Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նրանք սարսափում էին լուսանկարչական սարքը ձեռքին որեւէ այցելուից, որովհետեւ թե՛ Կուրի աջ ափին եւ թե՛ ձախ ափին նստած էին ուրիշի տան մեջ. «Հայաստանի Հանրապետություն»

Հուլիս 30,2022 11:05

«Դեռեւս այն ժամանակ՝ խորհրդային տարիներին, եթե զենք հայտնաբերեին մեզ մոտ, երեւի այդքան չսարսափեին, որքան որ լուսանկարչական սարք տեսնելիս: Իսկապես. երբ ասում են՝ գող՝ սիրտը դող, սա հենց ադրբեջանցի թուրքերի համար են ասել: Նրանք սարսափում էին լուսանկարչական սարքը ձեռքին որեւէ այցելուից, որովհետեւ թե Կուրի աջ ափին եւ թե ձախ ափին նստած էին ուրիշի տան մեջ եւ իրենց պաշտպանական բնազդով ուղղակի փորձում էին արգելել բոլոր նրանց գործը, ովքեր որեւէ պատմական հուշարձան էին ուզում տեսնել կամ լուսանկարել: Դա թուրքի համար ահուսարսափ էր…»:

Սամվել ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հուշարձանագետ

Նա չհասցրեց նշել իր 60-ամյա հոբելյանը, չհասցրեց լրումին բերել հայրենանվիրումի իր բոլոր նախաձեռնություններն ու նպատակները: Անհանգիստ, ձանձրույթ ու հոգնություն չճանաչող այս մեծ հայորդին, սկսած հետդպրոցական տարիներից, խիզախորեն գիտակցական իր ողջ կյանքը նվիրաբերեց հայ հուշարձանագիտությանն ու հայկական հետքի բացահայտումներին: Եվ հասցրեց անել այն, ինչ զորու կլիներ անել, թերեւս, գիտահետազոտական մի ամբողջ արշավախումբ կամ ինստիտուտ:

Հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, քարտեզագիր, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հայաստանյան գրասենյակի երբեմնի նախագահ Սամվել Կարապետյանը տարբեր երկրներում մանրամասն ուսումնասիրել, չափագրել, լուսանկարել է հայկական հազարավոր հուշարձաններ, հայտնաբերել հայկական կորսված-մոռացված հետքեր:

Հեղինակել եւ համահեղինակել է հայկական հուշարձանների, հայկական ճարտարապետության եւ հայոց պատմությանն առնչվող տասնյակ գրքեր, գիտական հարյուրավոր հոդվածներ, բազմաթիվ քարտեզագրքեր: Նա հայտնի էր նաեւ որպես Թուրքիայում, Ադրբեջանում, Վրաստանում հայկական հուշարձանների, հայկական հետքերի ոչնչացման քաղաքականության դեմ մարտնչող ասպետ: Իր վավերագրած փաստերը 2007 թվականին նա է ներկայացրել ԱՄՆ կոնգրեսին, մեկ տարի հետո՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին: Ներկայացրել է, բայց ինչ՝ եկվոր նախամարդու բարբարոսություններն այսօր էլ են շարունակվում…

Ի դեպ, հարկ է նշել, որ անձնվեր այս հայորդին իր հայագիտական գործունեության համար անցանկալի անձ էր հայտարարված Վրաստանում, եւ արգելված էր նրա մուտքը բարեկամական այս երկիր: Արմատներով Տուրուբերան աշխարհի Արճեշ գավառի Բերդաղ գյուղից սերած Բաղդասարի գերդաստանի արժանավոր ժառանգորդը, սկսած 1978 թվականից, բնությունն ուսումնասիրելու նպատակով լուսանկարել, չափագրել եւ նկարագրել է հայկական հուշարձաններն ամբողջ պատմական Հայաստանի տարածքում: Այնուհետեւ երեք տասնամյակի ընթացքում հետազոտել եւ ցուցակագրել է հայոց խլված հայրենիքի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ: Նա է բազմաթիվ գյուղերի, գյուղատեղիների, հանդամասերի առաջին հետազոտողը, հարյուրավոր հուշարձանների առաջին լուսանկարիչը, չափագրողը, հայտնաբերողն ու տեղորոշողը, հազարավոր վիմագրերի առաջին ընթերցողն ու հրատարակիչը:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031