Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը նույնիսկ ավելի շատ զիջումների է գնում, քան հրադադարի նախատեսած ծանր պայմաններն են ենթադրում. «Ազգ»

Հուլիս 30,2022 10:30

Անհավատալիորեն լավ մեկնակետ էր։ Թուրքիան համաձայնել էր առանց նախապայմանների բանակցություններ վարել Հայաստանի հետ իր հարաբերությունները կարգավորելու, սահմանները բացելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցերի շուրջ։

Ի վերջո, Թուրքիան էր 1990-ականներին միակողմանիորեն փակել իր սահմանները եւ ոչ մի պատճառ չկար, որ նա վերանայեր իր որոշումը, դարձյալ միակողմանիորեն։ Անկարան ոչ մի տրամադրություն չուներ կարգավորելու համար իր հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ պատճառով էլ նա այդ հարաբերությունները պատանդ էր պահել, որպեսզի կարողանար Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել Ադրբեջանի օգտին։ Նույնիսկ այն բանից հետո, երբ Բաքուն հայտարարեց, որ «կարգավորել է» այդ հակամարտությունը ռազմական ագրեսիայի միջոցով, Թուրքիան ոչ մի քայլ չկատարեց, մինչեւ չստացավ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հորդորը։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարող թույլ տալ, որ է՛լ ավելի սրվեն հարաբերությունները Մ. Նահանգների հետ, քանի որ Վաշինգտոնի հետ Անկարայի հարաբերությունները արդեն լարված են Ռուսաստանից Թուրքիայի ձեռք բերած S-400 հրթիռների եւ ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ երկրի՝ Հունաստանի դեմ ակնկալվող պատերազմի սպառնալիքի պատճառներով։ Այդ պատճառով էլ, Վաշինգտոնին հաճոյանալու համար Էրդողանը համաձայնեց, չնայած դժկամորեն, բանակցել Հայաստանի հետ։ Նշանակվեցին ներկայացուցիչներ՝ Ռուբեն Ռուբինյանը Հայաստանի կողմից եւ Սերդար Քըլըչը՝ Թուրքիայի կողմից։ Նրանց չորս հանդիպումների ընթացքում արձանագրվեց նվազագույն արդյունք` կապված երրորդ երկրի քաղաքացիների համար սահմանների բացման եւ երկու երկրների (Հայաստան, Թուրքիա) միջեւ ապրանքների ավիափոխադրումների հետ։

Անհրաժեշտ է նշել, որ առաջին երեք հանդիպումներից հետո թողարկված լրատվություններում միշտ նշվում էր, որ բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների։ Չորրորդ հանդիպման ավարտին հրապարակված լրատվությունը, սակայն, զերծ էր մնում նման արտահայտությունից, ինչը նշանակում է, որ բանակցությունները արգելքի են հանդիպել։

Բանակցությունների ամբողջ ընթացքում թուրքական կողմը միշտ էլ հիշեցնում էր բոլորին, որ իր քաղաքականությունը համադրում էր Ադրբեջանի հետ, որն ինքնին նախապայման էր։ Հայկական կողմը ձեւացնում էր, որ չի տեսնում սենյակում ներկա 400 կգ կշռող թիկնապահ-Գորիլլային, մինչեւ որ Անկարան հրապարակայնորեն բացահայտեց այն, դրան ավելացնելով նաեւ համապատասխան մի սպառնալիք։

Այս շաբաթվա ընթացքում թուրքական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն ասաց. «Մենք դեռ չենք տեսնում Հայաստանի կողմից հստակ քայլեր Զանգեզուրի (միջանցքի), մյուս ծրագրերի եւ կամ խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Հայաստանի ղեկավարությունը, վարչապետ (Նիկոլ) Փաշինյանի գլխավորությամբ, պետք է դրական քայլեր կատարի խաղաղության հաստատման համար։ Միայն խոսքերը բավարար չեն»։ Ապա ավելացրեց. «Հայաստանը ուզում է, թե ոչ, սա է իրականությունը։ Մենք մեկ ազգ ենք եւ երկու պետություն։ Այդ պատճառով էլ եթե խաղաղություն է հաստատվելու տարածաշրջանում, ապա անհրաժեշտ է, որ որոշակի քայլեր կատարեն բոլորը, ներառյալ Վրաստանը եւ Կենտրոնական Ասիայի երկրները։ Մենք կոնկրետ քայլեր ենք ակնկալում Հայաստանից Զանգեզուրի, համապարփակ խաղաղության պայմանագրի, եւ կամ մեր նկատմամբ դիրքորոշման հարցերի վերաբերյալ»։

Այս վերջին նախադասությունը բացահայտեց բանակցություններում «Գորիլլայի» ներկայությունը։ Երկու պայման կա, որ իրականություն դառնալու դեպքում սպառնալու է Հայաստանի գոյությանը։ Մեկը Ադրբեջանի համապարփակ խաղաղության պայմանագիրն է, մյուսը` Զանգեզուրի միջանցքը։ Առաջինը նախատեսում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ներառյալ Ղարաբաղը որպես դրա մի մասնիկը։ Ոչ մի կողմ չի ընդունել սկզբունքը, որ Ղարաբաղը երբեք Ադրբեջանի մաս չի կազմել։ Այն միշտ էլ ունեցել է հատուկ կարգավիճակ, ինքնուրույն օրենսդրություն որպես «ինքնավար օբլաստ»։ Ադրբեջանն այժմ փորձում է քանդել այս օրինական կառույցը Հայաստանի բարեկամներ Ռուսաստանի եւ Իրանի դավադիր հավանությամբ։

Չավուշօղլուի խոսքերին ավելացավ Ալիեւի սպառնալիքն այն մասին, որ եթե Հայաստանը չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա Ադրբեջանն էլ, իր հերթին, չի ճանաչի Հայաստսանի տարածքային ամբողջականությունը։ Նման տրամաբանությամբ Հայաստանի տարածքը Բաքվի համար խոցելի է դառնում, քանի որ խաղաղության պայմանագրի չգոյության պայմաններում Ադրբեջանը որեւէ ժամանակ կարող է հարձակվել Հայաստանի վրա եւ անեքսիայի ենթարկել։

Մյուս սպառնալիքը Զանգեզուրի միջանցքի ինքնիշխանությանը նետված պահանջն է, որ Հայաստանը երկու մասի է բաժանում եւ ուրանի, պղնձի ու մոլիբդենի հանքանյութերով հարուստ միակ շրջանը` Սյունիքը, արտաքին սպառնալիքների տակ է դնում։

Նույնիսկ Վրաստանի բարյացկամ կազմակերպությամբ հուլիսի 16-ին Թբիլիսիում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի լայնորեն լուսաբանված հանպատրաստից հանդիպումը ցանկալի արդյունքը չտվեց։ Բայց Ադրբեջանին հնարավորություն տվեց Հայաստանից պահանջել, որ դուրս բերի հայկական զորքերը Ղարաբաղից, ինչին ընդառաջ գնաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հայաստանն իր զորքերը դուրս կբերի Ղարաբաղից սեպտեմբերին։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը նախատեսում էր, որ զորքերը մնան իրենց ներկա դիրքերում մինչեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ստացվում է այնպես, որ Հայաստանը նույնիսկ ավելի շատ զիջումների է գնում, քան հրադադարի նախատեսած ծանր պայմանները։

Այս բոլոր պահանջները վառ ապացույցն են այն բանի, որ Հայաստանի հետ բանակցողները բոլորովին էլ մտադիր չեն խաղաղություն հաստատելուն։ Սա մարտահրավեր է նետված ոչ միայն Հայաստանին, այլեւ համաշխարհային հանրությանը եւ մասնավորապես այն կողմերին, որոնք շահագրգռված են բանակցությունների հաջող ելքով եւ որոնք հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումները։ Առաջին հերթին դա մարտահրավեր է` նետված նախագահ Բայդենին, որ այս ամբողջ գործընթացի նախաձեռնողն էր եւ պատասխանատվություն է կրում դրա արձանագրած արդյունքի համար։

Երկրորդ, դա մարտահրավեր է նետված Ռուսաստանին, որի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր Հայաստան կատարած վերջին այցելության ժամանակ վստահեցրեց, որ բացվող բոլոր ճանապարհներն ու հաղորդակցական ուղիները լինելու են համապատասխան երկրների կառավարությունների վերահսկողության ներքո։ «Այս հարցում երկիմաստություն չի կարող լինել», շեշտեց նա։ Սա նշանակում էր, որ Կրեմլը Զանգեզուրի հարցում պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Հուլիսի 18-ին Թեհրանում կայացած Պուտին-Ռաիսի-Էրդողան եռակողմ գագաթաժողովի ընթացքում Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարեց, որ «իսլամական հանրապետությունը չի հանդուրժելու այնպիսի քաղաքականություն կամ ծրագիր, որն ուղղված կլինի փակելու Հայաստան-Իրան սահմանը, որովհետեւ այդ սահմանն ունի հազարավոր տարիների պատմություն»։

Հայաստանաբնակ որոշ վերլուծաբաններ Իրանի այս դիրքորոշումը որակեցին պաշտպանություն Հայաստանին, մինչդեռ այն իր մեջ պարունակում է որոշակի շահադիտական տարրեր։ Լավագույն առումով, այն իր մեջ շահերի համադրման հազվադեպ երեւույթ է նախանշում։ Երբ Հայաստանը, նախքան Ադրբեջանի նվաճումը, վերահսկում էր Հայաստան-Իրան սահմանի մեծ մասը, Իրանը շատ ավելի անվտանգ էր զգում իրեն։ Այժմ երբ Իրանը ավելի երկար սահման ունի Ադրբեջանի հետ, առավել խոցելի է դարձել ազգագրական ճեղքումի միջոցով Իրանը մասնատելու Թուրքիայի ծրագրերի համար։ Իրանը նաեւ թիրախ է դարձել Իսրայելի հետախուզական ծառայությունների համար, որոնք հնարավորություն ունեն այժմ ծավալելու ռազմական գործողություններ Ադրբեջանի ավելացած տարածքներից։

Միայն Հայաստանը չէ, որ դիմակայում է Թուրքիայի սպառնալիքներին։ Այդ երկրի մահամերձ տնտեսությունը չի կարող այսուհետ կանգուն պահել Էրդողանի մաքսիմալիստական ռազմական փառամոլությունները։ Նրա ժողովրդականությունը կրիտիկականորեն ցածր է ներկայիս եւ վտանգում է 2023-ին վերընտրվելու նրա հեռանկարները։ Այդ պատճառով է, որ նա աշխարհին ցույց է տալիս իր խիզախ դեմքը, մինչդեռ երկրի ներսում փողի արժեզրկումը խիստ դժվարացնում է բնակչության մեծամասնության տարրական գոյատեւումը։

 

Երվանդ ԱԶԱՏՅԱՆ

Անգլ. բնագրից թարգմանեց Հակոբ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031