Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդունենք, որ կառավարման ձեւի հաճախակի փոփոխությունը հղի է վտանգներով»․ Եղիշե Կիրակոսյան

Հուլիս 30,2022 17:10

«Որոշակի ուղղությամբ քննարկման առարկա են ընտրակարգին, կայուն մեծամասնության ինստիտուտին վերաբերող հարցերը։ 2015 թ․-ի սահմանադրական կարգավորումներով, հետո նաեւ՝ ընտրական օրենսգրքով ներդրվեց կայուն մեծամասնության համակարգը, եւ 51% հավաքած ուժը ստանում է բոնուսներ։ Այս ինստիտուտն ունի մոդելներ, թեեւ չի համապատասխանում դասական՝ մաքուր համամասնական մոդելին, ըստ որի՝ կուսակցությունները ստանում են իրենց ձայներին համամասնական մանդատներ»,-«Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» կազմակերպած՝ «Սահմանադրության` որպես ինքնիշխանության խորհրդանիշի և պետության հիմնադիր փաստաթղթի վերարժևորում» խորագրով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահի տեղակալ, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Այս մոդելը, որ ներդրված է մեր սահմանադրական կարգավորումներում, իտալական նախապատմություն ունի։ Իտալիայում ժամանակին պատճառ ունեին այն ընտրելու համար, որովհետեւ խորհրդարանական կառավարման ձեւը կարող էր բերել անկայունության․ խորհրդարանական կոալիցիաներ կամ փոքրամասնություն չձեւավորելու արդյունքում կրկին ընտրությունների գնալու խնդիր է առաջանում։ Կայուն մեծամասնական ընտրակարգն, իր թերություններով հանդերձ, ունի նաեւ առավելություններ, որովհետեւ շատ դեպքերում կարողանում է կայունացնել իրավիճակը։ ՀՀ-ի նման զգայուն երկրներում սա գուցե անհրաժեշտ մոդել է, պետք է քննարկել սա․ սրանից է սկսվում ժողովրդավարության առանցքային տարրերից մեկը, կառավարության ձեւավորումը»,-համոզմունք հայտնեց Եղիշե Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ այս թեմայի շուրջ հանձնաժողովում քննարկումներ եղել են․ «Նախորդ հանձնաժողովում անգամ առաջարկ է հնչել հրաժարվել կայուն մեծամասնական համակարգից՝ որոշակի զգուշավորությամբ իհարկե։ Մտահոգությունները հնչեցվել են։ Նոր հանձնաժողովում սա, վստահ եմ, կքննարկենք։ Մյուս քննարկման հարցը նախագահական ինստիտուտի դերն է խորհրդարանական համակարգում»։

Քննարկման մյուս ուղղությունը, ինչպես նշեց Եղիշե Կիրակոսյանը․ դատական համակարգն է․ «Այստեղ կան երկու բարձրագույն դատական մարմիններ՝ վճռաբեկ եւ սահմանադրական դատարաններ, որոնք ունեն իրենց հատուկ գործառույթները։ Հիմա հանձնաժողովի աշխատանքների ժամանակ, ինչպես հայտնի է, քննարկվում է դատական համակարգի հիմնարար վերափոխման հարցը՝ երկու բարձրագույն դատական մարմինները միավորելու միջոցով։ Գերագույն սահմանադրական դատարան ստեղծելու մասին է խոսքը։ Սա կարեւոր է քննարկել իշխանության տարանջատման համատեքստում»։

Ինչ վերաբերում է ՀՀ-ի պետական կառավարման ձեւին, ապա Կիրակոսյանը նշեց․ «Որքան էլ հասկանալի լինի, որ 2015թ․-ին խորհրդարանական կառավարման ձեւին անցումը եղել է արհեստական, նույնքան էլ պետք է ընդունենք, որ կառավարման ձեւի հաճախակի փոփոխությունը հղի է վտանգներով։ Ես հասկանում եմ, որ հայաստանյան իրականության համար խորհրդարանական կառավարումն ինքնին նոր է։ Դրա համար պետք է ունենալ կայացած կուսակցական, քաղաքական մշակույթ ու համակարգ, որի բարձր մակարդակին մենք դեռ չենք հասել։ Գուցե դա էլ մեզ դրդի հասնել մտքին, որ արժի խոսել կառավարման ձեւի փոփոխության մասին։ Կարելի է նաեւ առկա տրամաբանությամբ գտնել լուծումներ, որոնք կվերացնեն խնդիրները, կլուծեն համակարգային խնդիրները։ Վենետիկի հանձնաժողովում կա ընկալում, որ խորհրդարանական կառավարման ձեւն ավելի ժողովրդավար է։ ԵՄ երկրների մեծ մասն ընտրել է այս ճանապարհը, որը թույլ է տալիս ժողովրդական կառավարումն իրականացնել հավասարակշռված։ Բարեփոխումները պետք է այնպիսին լինեն, որ մեզանում հնարավորություն ստեղծվի այս մոդելի կայացման համար։ Կարծում եմ՝ դա հնարավոր է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031