Նախկինում ադրբեջանական զինուժը հրադադարը խախտում էր կա՛մ ՀՀ սահմանին, կա՛մ Արցախի շփման գծում, իսկ հուլիսի 28-ին առաջին անգամ դա արեց միաժամանակ երկու ուղղությամբ էլ: Հայտնի փաստ է, որ պաշտոնական Բաքուն նման սադրանքներով է պատասխանում Արցախի հիմնահարցի շուրջ իրեն ոչ ձեռնտու քաղաքական զարգացումների դեպքում կամ տարածաշրջանային խնդրով կարեւորագույն հանդիպումների նախօրեին՝ հիշեցնելով իր մասին:
Հուլիսի 28-ին կրակելու համար Ադրբեջանը երկու առիթն էլ ուներ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետի հետ, որին հաջորդել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հերթական հայտարարությունն այն մասին, որ իր երկիրը պատրաստ է Մինսկի խումբն օգտագործել որպես հարթակ, եւ որ իր այդ առաջարկը մնում է բաց: Դեսպանի հայտարարությունը, դիվանագիտական լեզվի առումով, կոշտ պատասխան էր Ադրբեջանի առաջնորդին, որը չի դադարում կրկնել, որ Մինսկի խումբն անելիք չունի, քանի որ Արցախի հարցը «լուծված» է:
Իր շահերին հակասող նման հայտարարություններին Ադրբեջանը սովորության համաձայն արձագանքում է կրակոցներով, ինչն էլ իրեն սպասեցնել չտվեց՝ այս դեպքում արդեն գերտերություններին սպառնալով տարածաշրջանի ապակայունացմամբ, որը ձեռնտու չէ Ուկրաինայի ճգնաժամի վրա ուշադրությունը սեւեռած ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին, առավել եւս՝ ՌԴ-ին, որի խաղաղապահներն են կանգնած Արցախում: Սահմանային հրադադարի ռեժիմների խախտումների երկրորդ գործոնը՝ Արցախի խնդիրը շոշափող հանդիպումը, նույնպես առկա է:
Օգոստոսի 5-ին Վլադիմիր Պուտինը եւ էրդողանը հանդիպելու են Սոչիում: Եթե արձանագրենք, որ այդ հանդիպումը կայանում է Թեհրանի հանդիպումից բառացիորեն մի քանի օր անց, ապա միանշանակ կարելի է պնդել, որ բանակցությունների օրակարգային հիմնական հարցերից մեկն Արցախում առկա իրավիճակն է լինելու, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունները: Բաքուն ինքնագլուխ չէր կրակի Արցախում ռուս խաղաղապահների ուղղությամբ, պարզ է, որ նրան դրդել է իր «ավագ եղբայրը»՝ Թուրքիան, ինչը փաստում է, որ Սոչիում առանցքային հարցեր են քննարկվելու: Հրադադարի այս աննախադեպ խախտման փաստն ունի նաեւ մեկ այլ՝ երրորդ պատճառը եւ ուղերձը: Թուրքիայի պատվերով ադրբեջանական զինուժի կրակոցները Սիրիայից եւ Իրաքից Անկարայի ձայնի հնչեցումն է:
Կարդացեք նաև
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում