Լրահոս
Օրվա լրահոսը

Պոեզիա, կարոտ ու սեր՝ կապանյան «Քնարե» գինու մեջ (ֆոտոշարք, տեսանյութ)

Հուլիս 31,2022 13:20

«Միսս Մարինեի գինին»՝ մոտ մեկ ամիս է՝ Կապանում այս նախադասությունն է տնից տուն փոխանցվում։ Առաջին անգամ Կապանում գինեձոն պիտի լիներ։ Կապանն ունեցավ իր գինին։ Նախաձեռնության հեղինակը Չինաստանում աշխատող, ծննդով կապանցի անգլերենի ուսուցչուհի Մարինե Սահակյանն է։  «Քնարե»՝  Մարինե Սահակյանի երկու դուստրերի անունով է՝ Քնար ու Նարե։

Մարինեն շատ է սիրում ասմունքել, ստեղծագործում է։  Նրա խոսքով՝ աշխարհում ամեն գեղեցիկ բանի մեջ պոեզիա կա։ Այդ պատճառով էլ ցանկանում էր, որ իր գինին էլ քնարերգական լինի։ «Մի ողջ պոեզիա գինու մեջ, այն նարնջագույն կարոտ ու սեր է»,-Չինաստանից տեսաուղերձում՝ իր առաջին արտադրանքի գինեձոնին նշեց Մարինե Սահակյանը։

Կապանի հոգեւոր հովիվ Տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը օրհնեց գինին, որից հետո դասական երաժշտության հնչյունների ներքո «Քնարեի» բույրը տարածվեց Կապանի մշակույթի կենտրոնի նախասրահում։ Բոլորը շտապում էին առաջինը փորձել Կապանի «Քնարեն»։ Գինեձոն-համտեսին մասնակցեց  նաեւ Կապանի համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը։

«Ուրախ եմ, որ ներկա եմ աղջկաս գինու համտեսին։ Առավել քան ուրախ  եմ, որ գինին թոռնիկներիս անունով է։ Թող որ սահմանները խաղաղ լինեն, Կապանն ու Հայաստանը պինդ, իսկ «Քնարե»-ի շշերը միմիայն բացվեն հարսանիքներին, ծննդյան տոներին ու կնունքներին»,-ասում է «Քնարե»-ի հեղինակ Մարինե Սահակյանի մայրը՝ Օվսաննա Գրիգորյանը։

«Չնայած Կապանը խաղողագործության եւ գինեգործության օրրան չէ, բայց ամեն դեպքում փորձում ենք  Արագածոտնի եւ Վայոց ձորերի մարզերից հետո այդ մշակույթը նաեւ ներդնել Հայաստանի մյուս մարզերում, այդ թվում նաեւ Սյունիքում»,-նշում է «Գինու արվեստ» գինեգործական ընկերության տնօրեն Տիգրան Ավագյանը։

«Քնարեն» պատրաստվում է Արագածոտնի մարզում մշակվող ոսկեհատ, ճիլար եւ մուսկատ տեսակի խաղողից։ Այս տարի շշալցված գինու հումքը 2021 թ․բերքահավաքից է։ Իսկ նարնջագույն գինի արտադրելու որոշումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ նման գինիները դեռ քիչ են Հայաստանում։

Մարինե Սահակյանը չի խոսում ապագա ծրագրերից։ Նշում է՝ այն շարունակելիություն կունենա։ «Շատ խոսել չեմ սիրում։ Ես էությամբ գործի մարդ եմ։ Միայն կասեմ սիրում եմ Հայաստանը, իմ Կապանը ու իմ հնարավորությունների սահմաններում կփորձեմ օգտակար լինել»,-ասում է Մարինեն։

Ցուցահանդես-վաճառքից  գոյացած հասույթը կհատկացվի բարեգործական նպատակների  համար։ Գինեձոնին աճուրդի հանվեց նաեւ Աննա Մանգասարյանի «Քնարե» գեղանկարը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031