Լրահոս
Օրվա լրահոսը

«Նկարիչը պետք է հանրայնացնի ստեղծած արժեքները ու հաճախ բաժանվի իր գործերից»

Հուլիս 30,2022 12:30

Հարցազրույց նկարչուհի Ալ Անանյանի հետ

– Խնդրում եմ ներկայացնեք ձեզ, այն միջավայրը, որտեղ ձեւավորվել եք որպես անհատ եւ պատմեք, թե երբ եք առաջին անգամ վրձին վերցրել:

– Ծնվել եմ Նոյեմբերյան քաղաքում, խոհարարի ընտանիքում: Ապրել եմ եւ շարունակում եմ ապրել համեստ միջավայրում: Հաճախել եմ Նոյեմբերյանի թիվ 1 դպրոցը, ավարտել եմ Բաղանիսի միջնակարգ դպրոցը: Հաճախել եմ նաեւ Նոյեմբերյանի մանկական երաժշտական դպրոցը՝ դաշնամուրային բաժինը: Իսկ նկարել սկսել եմ 14 տարեկանից:

Երբ ավարտեցի 8-րդ դասարանը, որոշեցի դառնալ դաշնակահար։ Ես ու մայրս գնում էինք, որպեսզի գործերս հանձնենք Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, թե ինչպես ստացվեց՝ ավտոբուսով հասանք Թերլեմեզյանի անվան քոլեջի կանգառ։ Եվ քանի որ Թերլեմեզյանում սովորելը եղել է մորս երազանքը, որոշեցինք դիմել Թերլեմեզյան։ Եկավ քննության օրը, եւ քանի որ իմ` Թերլեմեզյանում հայտնվելը եղել է պատահականության արդյունք, որպես ապագա նկարիչ չունեի համապատասխան մատիտներ: Աչքաչափով նկարեցի այն, ինչ հանձնարարված է, դա էլ քիչ չէ, որոշեցի բոլորից տարբերվել, ու լույսն ու ստվերը հակառակ կողմից նկարեցի: Քննող հանձնաժողովը գնահատեց 5 միավոր, ու բնականաբար չնդունվեցի Թերլեմեզյան: Բայց որոշեցի չնահանջել, ու այդ օրվանից սկսվեց իմ պայքարը արվեստում: Հաջորդ տարի մասնագետի հետ պարապելուց հետո, արդեն լուրջ պատրաստված նորից դիմեցի Թերլեմեզյան: Եվ քանի որ արդեն գիտեի ինչպես աշխատել մատիտներով, ամենակարեւորը՝ տարբերում էի լույսն ու ստվերը, հանձնաժողովը որոշեց՝ Ալ Անանյանին թույլատրել սովորել Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի դիզայնի բաժնում…

– Ինչը ձեզ կարող է ստեղծագործելիս ոգեշնչել:

– Մեր աստվածային բնությունը եւ բնության տարբեր երեւույթները:

– Գույներ, որ հենց ձեզ են բնորոշ:

– Չեմ կարող առանձնացնել որեւէ գույն, քանի որ գույների ընտրությունը կախված է ստեղծագործողի տրամադրությունից:


– Հնարավո՞ր է առաջիկայում նոր ցուցահանդես ունենաք:

– Իհարկե, հնարավոր է, բայց առայժմ չեմ ուզում մանրամասնել:

– Ձեզ հաջողակ մարդ համարո՞ւմ եք:

– Իհարկե, համարում եմ: Մենք պետք է գնահատենք այն, ինչ Աստված տվել է եւ շարունակում է տալ …


– Կա՞ մի նպատակ, ցանկություն կամ երազանք, որ դեռ չեք իրականացրել:

– Նպատակները բազմազան են: Հենց ծնվում է ցանկությունը, դառնում է երազանք ու հենց այդ երազանքը պետք է դարձնել նպատակ: Ու հենց իրականանում է մի նպատակը, ծնվում է հաջորդ ցանկությունը:

– Հե՞շտ եք բաժանվում ձեր աշխատանքներից, երբ վաճառում կամ նվիրում եք:

– Իհարկե, շատ դժվար է, քանի որ ամեն նկարի մեջ քեզանից ինչ-որ մասնիկ ես դնում: Մյուս կողմից, նկարիչը պետք է հանրայնացնի ստեղծած արժեքները ու պետք է հաճախ բաժանվի իր ստեղծագործություններից: Բայց քանի որ նկարիչը նույնպես մարդ է եւ պիտի գոյատեւի, հանրայնացումը պետք է լինի ավելի շատ վաճառքի, քան նվերի տեսքով: Ի դեպ, ես հաճախ եմ նկարներ նվիրում հատկապես այն մարդկանց, որոնք ինձանից չեն ուզում, բայց շատ կուզենային ունենալ:


Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարները տրամադրել է Ալ Անանյանը:

«Առավոտ» օրաթերթ
29.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031