Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

 «Ոստիկանության ամենամեծ խնդիրը կրթությունն է. համակարգը ոչ թե գիտելիք է տալիս, այլ՝ չարչարում». Քրիստիննե Գրիգորյան

Հուլիս 29,2022 17:11

«Մարդու իրավունքների պաշտպանի տեսանկյունից, վերահսկողության կամ քաղաքականության կիրառման նկատմամբ արդյունավետության իրականացման տեսանկյունից շատ ավելի տրամաբանական և հարմար է ունենալ նախարարություն-գործընկեր, քան մասնագիտացված ծառայություն, քանի որ այստեղ մեր գործիքակազմերն ու զենքերը հավասար չեն»,- «Հոդված 3» ակումբում «Ոստիկանությունը, ԱԻՆ-ը և միգրացիոն ծառայությունը ներքին գործերի նախարարության ներքո. ի՞նչ կփոխի նոր համակարգը» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը՝ անդրադառնալով նոր՝ Ներքին գործերի նախարարության ստեղծմանը։

Կարևորելով քաղաքացիների վստահությունը` ՀՀ ՄԻՊ-ն ասաց. «Ոստիկանության մոդելի և կառուցվածքում ամենակարևորն է այն, երբ խոսում ենք հանրության վստահության կամ ընդհանրապես ոստիկանության կամ իրավապահ համակարգի վստահության մասին։ Հիմքերի հիմքն այն է, թե հանրության կողմից ինչպիսին է ոստիկանության ընկալումը, արդյոք այն ընկալվո՞ւմ է ինչ-որ սահմանափակումներ, կանոններ իրականացնող մարմին, թե՞ որպես հանրությանը ծառայող մարմին։ Սա ամենակարևոր արժեքային փոփոխությունն է, որ ոստիկանությունը, փրկարար ծառայությունը հանրային ծառայություն են հանրության համար»։

Ըստ Քրիստիննե Գրիգորյանի՝ հանրության վստահության առումով կարևորը նաև արձագանքի արդյունավետությունն է։ Նա մանրամասնեց. «Կարևոր է՝ արդյոք հրամանատարական շղթան օպերատի՞վ է կոնկրետ ճգնաժամային իրավիճակում՝ վթար, վրաերթ, կամ հասարակական կարգի պահպանության հետ կապված որևէ իրավիճակ, որտեղ ոստիկանական ծառայողն արդյունավետ է։ Եթե այդպես է, ուրեմն հրամանատարական շղթան օպտիմալ է։ Կարևոր է, թե քաղաքացին իր դիմումը հասցնելու համար քանի՞ օղակ է անցնում, և ոստիկանության ծառայողը որքանո՞վ  է պրոֆեսիոնալ գործում կոնկրետ իրավիճակում։ Վերջին կտորը մեր խնդիրների խնդիրն է։ Այս առումով ամենակարևորը փոփոխությունների շարքում կուզենայի հանրության ուշադրությունը հրավիրել, որ Ոստիկանության կրթահամալիրը դուրս է գալիս ոստիկանության ենթակայությունից և դառնում ՆԳՆ կրթահամալիր։ Կառավարման տեսանկյունից այն կարող է ամբողջ նախարարության ենթակա ստորաբաժանումների համար կադրերի պատրաստման համալիր դառնալ»։

Անդրադառնալով ոստիկանական ծառայողների կրթության խնդիրներին՝ Քրիստիննե Գրիգորյանն ասաց. «Չեմ ուզում  գույները մգացնել, բայց հավատացեք՝ ոստիկանության ամենամեծ խնդիրը կրթությունն է։ Այն կրթությունը, որ իրենք են ստանում, արդյոք դա պիտանի՞ է։ Արդյոք իրենց իսկ ծառայության մարտահրավերներին պատասխանո՞ւմ է, թե՞ ոչ։ Հաճախ ծառայողներին ինքներս չարչարում ենք։ Համակարգը դրված է ոչ թե իրենց գիտելիք տալու, այլ չարչարելու համար։ Արդյոք նրանց ներկայացված պահանջները պատշաճ համադրվո՞ւմ են, թե՞ կրթության մակարդակ ենք պահանջում ու վերջ, եթե ունես այդ թուղթը, կարող ես ծառայել։ Արդյոք մասնագիտական ծառայության նկատմամբ պետք չէ՞ վերահսկողություն իրականացնել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031