Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը մասնակցել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի իրազեկման և կանխարգելման տեղեկատվական արշավի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Բացման խոսքում փոխնախարար Թումանյանցը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին և ներկաներին, ինչպես նաև ընդգծել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի իրազեկման ու կանխարգելման տեղեկատվական արշավի մեկնարկի կարևորությունը:
Փոխնախարարը, մասնավորապես, ներկայացրել է վերջին տասնամյակներում Կառավարության կողմից մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարին ուղղված միջոցառումները և դրանց իրականցման արդյունքում գրանցված շոշափելի արդյունքները: Փոխնախարար Թումանյանցը շեշտադրել է նաև նմանատիպ միջոցառումների իրականացման համակարգային բնույթի կարևորությունը:
Փոխնախարար Թումանյանցը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղարության «Մարդկանց թրաֆիքինգի մասին» 2022 թվականի հրապարակած զեկույցի շրջանակներում պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների արդյունավետ համագործակցության շնորհիվ՝ Հայաստանը դասակարգման սանդղակում պահպանել է իր դիրքը 2-րդ խմբում, ինչպես նաև գրանցել է որոշակի առաջընթաց:
Փոխնախարար Թումանյանցը ներկայացրել է նաև Արդարադատության նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության փորձագիտական խմբի համագործակցության շրջանակում իրականացվող աշխատանքները, և կարևորել մարդկանց թրաֆիքինգի ու շահագործման դեմ պայքարին ուղղված համագործակցության հետագա ընթացքը:
Կարդացեք նաև
Փոխնախարարը հավելել է, որ Արդարադատության նախարարությունը հետամուտ է լինելու ԱՄՆ պետդեպարտամենտի 2022 թվականի զեկույցի շրջանակներում տեղ գտած առաջարկների իրականացմանը՝ թրաֆիքինիգի դեմ պայքարում Հայաստանին ընդգրկելով 1-ին խմբի երկրների ցանկում, որում եղել է տարիներ շարունակ:
Միջոցառումը տեղի է ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող Տվյալներ ազդեցության համար (D4I) ծրագրի՝ Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի մշտադիտարկման համակարգերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնության շրջանակներում:
ՀՀ Արդարադատության նախարարություն