Լրահոս
Օրվա լրահոսը

YerazArt ամառային դպրոցը փոքր նախագիծ է` մեծ երազներով

Հուլիս 30,2022 13:30

Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում գալա համերգով ավարտվեց YerazArt ամառային երաժշտական դպրոցի 7-րդ շրջանը։ Եվրոպայում, Մեծ Բրիտանիայում եւ այլուր շատ վաղուց գործում են տարբեր մասնագիտական ուղղվածություն ունեցող ամառային դպրոցներ, այդ թվում՝ երաժշտական։ Ամռան ամիսներին «դրսում» կազմակերպվում են երաժշտական ճամբարներ, որտեղ երաժշտական կոլեկտիվները (տարբեր կազմերի նվագախմբեր ու երգչախմբեր) իրենց հանգիստը զուգահեռում են ստեղծագործական աշխատանքի հետ։ Ընդ որում, նման նախագծերը իրականացվում են եւ պետական հոգածությամբ, եւ բարեգործների շնորհիվ։


YerazArt ամառային երաժշտական դպրոցի նպատակը ի սկզբանե եղել է աջակցել Հայաստանի տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին, օժանդակել նրանց մասնագիտական զարգացմանը, տրամադրել երաժշտական գործիքներ, կարճ ասած՝ կրթել գալիք սերնդին՝ լավագույն մասնագետ երաժիշտների փորձն ու հմտությունը փոխանցելով նրանց։ Այդ դպրոցի ծրագրերին ժամանակին մասնակից են եղել արդեն ճանաչված անուններ՝ Մենուհինի անվան միջազգային մրցույթի հաղթող (2018թ.), ջութակահար Լիանա Ադամյանը, շեփորահար Դանիել Մելքոնյանը, դաշնակահար Եվա Գեւորգյանը, գալարափողահար Արթուր Թադեւոսովը եւ այլն, որոնց բարձրարվեստ կատարումները ծանոթ են ոչ միայն մեզ, այլեւ արտասահմանցի հանդիսատեսին եւս։

Իսկ վարպետության դասընթացներ են վարել YerazArt-ի նախկին սաներ՝ դաշնակահար Նառա Ավետիսյանը, բելգիաբնակ ջութակահար Հրայր Կարապետյանը, ամերիկաբնակ թավջութակահար Վարդան Գասպարյանը եւ այլք։ Այս տարի դպրոցը նախատեսված էր պղնձյա-փողային գործիքների եւ կոնտրաբասի համար, դասերն էլ վարում էին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջատար երաժիշտներ Ուիլյամ Կաստալդին (շեփոր, Իտալիա), Մատիաս Վարելան (տրոմբոն, Նիդեռլանդներ), Վլադիմիր Մեզենցեւը (գալարափող, ՌԴ), Հարություն Շախկյանը (հոբոյ), Աշոտ Գալստյանը (հոբոյ), Անդրանիկ Քոչարը (ֆագոտ), Կարեն Խաչատրյանը (կոնտրաբաս)։ Դասընթացներին մասնակցեցին Երեւանի Սպենդիարյանի, Չայկովսկու, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցների սաները, ինչպես նաեւ ուսանողներ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից եւ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջից։

«Առավոտի» հետ զրույցում YerazArt ամառային դպրոցի ղեկավար, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը նշեց, որ կոնտրաբասահարները այս տարի առաջին անգամ են մասնակցել դպրոցի պարապմունքներին, ընդ որում, երեք մասնակից՝ երաժշտական քոլեջից ու կոնսերվատորիայից, եւ որքան էլ զարմանալի է՝ երեքն էլ իգական սեռի։ Հիշեցրեց նաեւ, որ իրենց սաները պարապում են դպրոցի տրամադրած գործիքներով, ժամանակ առ ժամանակ էլ մասնակցում են ֆիլհարմոնիկի փորձերին ու համերգներին՝ իրենց ուսուցիչների կողքին։

Արման Պադարյանից հետաքրքրվեցինք, թե արդեն ավանդաբար անցկացվող ամառային երաժշտական դպրոցը ի՞նչ միջոցներով է անցկացվում։ Մեր զրուցակիցն ընդամենը նշեց հոգաբարձուներից երկու նախագահների անունները` ամերիկահայեր՝ բարերար եւ գիտնական Նուբար Աֆեյան, բարերար ու բիզնեսմեն Րաֆֆի Ֆեստեգջյան։

Ցանկալի է, նույնիսկ անհրաժեշտ, որ YrazArt ամառային երաժշտական դպրոցը, որը շատերն անվանում են ակադեմիա, ունենա նաեւ հայաստանցի՛ աջակից, չէ՞ որ դպրոցը ծառայում է մեր տաղանդավոր երեխաներին, որոնք մեր երկրի անունն են հնչեցնում միջազգային հարթակներում։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031