Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորհրդարանով Փաշինյանի պաշտոնանկության գործընթացը կմեկնարկենք այն ժամանակ, երբ հաջողության հասնելու համար լինեն բավարար հիմքեր». Սաղաթելյան

Հուլիս 29,2022 22:02

«Դիմադրության» շարժման այսօրվա հանրահավաքում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր ելույթում անդրադարձավ   ընդդիմության խորհրդարան վերադառնալուն եւ մանդատներին։
«Ասում են, թե իբր սեպտեմբերին խորհրդարան ենք վերադառնալու ու իբր աշխատելու ենք այս իշխանությունների հետ։ Ընդ որում, դա անում են լկտիաբար, աղավաղելով իմ խոսքերը, թե ես նման բան եմ ասել։  Դա սուտ է եւ անբարո։

Մեկ անգամ եւս հատուկ չհասկացողների համար ասեմ՝ եթե  ընդդիմությունը գնա խորհրդարան, ապա գնալու է բացառապես իր այն օրակարգով, որը ձեւավորել է մեր ժողովուրդը՝ դուք այս հրապարակում։ Այդ օրակարգը հստակ է՝ Նիկոլի հեռացում, ՀՀ-ի եւ Արցախի դեմ ուղղված սպառնալիքների դեմ պայքար, ՀՀ-ի եւ Արցախի կենսական հարցերի  լուծման մեր նախաձեռնություն։ ԱԺ-ում մեծամասնություն կազմող խմբակը  մանդատներից զրկելու շանտաժով չի կարող մեզ ներքաշել իր հայրենադավ եւ ապազգային դավադրության մեջ։

ՔՊ-ական ուսապարկերն իրենց ծոծրակները կտեսնեն, բայց մեզ իրենց կեղծ օրակարգով միեւնույն նիստերի դահլիճում չեն տեսնի։ Հայ ժողովուրդը այլեւս չունի միասնական կամարտահայտման այլ հարթակ, քան այս փողոցն է ու այս հրապարակը, մյուս բոլոր ինստիտուցիոնալ հարթակները, որտեղ այլ պայմաններում հնարավոր կլիներ քննարկել հայ ժողովրդի շահերին առնչվող հարցեր, զավթված է թրքահպատակ դավաճանի կողմից։ Հետեւաբար, մեր փողոցային պայքարն այլընտրանք չունի»,-ասաց Սաղաթելյանը։

Նա ասաց, որ օրակարգ են մշակում, ընդլայնում շարժումը, որպեսզի հասկանան,  թե ինչպես պետք է հեռացնեն իշխանությանը, եւ համաժողովրդական անհնազանդությամբ պետք է հասնեն Փաշինյանի հեռացմանը՝ լինի հրաժարականի կամ պաշտոնանկության միջոցով․ «Պայքարը երկու ուղղություններով պետք է ընթանա զուգահեռ եւ լինի փոխլրացնող։ Եթե գնանք պաշտոնանկության, այսինքն՝ իմպիչմենտի ճանապարհով, դրա համար անհրաժեշտ է բավարարել օրենքով նախատեսված երկու պահանջները՝ պաշտոնանկության իրավական- քաղաքական հիմքեր եւ ժողովրդի կողմից առաջադրվի վարչապետի թեկնածու։ Նիկոլի հեռացման իրավական -քաղաքական պահանջներն ամբողջությամբ ձեւակերպված են եւ հստակ։ Ինչ վերաբերում է ժողովրդի կողմից միասնական թեկնածու առաջադրելուն, ապա դա որոշելու ենք միասին, այս հրապարակում։ Պարզ ասած՝ մամուլի վերնագրերից, անhարկի շահարկումներից խուսափելու համար ուզում եմ ընդգծել՝ խորհրդարանով պաշտոնանկության գործընթացը կմեկնարկենք այն ժամանակ, երբ հաջողության հասնելու համար լինեն բավարար հիմքեր։ Այսինքն, որեւէ քայլ ինքնանպատակ չի լինելու։ Նիկոլի հեռացման համար կա երկու ճանապարհ՝  համաժողովրդական ճնշմամբ հասնել հրաժարականի, 2-րդ՝ խորհրդարանի միջոցով հասնել պաշտոնանկության։ Այս երկու ճանապարհներն էլ մեզ համար ընդունելի են, բայց այս ճանապարհներից որեւէ մեկով մենք կարող ենք հաջողության հասնել միայն  համաժողովրդական լայն ճնշման եւ անհնազանդության միջոցով։ Հետևաբար` մեր ուժերը պետք է կենտրոնացնենք շարժումը հզորացնելու համար»։

Ապա շարժումը երթ իրականացրեց, որից հետո կրկին հավաքվեցին Ֆրանսիայի հրապարակում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031