստուգաչափված չեն լինի, այլեւս չեն կարող լիցքավորել: Այս հանգամանքը վարորդների մոտ առաջացրեց որոշակի խուճապ:
Սակայն, քանի որ ֆիզիկապես հնարավոր չէր բոլոր մեքենաները մինչ վերջնաժամկետն անցկացնել ստուգաչափում, օրերս կառավարությունը տեղեկացրեց, որ այն մեքենաները, որոնք կգրանցվեն ստուգաչափման համար, եւ կունենան համապատասխան փաստաթուղթ, մինչ նշանակված օրը կարող են լիցքավորվել:
Կարդացեք նաև
Այսօր Լոռու մարզի գրեթե բոլոր գազալցակայաններում հերթեր էին: Վարորդները շտապել են վերջին անգամ լիցքավորել մեքենան, մինչ ձեռք կբերեն համապատասխան փաստաթղթերը. «Չգիտեմ, գրանցման գործընթացը ոնց է լինելու: Մարդկանց համար ամեն օր մի բան դժվարացնում են: Տաքսի եմ քշում, ամեն օր լարված, հիմա էլ գալու եմ ժամերով հերթ կանգնեմ, որ գազ լցնեմ: Հլա էս հերթին նայեք»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ