Այս տարվա երկրորդ եռամսյակում կուտակային կենսաթոշակային հաշվի հաշվետվությունները բացահայտեցին՝ կենսաթոշակային հաշվի մնացորդը ոչ թե ավելացել է, այլ պակասել, քանի որ ֆոնդի եկամտաբերությունը բացասական է եղել։ «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրերը՝ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը պատասխանելով հարցին, թե քանի որ պետությունն է քաղաքացուն պարտադրել միանալ կուտակային կենսաթոշակային համակարգին՝ պարտավո՞ր է այժմ քայլեր ձեռնարկել, երբ քաղաքացիները տուժում են, ասաց․ «Պետությունը քայլեր ձեռնարկել է՝ ռիսկերի որոշակի ախորժակ է սահմանել, որ կառավարիչները պետք է հետեւեն դրան։ Եվ դրանք ռազմավարական են, երկարաժամկետ են․․․ Կառավարիչներին չի թույլատրվում սպեկուլյացիաներ իրականացնել»։ Ըստ նրա՝ «Այս ժամանակավոր բացասական եկամտաբերությունը հետագայում շատ ավելի մեծ եկամուտներ է մեզ բերելու, որովհետեւ բաժնեմասի արժեքը երբ որ իջել է՝ հաշիվներին մեր վճարած դրամով գումարի դիմաց շատ ավելի բաժնեմասեր ենք գնում։ Երբ տոկոսադրույքները նորից սկսեն իջնել՝ այդ ցածր գնով գնած ակտիվները արժեւորվելու են եւ մեր եղած պորտֆելների հետ միասին շատ ավելի մեծ եկամտաբերություն ենք ունենալու»։
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը նշել էր. «Գումարի կորստի հետ կապված միշտ է պետք անհանգստանալ, կարճաժամկետ կլիներ, եթե դա լիներ մեկ եռամսյակ և վերջ, բայց վերջին մեկ տարվա ընթացքում միտումը գնում է դրան, որ ավելի շատ կորուստ է լինում, քան՝ եկամուտ։ Միայն նախորդ տարվա դեկտեմբերին եկած եռամսյակի մեջ է եղել պլյուս, բայց ամբողջ տարին եղել է մինուս, և դա իսկապես անհանգստության առիթ է և պատկան մարմինները պարտավոր են անհանգստանալ»։ «Առերեսում» հաղորդաշարի մյուս հյուրը՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի խորհրդի անդամ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն այս առնչությամբ ասաց․ «Հույս ունեմ, պարոն Սամսոնն իր բիզնեսը երկարաժամկետ է պլանավորում՝ ոչ մեկ տարով, քանի որ անգամ 2 տարին է կարճաժամկետ, եւ ոչ մեկ եռամսյակը՝ 30-40 տարվա հորիզոնի մեջ․․․ Կա տնտեսագիտական պարզ երեւույթ՝ վերականգնում, ֆինանսական ցիկլերը իջնելուց հետո միշտ բարձրանում են»։
Հարցին՝ ի՞նչ հիմքեր ունի վստահեցնելու, որ բարձրանալու է, եթե չեն վերացել նվազման պատճառները՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով իջնում են տարբեր ընկերությունների բաժնեմասերի գները եւ այլն՝ պատասխանեց․ «Երեք գործոն համընկել է, այդ պատճառով է մեծ անկումը։ Նախ՝ տոկոսադրույքների բարձրացումն է եւ Հայաստանում, եւ ողջ աշխարհում։ Եվ երրորդը՝ դրամի արժեւորումն է։ Մարդիկ մեծ թիվ են տեսնում իրենց հաշիվներում եւ անհանգստանում՝ մինուսը մեծ է։ Առաջ իրենց կուտակումները քիչ էին ու չէին նկատում։ Բայց տատանումներ միշտ են եղել։ Եվ հիմա ցանկացած տատանում նրանք բացարձակ թվով ավելի մեծ են տեսնելու՝ եւ օգուտը, եւ վնասը, քանի որ արդեն իսկ կուտակած գումարը՝ բաժնեմասը շատ մեծ է, քան այն գումարը, որ ամեն ամիս կուտակում ենք․․․ Հաշվետվության մեջ գումարում են բաժնեմասի տատանումը, արժեքը եւ քո ներդրումը եւ տարբերությունը մինուսով քեզ ցույց են տալիս՝ քեզ թվում է, թե կորցրիր, ինչ որ մինուս գնաց։ Իրականում՝ կուտակեցիր այդքան, այդ գնով բաժնեմաս գնեցիր, որը կարող ես նաեւ վաճառել։ Այ, այս պահին առաջին իսկական տուժողները նրանք են, ովքեր ունենալով հավասարակշռված կամ պահպանողական կուտակային պլան՝ վազեցին ու միանգամից փոխեցին․․․ Նրանք տուժեցին, քանի որ բաժնեմասը հիմա շատ էժան վաճառեցին ու գնեցին այլ գործիք, որը ավելի քիչ տոկոս է բերելու ապագայում»։
«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի գլխավոր ֆինանսական եւ գործառնական տնօրեն Իզաբելլա Ադիլխանյանը որպես բացասական արդյունքի պատճառ մասնավորապես նշել էր Կենտրոնական բանկերի խիստ դրամավարկային քաղաքականությունը. «Տոկոսադրույքները բարձրանում են եւ դա սովորաբար հակադարձ համեմատական է պարտատոմսերի գների հետ: Այդ բոլորն ազդել են ֆոնդերի բացասական եկամտաբերության վրա»: Կենտրոնական բանկի փոխնախագահն այս առնչությամբ ասաց՝ գնաճը բարձր է եւ ԿԲ–ն տոկոսադրույքով արձագանքել է․ «Գնաճն իր թիրախին է վերադառնալու եւ մենք սկսելու ենք տոկոսադրույքները նվազեցնել։ Դրա համար ենք ասում՝ ժամանակավոր է»։ Դարձյալ վստահեցրեց, որ տոկոսադրույքների նվազեցումից հետո «իմ բացատրած այդ բոլոր օգուտները միանգամից ունենալու ենք»։
Կարդացեք նաև
Ներսես Երիցյանի պնդմամբ՝ այդ եկամուտը ոչ մի տեղ չի կորել, հաշվարկային կորուստները վերականգնվում են եւ մենք ամեն ամիս եկամուտ ենք ստանում․ «Վաղը կարող է էլի նվազի, բայց դա ինձ չի անհանգստացնում, քանի որ այդ գումարն ինձ պետք է լինելու, երբ ես գնամ կենսաթոշակի»։
ԿԲ փոխնախագահը կարեւորեց․ «Մեր եւ պետության տված գումարը չի պակասել։ Քաղվածքը տալիս ենք եռամսյակային։ Բայց երբ վերցնում եք ամբողջ կուտակումը 2014 թվականից՝ պետության կուտակումը չի պակասել։ Որոշ մարդկանց մոտ կուտակած եկամուտի մինչեւ 30-40 տոկոսը կարող է նվազած լինի, բայց 60 տոկոսը դեռ կա հաշիվների վրա։ Եվ երկրորդ պայմանն է պահպանված, եւ եթե այսօր աշխատեր օրենքի պահանջը երաշխիքի վերաբերյալ (Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի համաձայն՝ մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների ամբողջ գումարի` ճշգրտված տարեկան գնաճով, վերադարձելիությունը երաշխավորվում է.- Ա․ Ի․) մեր ֆոնդերն ունեն ավելի շատ կուտակած եկամուտ, քան գնաճն է եղել։ Այսինքն՝ մենք կարող էինք կենսաթոշակ ստանալ մեր կուտակած գումարը + մեր եկամուտը, որը գնաճից բարձր է եղել։ Մոտ 90 տոկոսից ավելի եկամուտ է եղել, այսինքն՝ տարեկան 10 տոկոս եկամուտ ենք ունեցել, մի տարվա եկամուտը կորցրել ենք։ Բայց մայր գումարը չի պակասել»։
ԿԲ փոխնախագահի պնդմամբ՝ կուտակային կենսաթոշակային համակարգը կայացած է, թափանցիկ․ «Եվ մենք սովորում ենք ապրել շուկայական տնտեսությունում, որտեղ տատանումները հնարավորություն են»։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ