Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, վարչապետի որոշմամբ է ստեղծվել այս խորհուրդը․ աշխատանքը, ճիշտ եք, նման  է փակ սենյակում գրագրության»

Հուլիս 30,2022 18:04

«2021 թ․ փետրվարին ինը կուսակցություններ հանրագիր էին ներկայացրել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին՝ սահմանադրության նախագծի առաջարկներով։ Դա մնաց անարդյունք, հանձնաժողովը որեւէ կերպ չարձագանքեց։ 2021թ․-ի ընտրություններից հետո, երբ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարեց, որ չի մասնակցելու սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքին, մի խումբ կուսակցություններ նամակ հանձնեցին վարչապետին՝ առաջարկելով, որպեսզի հանձնաժողովի լեգիտիմության պակասը, որն առաջացել էր ընդդիմության բոյկոտի պատճառով, լրացվի արտախորհրդարանական կուսակցությունների մասնակցության հաշվին»,-«Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» կազմակերպած՝ «Սահմանադրության` որպես ինքնիշխանության խորհրդանիշի և պետության հիմնադիր փաստաթղթի վերարժևորում» խորագրով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը՝ դիմելով սահմանադրական բարեփոխումների խորհրդի եւ հանձնաժողովի անդամներին։

Անդրիաս Ղուկասյանը մատնանշեց․ «Բարեփոխումների նախաձեռնողը հենց վարչապետն է։ Այսօր, ըստ էության, հանձնաժողովը դրա հնարավոր ձեւերից մեկն է, եւ փաստենք, որ այն հանրային տեսակետից բավարար հեղինակություն, ծանրակշիռ քաղաքական նշանակություն չունի։ Անկախ նրանից, թե ինչ որակի մասնագիտական արդյունք է այն տալու, դրա՝ սահմանադրական կարգ դառնալ-չդառնալու հարցը կախված է լինելու բացառապես իշխող քաղաքական ուժից։ Մենք գտնում ենք, որ այս ձեւաչափը մեզ վերադարձնում է նույն շրջապտույտին։ Նախկինում հանրային քննարկումները վատ էին անցկացվում, հիմա էլ է այդպես։ Մեկը պատմում է, մյուսը՝ լսում։ Սա հանրային օժանդակություն չի ապահովում։ Սահմանադիր հանձնաժողով պետք է գումարվեր»։

Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝  խորհրդարանական ընդդիմությունն արդեն ասել է, որ այս գործընթացը «կարվում» է Նիկոլ Փաշինյանի պատվերով, եւ սա մեզ վերադարձնում է նույն բանին․ «Նախկինում էլ էր ընդդիմությունը բոյկոտում 2015թ․-ի սահմանադրական բարեփոխումները։ Մեկն էլ ես էի։ Դիմադրությունն ինչպես եղել է, այնպես էլ հիմա է լինելու։ Վերջիվերջո, կլինի իշխանություն, որն առաջ կտանի իր առաջնորդի քաղաքական հեղինակությունը՝ մեկ մարդու քաղաքական հեղինակությունը։ Հաջորդ շաբաթ մենք նորից ենք ձեզ ներկայացնելու մեր առաջարկները»։

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանն այսպես արձագանքեց․ «Ինչպե՞ս պետք է ստեղծվեր սահմանադիր հանձնաժողով։ Չկա մի ձեւաչափ, որը կբացառեր բոլոր խնդիրներն ու հարցադրումները։ Այո, վարչապետի որոշմամբ է ստեղծվել այս խորհուրդը, բայց ինձ չի հետաքրքրում սրա վերաբերյալ քննադատությունը։ Այս պահին խորհրդի եւ հանձնաժողովի աշխատանքը, ճիշտ եք, նման  է փակ սենյակում գրագրության, բայց եթե կարողանանք այնպես անել, որ քննարկումները հասանելի եւ մասնակցային լինեն յուրաքանչյուրի համար, ապա հանձնաժողովի մասին ընկալումը կփոխվի։ Այն ֆունկցիոնալ մարմին է, որը հարթակի գործառույթ պետք է ունենա՝ հնարավոր արդյունավետ քննարկումների միջոցով բյուրեղացնելով այն, ինչ կմտնի սահմանադրության նախագծի մեջ»։

Այսքանից հետո, ըստ Տիգրան Եգորյանի, բնականաբար, գալու ենք ԱԺ-ի մեծամասնության եւ ընդդիմության դաշտ․ «Ի՞նչ է այնտեղ կատարվում։ Ցավոք, մեծամասնությանն արդյունավետ հակակշիռ այս պահին չկա, եւ իրավիճակը կախված է լինելու մեծամասնության քվեարկությունից։ Այստեղ խզում է առաջանալու հանձնաժողովի եւ իշխանության միջեւ։ Եթե խորհուրդը կարողանա լինել ոչ թե իշխանության պատվեր կատարող, այլ կարողանա նախագծում ամրագրել բոլոր քննարկումների արդյունքները, ապա ԱԺ-ի իշխանությունը բախվելու է այս հարցի լուծմանը, որը կոճակ սեղմելով չէ, որ լինելու է։ Չէ՞ որ  անկախ ԱԺ-ի մեծամասնության ուժի կիրառումից կա հանրաքվե»։

Ապա Տիգրան Եգորյանն առաջարկեց չկենտրոնանալ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին եւ խորհրդին քննադատելու վրա, որովհետեւ ներսում էլ քննադատություններն ու խմորումներն անպակաս են․ «Դեռ լավ չի ստացվում աշխատանքը, բայց հուսամ՝ կլինի։ Եկեք ռեսուրսներն օգտագործենք։ Ձեր ուղարկած նամակը մեզ չի հասել։ Շատ վատ է։ Ներկայիս խորհրդին չի հասել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031