ԱՀ խորհրդարանի իշխող ուժի ներկայացուցիչ Արթուր Հարությունյանն, ի տարբերություն ընդդիմադիր «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության անդամ Արթուր Մոսիյանի, կարծում է, որ այդ հանդիպումից հետո նոր անակնկալների ականատեսը չենք լինի:
«Ալիեւ-Փաշինյան հանդիպումից, անկեղծ ասած, ոչ մի լավ բան չեմ սպասում: Կարծում եմ, այդ հանդիպման օրակարգը բանավոր ընկալումների եւ պայմանավորվածությունների ամրագրումն է լինելու, ուրիշ ոչ մի բան»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի պատգամավոր, «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության անդամ Արթուր Մոսիյանը՝ պատասխանելով օգոստոս ամսին կայանալիք Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպմանը վերաբերող հարցին: Դիտարկմանը՝ խոսքը նախկի՞ն պայմանավորվածությունների մասին է, թե՞ հնարավոր է նոր պայմանավորվածություններ էլ ի հայտ գան, մեր զրուցակիցը պատասխանեց. «Բայց մենք չգիտենք, թե նախկինում ի՞նչ ծավալի բան են պայմանավորվել, սա՝ մեկ: Երկրորդ, չի բացառվում, որ նոր պայմանավորվածություններ էլ լինեն. համենայնդեպս, ծնկաչոք վիճակում բանակցություններ վարողից ես ոչ մի լավ բան չեմ սպասում: Ամեն հանդիպումից ես սպասում եմ հերթական նահանջ, հերթական պարտություն, հերթական կորուստներ»:
Մեր զրուցակիցը չի բացառում, որ այդ հանդիպման ժամանակ, այսպես կոչված, «խաղաղության օրակարգի» շուրջ գործնական քայլեր լինեն արդեն. «Բայց այդ խաղաղության օրակարգը մենք երկու տարի է՝ չենք տեսնում. սահմանին նորանոր զոհեր, նորանոր կորուստներ, թե ո՞ւմ հետ է խաղաղության պայմանագիր կնքում, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը՝ միայն ինքը (նկատի ունի՝ Նիկոլ Փաշինյանը-Ն. Գ.) գիտե: Վերջերս, ինքն էլ ասաց՝ հնարավոր է, որ խաղաղության պայմանագիրը չլինի, բայց, համենայնդեպս, մենք ձգտում ենք: Սա է»:
Նկատեցինք՝ այդ, մեզ համար շատ կարեւոր, հանդիպումից առաջ, մի տեսակ տարօրինակ լռություն է քաղաքական դաշտում, նաեւ ընդդիմադիր ուժերը, մի տեսակ արձակուրդային ռեժիմում են: «Ոչ թե արձակուրդային, այլ որեւէ մեկը պարզապես չգիտե, թե ինքն (նկատի ունի՝ Նիկոլ Փաշինյանը-Ն. Գ.) ի՞նչ պայմանավորվածությունների եւ զիջումների ծավալ է նախատեսել, պայմանավորվել: Ինֆորմացիայի պակաս կա: Հավանաբար, դա էլ է պատճառ»,- պատասխանեց Արթուր Մոսիյանը՝ որոշակիորեն համաձայնելով այն դիտարկմանը, որ ստացվում է, նորից ստիպված ենք լինելու կռիվ տալ կատարված փաստերի հետ. «Ստացվում է՝ այո: Նիկոլին իշխանության թողնելով՝ հայ ժողովուրդը պետք է միշտ պատրաստ լինի նորանոր զիջումների, նորանոր պարտությունների, որովհետեւ այս իշխանության դեմքը դա է»:
Կարդացեք նաև
Ադրբեջանը ԵՄ-ի հետ էներգետիկ համագործակցության համաձայնագիր կնքեց: Հուլիսի 7-ին Հայաստանում էր Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, հուլիսի 15-ին Հայաստանում էր ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավար Ուիլյամ Բըրնսը, հուլիսի 18-ին՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ Վրաստանում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, դրան թե Ադրբեջանում, թե Հայաստանում ուշագրավ հայտարարություններ հաջորդեցին, իսկ առաջիկայում՝ օգոստոս ամսին, նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը:
Այս ամենի ֆոնին, Արցախի խորհրդարանի իշխող՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը ենթադրում է, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպման օրակարգը կարող է լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համատեքստում: Համենայնդեպս, մինչեւ երկու երկրների ղեկավարների հանդիպումը, մի քանի այլ հանդիպումներ են նախատեսված նաեւ փոխվարչապետների մակարդակում, որից հետո, մեր զրուցակիցը կարծում է, առավել հստակ կարելի է խոսել Ալիեւ-Փաշինյան հանդիպումից սպասելիքների մասին: Ամեն դեպքում, մեր զրուցակիցը շատ կարեւոր է համարում, որ հստակ հնչի Արցախի կարգավիճակի մասին պահանջ, քանի որ կոմունիկացիաների ապաշրջափակման, սահմանազատման-սահմանագծման գործընթացները, իր համոզմամբ, ուղղակի կապ ունեն խաղաղության պայմանագրի հետ:
Իրանում անցած շաբաթ կայացած Թուրքիայի, ՌԴ եւ Իրանի ղեկավարների հանդիպման ժամանակ ուշագրավ էր Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեի՝ հայ-իրանական սահմանի մասին արձանագրումը, որը հնչեցվեց թե Թուրքիայի նախագահի, թե Հայաստանի ռազմավարական դաշնակից ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ, ապա այն տեղադրվեց նաեւ Իրանի հոգեւոր առաջնորդի թվիթերյան միկրոբլոգում՝ ԻԻՀ-ն երբեք չի հանդուրժի այն քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք հանգեցնում են Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանի փակմանը: Արթուր Հարությունյանը գտնում է, որ այդ հայտարարությունը շատ կարեւոր էր՝ տարածաշրջանում կայունության ապահովման տեսանկյունից: Արձանագրում է՝ Իրանի դիրքորոշումը համընկնում է Հայաստանի եւ Արցախի շահերի հետ, ուստի, այս ուղղությամբ հայկական պետությունները դիվանագիտական խողովակներով կարեւոր անելիքներ ունեն: Նաեւ կարծում է, որ աշխատանքներ արդեն իսկ կատարվում են: Թե ի՞նչ աշխատանքների մասին է խոսքը՝ հստակ չգիտե, միայն, երկրորդելով Նիկոլ Փաշինյանին, հավաստիացնում է, որ Արցախին վերաբերող բոլոր հարցերը համաձայնեցվում են Արցախի իշխանությունների հետ, դիրքորոշումները հստակեցվում եւ հաշվի են առնվում: Ամեն դեպքում, կրկնում է՝ Արցախի իշխանությունների, քաղաքական ուժերի դիրքորոշումը չի փոխվել եւ այս տարվա ապրիլի 14-ին, խորհրդարանական ուժերի համատեղ հայտարարությունը, որ Արցախի ապագան, Արցախի հարցի լուծումը պետք է լինի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա, մնում է ուժի մեջ: Երեւանն արդեն հայտարարել է Արցախի հարցում նշաձողն իջեցնելու մասին, ինչին էլ հաջորդեց ԱՀ խորհրդարանական խմբակցությունների հայտարարությունը: «Մենք մեր վերջնական դիրքորոշումը հայտնել ենք, Արցախի հարցի վերջնական լուծումը մենք այդ հարթության մեջ ենք տեսնում: Չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում եւ Արցախը մնա հայկական: Դա բոլորս ենք հասկանում: Եվ այն խոստումները, որ չեն լինելու էթնիկ զտումներ եւ այլն, նույնպես հասկանում ենք, որ զուտ հայտարարություններ են»,- հավելեց Արթուր Հարությունյանը:
Մեր զրուցակիցը գտնում է նաեւ, որ հայկական կողմերը պետք է անեն ամեն հնարավորը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում աշխատանքը վերականգնելու համար, քանի որ Արցախի հարցի կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ հարթակը դա է: Դիտարկմանը, որ ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման մասին ոչ միայն Ադրբեջանն է խոսում, այլ նաեւ ՌԴ-ն, համենայնդեպս ԱԳ նախարար Լավրովը վերջերս նման հայտարարություն արեց, ԱՀ խորհրդարանի պատգամավորը հակադարձեց՝ նկատելով, որ ուկրաինական զարգացումների եւ Արեւմուտք-ՌԴ հարաբերությունների լարվածության ֆոնին հնարավոր է նման հայտարարություններ լինեն, բայց Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ 30 կետանոց հայտարարության կետերից մեկն էլ այն է, որ Արցախի հիմնահարցի կարգավորման համար պետք է ԵԱՀԿ ՄԽ ներուժն օգտագործել: «Մենք տեսնում ենք ԵՄ -ի հարթակը, որտեղ փորձում են հարցի կարգավորման որոշակի ուղղություններ փնտրել, բայց մենք նաեւ հասկանում ենք, որ ԵՄ-ի շահագրգռվածությունը՝ հարցի կարգավորման մեջ, նաեւ այսօրվա ստեղծված իրավիճակն է՝ էներգառեսուրսների եւ մնացյալ բոլոր տնտեսական այլ հարցերի հետ կապված: Դրա համար, կարծում եմ, այն ձեւաչափը, որ միջազգայնորեն ճանաչվածն է, պետք է ջանք գործադրենք՝ այդ ձեւաչափում հարցի վերջնական լուծումը տալ»,- ասաց Արթուր Հարությունյանը:
Տարակուսանքին՝ հնարավո՞ր է Ալիեւ-Փաշինյան հանդիպումից հետո բախվենք նոր իրողության, երբ պարզվի կրկին գաղտնի եւ բանավոր պայմանավորվածությունների հետ գործ ունենք, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կարծում եմ, չպիտի լինի նման բան»: Ամեն դեպքում, պնդեց՝ Արցախին վերաբերող բոլոր հարցերն ԱՀ իշխանությունների հետ համաձայնեցվում են:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.07.2022