Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հայտարարությունը
Վերջին շաբաթներին խորը մտահոգությամբ և տագնապով էինք հետևում հայրենիքում մեր բազմաթիվ եղբայրների ազատազրկմանը` նրանց քաղաքական հայացքների և գործողությունների հանգամանքով պայմանավորված: Մասնավորաբար, մեզ խորապես անհանգստություն պատճառեց մեր եկեղեցու նվիրյալ զավակ, բարերար և մտավորական Ավետիք Չալաբյանի ազատազրկումը:
Ավետիքը մեր Եկեղեցու հավատավոր հոտի խոնարհ զավակ է, առաքինի և պարկեշտ անձնավորություն, իր երկրի հայրենապաշտ նվիրյալ, ընտանիքի օրինակելի հայր:
Դժվար է հավատալ, որ նույնիսկ պայքարի բովում նա ընդունակ էր խախտել օրենքը, առավել դժվար է պատկերացնել, որ ազատության մեջ գտնվելով, նա որևէ վտանգ ներկայացնի այն պետության համար, որին նվիրումով ծառայել է ողջ գիտակից կյանքի ընթացքում:
Կարդացեք նաև
Օրերս գոհունակությամբ իմացանք, որ Ավետիք Չալաբյանը բազմաթիվ ապօրինություններից հետո վերջապես դուրս է եկել ազատություն, թեև դատական գործընթացը շարունակվում է:
Հորդորում ենք հայրենի իշխանություններին` հարգել Ավետիք Չալաբյանի օրինական իրավունքները, ապահովել նրա վաստակած ազատությունը, և դատական գործը շարունակել բացառապես օրենքի ոգու և տառի խստիվ պահպանությամբ։
Աստված պահապան մեր սուրբ հայրենիքին և նրա նվիրյալ զավակներին
Հայտարարությունից հետո Ավետիք Չալաբյանը իր ՖԲ էջում նշել է․
Իմ խորին երախտիքն եմ հայտնում մեր հոգևոր հայրերին, մասնավորապես, գերաշնորհ Եզրաս Սրբազանին, այս սկզբունքային դիրքորոշման, և կարևոր բարոյական աջակցության համար: Որպես Հայ առաքելական եկեղեցու խոնարհ զավակ, պատրաստ եմ անմռունչ կրել ինձ բաժին հասած փորձությունները, և հույսով, հավատով ու վճռականությամբ ծառայել մեր երկրում բարու հաղթանակին: Աստված բոլորիս պահապան և առաջնորդ: