Հայտարարություն
ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրինությունը իր բացասական վերաբերմունքն է հայտնում «Քոփփեռ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան 2-րդ փակուղի հասցեում նախատեսվող ձուլման տեղամասի կառուցման թույլտվություն ստանալու վերաբերյալ:
Ձուլման տեղամասում նախատեսվում է գունավոր մետաղների ջարդոններից պղնձի, ալյումինի ու դրանց համաձուլվածքների ձուլակոճղեր ու ձուլածոներ ստանալ: Շրջակա միջավայրի նախարարի հաստատած վտանգավոր թափոնների ցանկի համաձայն՝ չտեսակավորված պղնձի ջարդոնը պատկանում է վտանգավորության 3-րդ դասին:
Լուրջ վտանգի տակ է Երևան քաղաքի օդային ավազանը, որն առանց այն էլ, պաշտոնական տվյալների համաձայն, թույլատրելիից մի քանի անգամ ավելի աղտոտված է:
Ձուլարանի շահագործման հետևանքով մթնոլորտ կարտանետվեն կախված մասնիկներ, ածխածնի օքսիդ, ազոտի օքսիդներ, ալյումինի օքսիդ, պղնձի օքսիդ տարեկան ընդհանուր՝ 0,397 տ։ Արդյունքում մթնոլորտի աղտոտվածությունը Ավան համայնքում կբարձրանա, բայց արդեն ավելի վտանգավոր միացություններով։
Երևանի բուսաբանական այգին Երևան քաղաքի եզակի այն կանաչապատ հանրային տարածքներից է, որտեղ մարդիկ գալիս են մաքուր օդ շնչելու և իրենց հանգիստը կազմակերպելու համար։ Սակայն նախատեսվող ձուլարանը գտնվելու է Երևանի բուսաբանական այգուց ընդամենը 2 կմ հեռավորության վրա։ Ինչը նշանակում է, որ ձուլարանը իր բացասական ազդեցություն կունենա ոչ միայն Ավան համայնքի օդային ավազանի այլև այգու էկոհամակարգի վրա։