Հուլիսի սկզբներին պարզ դարձավ, որ «Դիմադրության» շարժման անդամներին եռամսյա հավաքների մասնակցության ծանուցագրեր են ուղարկել: Եռամսյա հավաքները, ծանուցագրերի ուղարկելը, մանավանդ հետպատերազմյան Հայաստանում արտառոց չէր լինի, եթե չլինեին այդ տեղեկությանը նախորդած իրադարձությունները:
«Դիմադրության» շարժման անդամներին եռամսյա հավաքների տանելու մասին, շարժման փողոցային պայքարի օրերին խոսեց իշխանական պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Անդրանիկ Քոչարյանը կոչ էր արել իրավապահ մարմիններին հավաքագրել նշված քաղաքացիների տվյալները եւ փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարությանը: ՊՆ-ում, հավանաբար, անսացել էին Անդրանիկ Քոչարյանի կոչին. եռամսյա հավաքների մասնակցության 100-ից ավել ծանուցագրեր են ուղարկվել ակտիվ վարք դրսեւորած, իշխանություններին առավել կոշտ քննադատած ընդդիմադիր երիտասարդների:
Նման ենթադրության տեղիք էլ հավանաբար չլիներ, եթե պարզապես զավեշտալի դեպքերով ծանուցագրեր ուղարկված չլինեին ընդդիմադիր երիտասարդներին: Օրինակ, օգոստոսի 1-ից եռամսյա հավաքների մասնակցության ծանուցագիր է ստացել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոնը: Նա այն հինգ երիտասարդներից մեկն է, որը կալանքի տակ է գտնվում, այսպես ասած, «Գյումրիի գործով, երբ «Դիմադրության» շարժման անդամների եւ գյումրեցի տարեց տղամարդկանց միջեւ վեճ, ծեծկռտուք էր տեղի ունեցել՝ շարժման անդամների՝ Գյումրի այցի ընթացքում: Թեեւ գյումրեցի տարեց տղամարդիկ դատարանում հայտարարել էին, որ բողոք չունեին, կալանավորված անձանց խափանման միջոցը դատարանը չփոխեց:
Գեղամ Մանուկյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ծանուցագիրը ստանալուց հետո որեւէ այլ զարգացում տեղի չի ունեցել: Զինկոմիսարիատից արձագանք չեն ստացել նաեւ այն բանից հետո, երբ հրապարակային հայտարարել են Տարոնի՝ կալանքի տակ գտնվելու մասին: Թե ի՞նչ ավարտ կունենա այս պատմությունը, մեր զրուցակիցը դժվարանում է ենթադրել:
Կարդացեք նաև
Եռամսյա հավաքներն, ի դեպ, մեկնարկում են օգոստոսի 1-ից:
Մեկ այլ դեպքում, ծանուցագիրն ուղարկվել է՝ օրենքի կոպտագույն խախտմամբ. ծառայությունն ավարտած զինվորին զորակոչելու համար, սահմանված է 12-ամսյա ժամկետ, այսինքն, 12 ամիս իրավունք չունեն զորակոչելու, սակայն, ՀՅԴ-ական մի երիտասարդի զորակոչել են այդ ժամկետը չլրացած: Առավել զավեշտալին այն է, որ նրան զորակոչել են իբրեւ շարքային, բայց, 44-օրյա պատերազմի ժամանակ նա եղել է ծառայության մեջ, հայտնի «Եղնիկներ»-ում է ծառայել, իբրեւ բժիշկ եւ ունի ավագ լեյտենանտի կոչում: Ավելի ուշ, զինկոմիսարիատում, ինչ-որ մեկը հավանաբար հասկացել է, որ ի վերջո պատասխանատվության խնդիր կարող է առաջանալ ու չեղարկել է այս ծանուցագիրը: Այս պատմության հերոս երիտասարդի անունը ՀՅԴ-ում առայժմ չեն ցանկանում բարձրաձայնել: «Դիմադրության» շարժման անդամ կուսակցություններում, սակայն, մի օրինաչափություն են նկատել, երբ ուսումնասիրել են զորակոչված երիտասարդների ցուցակները. դրանք հիմնականում, շարժման ցույցերի օրերին բերման ենթարկված երիտասարդներն են:
Ուշագրավ էր, որ այս օրերին հասարակական-քաղաքական տարբեր ակտիվիստներ, ովքեր նույնպես ծանուցագրեր էին ստացել, հայտարարություններով հանդես եկան: Օրինակ, հուլիսի 27-ին, նման գրառում էր կատարել Արգիշտի Կիվիրյանը. «Մոտ մեկ ամիս առաջ ստացել եմ ծանուցագիր, 2022 թվականի օգոստոսի 1-ից եռամսյա վարժական հավաքի մեկնելու մասին։ Ընդ որում, համապատասխան ծանուցումը ստացա հաշված օրեր անց, երբ հրապարակայնորեն տեղեկացրի, որ պատրաստվում եմ հուլիսի 1-ից առավել ակտուալ քաղաքական իրադարձությունների կապակցությամբ սոցիալական ցանցերում մշտական լայվեր անցկացնել, ինչպես նաև այդ օրերին կազմակերպեցինք մի հատ բավական բովանդակալից հրապարակային քաղաքական քննարկում։ Ընդ որում, զինկոմիսարիատ ներկայանալուց որոշ ժամանակ անց իմ համապատասխան աղբյուրներից տեղեկացա, որ ինձ «հայտնաբերելու» համար չգիտես, թե ինչու, գործի էր դրվել ԱԱԾ-ն, այն պարագայում, երբ այս քաղաքում ամեն երկրորդը գիտի իմ գտնվելու վայրի մասին, ու ես էլ զինկոմիսարիատից առաջին իսկ բանավոր զանգից հետո ինքս գնացել եմ և իմ ձեռքով վերցրել համապատասխան ծանուցագիրը: … Ինչևէ, հոյակապ հասկանում եմ, որ ինձ եռամսյա վարժական հավաքներին կանչելը որևէ աղերս չունի Հայաստանի Հանրապետության պաշտպանողականության բարձրացման հետ, և ուղիղ կապված է այս իշխանությունների դեմ իմ հասարակական-քաղաքական գործունեության հետ, և ժողովրդական լեզվով ասած՝ հաշվեհարդարի շարքային փորձ է»։ Օրեր անց, նա տեղեկացրեց, որ անցել է ռազմաբժշկական փորձաքննություն եւ ազատվել է եռամսյա հավաքին մասնակցելուց:
Երեկ էլ Հովհաննես Իշխանյանն էր հայտարարել, որ հրաժարվում է եռամսյա հավաքին մասնակցելուց՝ «Դավաճանի հրամանը կատարման ենթակա չի» հիմնավորմամբ. «Այսպես կոչված եռամսյա հավաքներին մասնակցելու ծանուցագիր մեր տուն էլ են բերել հունիսի վերջին, երբ ես Արցախում էի, որպեսզի մեր ներկայությամբ պաշտպանենք Բերձորը։
2006-2008թթ․ ծառայել եմ Հայաստանի Զինված ուժերում։ Այնուհետև, որպես պահեստազոր մասնակցել եմ բոլոր հավաքներին, որոնց կանչել են։ 2020թ-ին կանչով մասնակցել եմ պատերազմին, որը հետագայում պարզվեց, որ ահաբեկչություն է հայ ժողովրդի դեմ և դավաճանություն։
Դավաճանը նա է, ով անցնում է թշնամու կողմն ի վնաս իր ազգի ու երկրի։
Այս եռամսյա հավաքների որոշումը կայացրել է մի երևույթ, որը հանձնել է Արցախի 72 տոկոսը, որը զորահավաքի հրաման էր ստորագրել Արցախը իբրև պահելու համար, սակայն զոհել Հայաստանի պայմանագրային, ժամկետային, պահեստազորի զինծառայողներին, ու այդ ամենից հետո հարցականի տակ է դրել Շուշիի հայկական լինելու փաստը՝ ասելով․ «Ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է»։ Եվ սա դավաճանություն է։
Նա Շուշի քաղաքը կոչեց դժբախտ ու դժգույն, որի համար իրենց կյանքն են զոհել հայ սպաներն ու զինվորները։ Եվ սա դավաճանություն է։
Նրանք շինծու գործեր են հարուցել և հարուցում Արցախն ազատագրած գեներալների, քաղաքական գործիչների, Հայաստանի հերոսների, ազատամարտիկների դեմ։ Եվ սա դավաճանություն է։
Նա խոստովանել է, որ ավելի վաղ չի կանգնեցրել պատերազմը, որովհետև իրեն դավաճան կկոչեին։ Եվ սա դավաճանություն է։
Նա մերժել է պատերազմի ժամանակ միասնաբար պայքարելու՝ օպերատիվ կառավարման շտաբ ստեղծելու առաջարկը՝ երկիրը հասցնելով աղետի։ Եվ սա դավաճանություն է։
Այսպես կոչված պատերազմի ժամանակ թշնամու էներգետիկ ու այլ ռազմավարական ենթակառուցվածքներին հարված չի հասցվել։ Եվ սա դավաճանություն է։
Այսպես կոչված պատերազմի առաջին օրերին նա դադարեցրել է համալրումը։ Եվ սա դավաճանություն է» եւ այլն։
Հովհաննես Իշխանյանը նաեւ նկատում է. «Որևէ երաշխիք չկա, որ այդ երևույթը չի տանում հայ պահեստազորին հերթական անգամ զոհելու իր այսպես կոչված քաղաքակիրթ գործընկերոջ համար։ Ավելին, կա վստահություն, որ այդպես է անելու։ Որևէ երաշխիք չկա, որ հայ պահեստազորին չի հանձնի գերի ու թողնի, որ մի երկու, երեք տարի սպասեն։ Ավելին, կա վստահություն, որ այդպես է անելու։ Կա վստահություն, որ այդ երևույթը հայկական բանակը դարձրել է պատժամիջոց։ Նրանք եռամսյա հավաքներին են ուղարկում նրանց, ովքեր պահանջում են դավաճանների դատաստանը։ Ազգային ժողովում հայտնված դավաճաններից մեկը բացեիբաց ասել է, որ դավաճանների դեմ ցույցերի մասնակիցներին ուղարկելու են հավաքներին»։
Հովհաննես Իշխանյանն ընդգծում է, որ որպես հայկական բանակի շարքային զինվոր՝ պարտք ունի հայերի իրավունքները պաշտպանելու համար ստեղծված բանակը վերադարձնել իր առաքելությանը՝ «ազատվելով դավաճաններից» ու վստահություն է հայտնում, որ «որևէ դատ, որևէ պատիժ չի կարող կիրառվել դավաճանի հրամանը չկատարելու համար»։
Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այս թեմային, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն ասաց. «Բանակը պետք է ապաքաղաքական լինի եւ որեւէ կերպ չպետք է մասնակից լինի քաղաքական գործընթացներին, չպիտի լինի մահակ՝ քաղաքական ընդդիմախոսների համար եւ որեւէ կերպ չպետք է ներքաշվի նմանատիպ խնդիրների մեջ»:
Հիշեցնենք, համանման դիրքորոշում, ավելի վաղ հայտնել էր նաեւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ