Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նոր բեմադրության ծնունդը տոն է յուրաքանչյուրիս համար». հանդիսատեսի դատին կհանձնվի «Ռոմեո և Ջուլիետ» բալետային ներկայացումը

Հուլիս 29,2022 17:55

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հանդիսատեսի դատին կհանձնի Ս. Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» երեք գործողությամբ բալետային ներկայացումը, որի առաջնախաղը տեղի կունենա օգոստոսի 1-3-ը:

Առաջնախաղին ընդառաջ տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը, հրավիրյալ բեմադրող բալետմաստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Վինոգրադովը:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջունել և շնորհակալություն է հայտնել Օլեգ Վինոգրադովին բալետի բեմադրության և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ համագործակցության համար, որի հիմքերը դրվել են շուրջ հինգ տասնամյակ առաջ՝ նույն բեմում բեմադրելով «Ռոմեո և Ջուլիետ» բալետային ներկայացումը:

Անդրադառնալով Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկայիս գործունեությանը՝ նախարարի տեղակալը նշել է, որ թատրոնի ակտիվությունն ու հաջողություններն ակնհայտ են:

«Մեծագույն ուրախություն է տեսնել թատրոնի վերափոխումը, ներքին կյանքի ռիթմերի ակտիվությունը, ինչի համար ուզում եմ իմ գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնել իմ գործընկերներին՝ մաեստրո Դուրգարյանի գլխավորությամբ: Նրանք ջանք ու եռանդ չեն խնայում ապացուցելու, որ տրամադրված են թատրոնը հասցնել 21-րդ դար, վերափոխել թատրոնի ռիթմերը, նոր հիմքերի վրա դնել միջազգային համագործակցությունը: Օգոստոսի 1-ին ներկա ենք լինելու աշխարհահռչակ բալետմայստեր Օլեգ Վինոգրադովի բեմադրած «Ռոմեո և Ջուլիետ» բալետային ներկայացման առաջնախաղին. նոր բեմադրության ծնունդը տոն է յուրաքանչյուրիս համար: Վստահ եմ, որ տարբեր ձեռագրերի առկայությունը թատրոնում առաջընթացի և հաջողության գրավականն է»,- նշել է Արա Խզմալյանը և շնորհավորել գործընկերներին առաջիկա առաջնախաղի կապակցությամբ:

Այն հարցին, թե ինչու է որոշվել բեմադրել «Ռոմեո և Ջուլիետ» բալետային ներկայացումը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնակատար Կարեն Դուրգարյանն ընդգծել է. «Երկու ուղղությամբ ենք մտածել. առաջինը, որ սիրո թեմայով երիտասարդներին կապենք օպերային թատրոնին, և երկրորդ՝ լեգենդար բալետմայստեր Օլեգ Վինոգրադովն աշխատի թատերախմբի հետ, ինչը նոր աստիճան է բալետի պարողների համար: «Ռոմեո և Ջուլիետը» ճանապարհ կբացի դեպի մեր երազած «Կարապի լիճ» ներկայացման բեմադրման համար, ինչպես նաև կամուրջ կհանդիսանա առավել բարդ ներկայացումների համար»:

Աշխարհահռչակ բալետմայստեր Օլեգ Վինոգրադովի խոսքով՝ դեռևս 52 տարի առաջ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի բեմում բեմադրելով «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը՝ չէր կարող կանխատեսել, որ այս բեմից տարբեր ժամանակներում ներկայացումը կտարածվի աշխարհով մեկ:

«Թատրոնը հրաշալի բալետային խումբ ունի, և մենք միասին դեռևս բազմաթիվ անելիքներ և ծրագրեր ունենք, ինչի համար անչափ ուրախ եմ»,- նշել է Օլեգ Վինոգրադովը:

Տեղեկացնենք, որ առաջին բեմադրությունը 1960-ականներին Երևանում իրականացրել է ճանաչված բալետմայստեր Օլեգ Վինոգրադովը՝ բեմադրիչ դիրիժոր Հակոբ Ոսկանյանի հետ: Մյուս բեմադրությունը տեղի է ունեցել 2011 թվականին: Գրեթե կես դար անց Օլեգ Վինոգրադովը կրկին անդրադառնում է «Ռոմեո և Ջուլիետ» բալետին՝ այն մատուցելով համաշխարհային պահանջներին համապատասխան:

Բեմադրության և զգեստների նկարիչը ՌԴ ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Օկունևն է, ներկայացման երաժշտական ղեկավարը և դիրիժորը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը:

Նշենք, Ս. Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետը» 20-րդ դարում ստեղծված ամենահայտնի բալետներից մեկն է, և այն դասվում է կոմպոզիտորի ամենահայտնի ստեղծագործությունների շարքում:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031