«Քննարկումներ են ընթանում, թե սահմանադրական մակարդակում ինչպիսի լուծումներ կարող են լինել՝ ապահովելու համար ավելի բարձր ներկայացուցչություն ԱԺ-ի համար։ Այսինքն, հնարավոր լինի ապահովել ավելի ցածր անցողիկ շեմեր, ինչն առաջիկա 5-10 տարվա ընթացքում կլինի ձեւավորող գործոն, ինչից հետո ավելի զտված եւ պարզ կլինեն քաղաքական դաշտը, խաղացող կուսակցությունների կառուցվածքն ու կազմը»,-«Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» կազմակերպած՝ «Սահմանադրության` որպես ինքնիշխանության խորհրդանիշի և պետության հիմնադիր փաստաթղթի վերարժևորում» խորագրով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանը։
Նա հայտնեց, որ քննարկման առարկա են նաեւ դատական համակարգը դատական իշխանության վերածելու հարցերը, այդ թվում՝ կազմակերպական․ «Գերագույն դատարանի ստեղծումը եւս քննարկման առարկա է»։
Ինչ վերաբերում է ՀՀ կառավարման համակարգին, ապա Եգորյանը նշեց, որ հարցը շատ ավելի խորը քննարկման է արժանի․ «Ցավոք, անգամ այդ մակարդակին մոտ քննարկումներ տեղի չեն ունենում։ Նախագահակա՞ն, կիսանախագահակա՞ն, թե խորհրդարանական կառավարման ձեւ։ Այս հարցը դեռեւս պատմության խորքից է ձեւավորվել, որի քննարկման մակարդակը սահմանափակվում է նրանով, որ ավելի շատ մարդիկ արդեն գիտեն, որ նման անվանումներ կան։ Բայց այլ խորություն դեռ չեմ տեսել։ Ցավոք, շատերը նաեւ խորքային քննարկման կարողության կամ ցանկության բացակայության պատճառով են խուսափում քննարկումներից։ Այս եզրույթների հետ կապված հնչող քննարկումները, որ, օրինակ, նախագահական կառավարման ձեւի պարագայում ունենում ենք անկայուն իրավիճակ, խնդիրներ, որ խորհրդարանական կառավարման ձեւը փրկություն է, անլուրջ են։ Նման բաները քննադատության չդիմացող ռեպլիկներ են»։
Տիգրան Եգորյանի խոսքով․ «Մեզանում արդյունավետ գործել է 95թ․-ից ներդրված կիսանախագահական համակարգը։ Այն ճգնաժամերը, որոնք տեղի ունեցան եւ որոնց արդյունքում կիսանախագահական համակարգը 2005թ․-ին վերածվեց նախագահականի, դա զուտ քաղաքական ճգնաժամի հաղթահարման ուժային միջոց էր։ Մինչեւ այդ քաղաքական ճգնաժամն ուժով հաղթահարվել էր, հետո ուղղակի սահմանադրական փոփոխություններ եղան, որպեսզի այլեւս տեղի չունենա նման խնդիր։ Հստակ օրինակ է․ խոսքը 98-99թ․ ընտրությունների մասին է, որից հետո՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում 2003-04թ․ զարգացումները եղան, որոնք լուրջ խնդիր էին առաջացնում նախագահի եւ խորհրդարանի միջեւ հարաբերություններում։ Պարզ ասած՝ ինչ-որ չափով առավել սանձված էր նախագահի իշխանությունը։ Դա ոչ բավարար արդյունավետություն էր, բայց նախագահն ունենում էր խնդիրներ, որոնց «կարգավորումը» 99թ․-ին եղավ խորհրդարանական մեծամասնության եւ կառավարության ղեկավարի ֆիզիկական ոչնչացումը»։
Կարդացեք նաև
Իսկ 2015թ․-ի սահմանադրական փոփոխություններով, Տիգրան Եգորյանի բնորոշմամբ, ընդդիմությունը խորհրդարանում չունի էական կարողություններ՝ մասնակցելու քաղաքական գործընթացներին․ «Այսօր ընդդիմությանը տրված չէ ինքնուրույն ձեւավորել, օրինակ, քննիչ հանձնաժողով։ Սա ամենատարրական օրինակն է։ Մինչդեռ կան երկրներ, որտեղ խորհրդարանի ընդդիմությունն ունի առաջնորդ, որին տրված են ԱԺ նախագահին գրեթե հավասար լիազորություններ եւ հնարավորություններ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ