Հուլիսի 31-ին արգելվել է ՀՅԴ Հոլանդայի երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի մուտքը Հայաստան, ինչի մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքում: Սյունեն Հայաստան էր ժամանել՝ ՀՅԴ երիտասարդական միությունների կողմից Սյունիքում կազմակերպված ամառային ճամբարներին մասնակցելու նպատակով:
«Ինձ 12 ժամ առանց որևէ բացատրության պահելուց հետո տեղեկացրին, որ հայրենիք մուտք չեմ կարող գործել` անցանկալի անձ եմ և պետք է վերադառնամ Նիդերլանդներ»,-գրել էր Սյունեն :
Aravot.am-ը հետաքրքրվեց, իր տպավորությամբ ինչով է պայմանավորված իր մուտքն արգելելը, եւ արդյոք Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի հետ կատարվածը նախադեպային դարձավ, եւ ինքն անձամբ ինչ է պատրաստվում անել՝ պարզելու համար պատճառը:«Ինձ որեւէ բացատրություն չեն տվել, առանց որեւէ պատճառի մուտքս արգելել են: Իհարկե, այս իշխանություններից ամեն ինչ հնարավոր է սպասել, գուցե ինչպես Մուրադ Փափազյանի, այնպես էլ իմ քաղաքական կողմնորոշումը նրանց խանգարում է այնքան, որ ես դառնում եմ անցանկալի անձ հայրենիքի համար»,-ասաց ՀՅԴ Հոլանդայի երիտասարդական միության անդամը:
Կարդացեք նաև
Ի դեպ, սահմանապահ ոստիկանության վերաբերմունքը շատ տհաճ էր և անմարդկային: Նրանք գոռգոռում էին իմ ու ինձնից փոքր քրոջս վրա, երբ խնդրում էինք, որ խոսեին հեռախոսով մեր ընտանիքի անդամների հետ,քանի որ մտածում էինք՝ գուցե որոշ բաներ չենք հասկանում լեզվի առումով: Նրանք մինչև վերջ մերժեցին մեր խնդրանքը և շատ անհասկանալի ջղայն և կոպիտ պահվածք ցուցաբերեցին: Մեկ բաժակ ջուր իսկ չառաջարկեցին 12 ժամվա ընթացքում: Անգամ թշնամին թշնամու հետ այդպես չի վարվում: Հիմա եթե թշնամի գերի վերցրած լինեին, մի բաժակ ջուր առաջարկած կլինեին:
Ապա հավելեց. «Ինձ համար կարեւոր է իմանալ, թե որոնք են պատճառները իմ մուտքը հայրենիք չարտոնելու համար: Սահմանապահ ոստիկանությւոնից ասացին, որ կարող եմ կապվել Հայաստանում Նիդերլամնդների դեսպանության հետ եւ իրենցից ճշտել, ես իրականում արդեն կապի մեջ էի Հայաստանում Նիդերլանդների դեսպանության հետ, եւ չգիտեմ ինչքանով իրենք կկարողանան ինձ օգնել եւ աջակցել: Այն տպավորությունն ունեմ, որ վերապահումներ ունեն իմ նկատմամբ: Հուսամ, որ կփորձեն պարզաբանումներ ստանալ Հայաստանի իշխանություններից»:
Հարցինք՝ արդյոք իր տպավորությամբ արգելում են հենց այն մարդկանց մուտքը, որոնք դեմ են Հայոց ցեղասպանության ուրացման հաշվին ու առանց նախապայմանների Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններըւ կարգավորելուն,:
«Ինչպես արդեն ասացի, որեւէ բան հնարավոր չէ բացառել այս իշխանություններից: Շատ հնարավոր է, որ սա ուղղակի թուրքերին ու ադրբեջանցիներին հաճոյացնելու համար է արվում եւ նաև Սփյուռքին Հայաստանից վերջնականապես կտրելու համար: Գիտեք, հիշեցի, որ պատերազմի ընթացքում ես ամեն օր մասնակցում էի խաղաղ ցույցերի Նիդերլանդների կառավարության շենքի դիմաց: Եվ ինձ հաջողվեց խոսել Նիդերլանդների վարչապետի հետ ու Նիդերլանդների կառավարությունից հստակ քայլեր պահանջել Արցախի վերաբերյալ: Գուցե դա է նրանց նեղացրել, որ մենք Սփյուռքում ակտիվորեն աշխատում ենք արցախահայության շահերը պաշտպանելու եւ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հատուցման ուղղությամբ»,-ասաց Սյունե Աբրահամյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Սյունե Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից: