«Ազատություն» ռ/կ . Այսօր հեռախոսով զրուցել են Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Դա երկու գերտերությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների առաջին շփումն է փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի նախաձեռնած հարձակումից հետո:
Բլինքենը և Լավրովը քննարկել են երկու երկրներում մեղադրվող և դատապարտված քաղաքացիների փոխանակման հնարավորությունը:
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ, Բլինքենը Լավրովին կոչ է արել ընդունել գործարքը, որով զենքի մաքսանենգության համար ԱՄՆ-ում 25 տարվա ազատազրկման դատապարտրված ռուսաստանցի Վիկտոր Բուտին կփոխանակեն ամերիկացիներ բասկետբոլի օլիմպիական չեմպիոն Բրիթնի Գրայների և ծովային հետևակի նախկին զինծառայող Փոլ Ուիլանի հետ:
Կարդացեք նաև
Բլինքենը նշել է, որ քննարկվել է նաև Ուկրաինայից հացահատիկի փոխադրման թեման: Նրա խոսքով, «զրույցն ուղիղ էր և անկեղծ»:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, թե զրույցի ընթացքում Լավրովը պնդել է, որ «Ռուսաստանն Ուկրաինայում անվերապահորեն կատարելու է բոլոր խնդիրները»:
Նա պնդել է, թե Ուկրաինային զենքի ու զինամթերքի փոխադրումը «միայն երկարաձգում է Կիևի ռեժիմի հոգեվարքը և ավելացնում է զոհերի թիվը»: