Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանապետի նշանակումը մրցույթո՞վ է լինելու, թե՞ դա ուղղակի նշանակում է․ կարևոր ընթացակարգային հարցեր կան»․ Արթուր Սաքունց

Հուլիս 29,2022 21:45

«Այն, ինչի մասին տարիներ ասում էինք՝ իրավապահ համակարգի` մասնավորապես ոստիկանության նկատմամբ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների մասին, սա ի դեմս այս փոփոխության դառնում է իրականություն»,- «Հոդված 3» ակումբում «Ոստիկանությունը, ԱԻՆ-ը և միգրացիոն ծառայությունը ներքին գործերի նախարարության ներքո․ ի՞նչ կփոխի նոր համակարգը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով նոր՝ Ներքին գործերի նախարարության ստեղծմանը։ Միևնույն ժամանակ նա հիշեցրեց՝ ներկայիս Սահմանադրության տրամաբանությամբ հնարավոր չէ այդ ամենն ապահովել։

Նաև կարևորեց, որ ի սկզբանե լավ հիմքով ստեղծվի այս նախարարությունը․ «20 տարի հետո ստեղծում ենք ՆԳ նախարարություն։  Շատ կարևոր է, թե ինչպես ենք այն ստեղծում։ Շատ լուրջ քննարկումներ պիտի արվեն։ Հեշտ է նախարար նշանակելը, շատ կարևոր է, թե ինչ կանոնադրություն է լինելու ՆԳՆ կանոնադրությունը։ Պետք է գործառութային անկախությունը երաշխավորված լինի, որպեսզի հիմա էլ նախարարը չփոխարինի ոստիկանապետին»։

Արթուր Սաքունցի համոզմամբ՝ արտակարգ դրության ռեժիմի օրենքում էլ պետք է համապատասխան փոփոխություններ կատարվեն։ Ըստ նրա՝ շատ կարևոր է, որ փորձագիտական ինստիտուտն առանձնացված է ոստիկանության կազմից և նախարարության կազմում է ընդգրկվում։  Իսկ կարգապահական հանձնաժողովը նպատակահարմար է, որ լինի հենց նախարարության կազմում։

Արթուր Սաքունցը նաև շեշտեց՝ սկզբունքային հարց է, թե ինչպես է նշանակվելու կամ ընտրվելու ոստիկանապետը։ Այս առիթով նշեց․ «Ոստիկանապետի նշանակումը մրցույթո՞վ է լինելու, թե՞ դա ուղղակի նշանակում է։ Օրինակ՝ ՀՀ գլխավոր դատախազին ԱԺ-ն է նշանակում, կարո՞ղ է ոստիկանապետի պաշտոնի նշանակման գործընթացը մրցութային լինի։ Բազում ընթացակարգային հարցեր կան, որոնցով պայմանավորված է լինելու համակարգի նկատմամբ վստահության բարձրացումը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031