«Դիմադրության» շարժման այսօրվա հանրահավաքում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում անդրադառնալով իրենց շարժման արդյունքներին, ասաց, որ ձեռքբերումներն ակնհայտ են։ Նա նշեց, որ բոլոր նրանք, ովքեր ասում են, թե պայքարն արդյունավետ չէ, թող լսեն Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների հայտարարությունը, տեսնեն նրանց անհանգստությունը այս շարժման արդյունքների մասին եւ ՀՀ իշխանությունների փոխվելու առիթով։
«Միայն այդ փաստը վկայությունն է մեր շարժման հաջողության։ Ձեռքբերումներն ակնհայտ են, սակայն գիտեմ, շատերիդ սպասելիքներն ավելին են, քան այս պահը ունեցած արդյունքները։ Մեր առջեւ խնդիր էինք դրել` կարճ ժամանակահատվածում հեռացնել այս իշխանություններին։ Ցավոք, մեր գլխավոր խնդիրը շարունակում է մնալ չլուծված՝ Հայաստանը դեռեւս ղեկավարում է բոլորիս համար գոյաբանական վտանգ ներկայացնող անձը։ Սա է պատճառը, որ անցնող ամիսներին մեզ հետ փողոցում պայքարող բազում ընկերներ ինչ-որ տեղ ընկճված են, զայրացած, բայց ոչ երբեք կոտրված։
Բայց եթե պայքարը երկարում է, դրանից ոչ թե պետք է ընկճվել, հիասթափվել, այլ արձանագրել բացթողումները, լուծել խնդիրներն ու գնալ առաջ։ Պայքարը պետք է դարձնել ապրելակերպ, մեր առօրյան դարձնել։ Եթե պատերազմի ժամանակ մարտը ձգվում է, իսկ մարտի ժամանակ ունենում ենք զոհեր ու կորուստներ, նաեւ՝ դասալիքներ, դա չի նշանակում, որ զենքերը պետք է վայր դնենք եւ նահանջենք։ Տվյալ դեպքում պետք է վերադասավորվենք, մոբիլիզացնենք մեր ուժերը, մղվենք տեւական պայքարի եւ գնանք հաղթանակի հետեւից»,-ասաց Սաղաթելյանը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ