Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ էլ երազել դերասան դառնալու մասին»

Հուլիս 30,2022 12:00

Ասում է Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Արթուր Գաբրիելյանը

Կապանի թատրոնը Արեւելյան Հայաստանի աշխարհագրական տարածքում ստեղծված ամենահին թատրոնն է: Նրա դերը մեծ է Հայաստանում թատերարվեստի հանրահռչակման գործում եւ ազդակ է եղել մյուս մարզային թատրոնների ստեղծման համար: Ստեղծման օրվանից թատրոնում իրենց ստեղծագործական ճանապարհն են ուրվագծում շնորհալի դերասաններ:

Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասան Արթուր Գաբրիելյանի եւ թատրոնի հետ առաջին ծանոթությունը շատ վաղ մանկությունում եղավ՝ որպես հանդիսատես։ Երբեք էլ չի մտածել, որ կարող է մուտք գործել այդ աշխարհ, որովհետեւ թատրոնը միշտ աննյութեղեն մի վայր է թվացել, իսկ ինքը` օտար մեկը, որ չէր կարող կանգնել բեմում։

«Անգամ չեմ էլ երազել դերասան դառնալու մասին, ամեն ինչ ստացվեց ինքնաբերաբար, ստացվեց իմ կրթօջախում` Երեւանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցում։ Դպրոցում բացվեց թատրոն-ստուդիա, ներկայացումներ էին խաղում։ Հիշում եմ` տոմսը 200, թե 500 դրամ էր. տոմս էի գնում եւ ոգեւորված նայում աշակերտների բոլոր ներկայացումները։ Ոմանց խաղում շատ բան չէի հավանում, բայց նաեւ հրաշալի երեխաներ կային, ովքեր իզուր չբռնեցին թատրոնի ճամփան։ Եվ մի օր թատրոն ստուդիայի ղեկավար Օֆելյա Հովհաննիսյանն ինձ դեր առաջարկեց` Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» ներկայացումում։ Բարձրացա աշակերտական բեմ ու այլեւս չիջա բեմից. հետո արդեն ինստիտուտ, պրոֆեսիոնալ բեմ ու թատրոնի կախարդիչ աշխարհ, որն ինձ համար միշտ վերերկրային է թվացել։ Հիմա ես եմ այդ աննյութեղեն աշխարհում, հավետ կապված նրա ճիրաններում»,-պատմում է Արթուրը:

Արդեն 14 տարի բեմում է: Հասցրել է ճանաչել թատրոնն ու արդեն թատրոնին մոտենալ նաեւ որպես գիտության։ Այս տարիներին մոտ 27 դեր է խաղացել` սկսած դասական ներկայացումներից` Շիրվանզադեից մինչեւ մանկական ու կենցաղային կոմեդիաներ։ Մեկ կերպար է առանձնացնում իր բոլոր դերակատարումներից, որն էլ թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Իշխան Ղարիբյանի բեմադրած Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» ներկայացման մեջ Արթուրի մարմնավորած գերմանացի նացիստ սպայի՝ Կուրտ Կաուբախի կերպարն է: Իրականում սա Արթուրի ամենափոքր դերն էր:

Ցավով է նշում, որ Երեւանը հեռու է Կապանից, իսկ թատերական առանցքային զարգացումները հենց մայրաքաղաքում են տեղի ունենում եւ ցանկությունը մեծ է՝ հետ չմնալ թատերական զարգացումներից եւ տարատեսակ ներկայացումներ նայել: «Կապան էլ են տարբեր թատրոններ իրենց լավագույն ներկայացումներով հյուրախաղերի գալիս։ Մարզային մյուս թատրոններ չեմ կարողանում գնալ, թեեւ շատ կցանկանայի դիտել Գյումրու եւ Վանաձորի թատրոնների ներկայացումները, որտեղ լավ ընկերներ ունեմ»,-նշում է մեր զրուցակիցը, հավելելով, որ առիթը բաց չի թողնում եւ հասցնում է ներկայացումներ դիտել նաեւ երկրից դուրս, երբ արձակուրդն է անցկացնում կամ փառատոների է լինում։

Արթուրի կարծիքով՝ այսօր կարծես թե չի գտնվել նոր թատրոնը եւ անվերջ պրպտումների մեջ է հայ թատերարվեստը: «Մենք դեռ չենք գտել թատրոնի 21-րդ դարի դրսեւորման ձեւերն ու նոր թատրոնի տիպը, մինչդեռ արդեն ուշացնում ենք, հանդիսատեսը չի սպասի, օրեցօր կկորցնենք հանդիսատեսին, եթե չկարողանանք գտնել նրան ավելի մոտենալու, նրան ավելի հետաքրքիր լինելու ձեւերը։ Շատերը սա հասկանում են հանդիսատեսի առջեւ թատրոնը էժանացնելը, կենցաղային էժանագին միջոցները իջնելը, թատրոնը իջեցնելը ցածր մակարդակի։ Այնինչ պետք է ռեֆորմներ գտնել նոր՝ 21-րդ դարի թատրոնը չաղավաղելով, այդ արվեստը պահելով, նրա բարձր գեղագիտությանը հավատարիմ մնալով, նրա առանցքում ընկած արժեքներն ամրապնդելով»,-ասում է մեր զրուցակիցը:

Կապանի թատրոնը թեեւ շատ հարուստ պատմություն ունի, բայց, ցավոք, որեւէ աշխատությամբ, անգամ փոքրիկ գրքույկով երբեք անդրադարձ չի եղել թե՛ թատրոնի անցյալին, թե՛ այնտեղ ստեղծագործած արտիստներին։ Արթուրը որոշեց լրացնել այդ բացը, պեղել ու գրի առնել այն ամենը, ինչը կհաջողվի։ Նա գրում է ներկայի մասին, այսօր եւ այժմ ստեղծագործող դերասանների։ Նրանց արտիստական դիմանկարը կազմում է, որ վաղը կամ մյուս օրը սերունդները կարդան եւ ծանոթ լինեն այն արտիստների նկարագրին, ովքեր ծառայել են Կապանի թատրոնում։

Արթուրը դասավանդում է Կապանի եւ Քաջարանի արվեստի դպրոցներում, ունի 80-ից ավելի աշակերտ։ Արդեն երեք սերունդ՝ գրեթե 25 երեխա, ավարտել են Կապանի արվեստի դպրոցի թատերարվեստի բաժինը եւ նրանցից երկուսը ԵԹԿՊԻ-ի ուսանող են, մեկը՝ Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի, մեկն էլ արդեն թատրոնի հիմնական կազմի դերասանուհի։ «Ամեն տարի տարբեր դասարաններ մասնակցում են հանրապետական ու միջազգային թատերական փառատոների, արժանանում մեդալների ու գավաթների։ Եթե կա մի բան, որով կարող եմ իրավամբ հպարտանալ՝ դա Արվեստի դպրոցի թատերարվեստի բաժինն է` որտեղից ծնվում են Սյունիքի ապագա արտիստն ու հանդիսատեսը։ Դա է պատճառը, որ ոչինչ չեմ խնայում այս գործում՝ հանուն վաղվա վառ գալիքի»,-հավելել է Արթուր Գաբրիելյանը:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031