Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահը համացանցից հեռացնելով իր գրառումը որպես դիվանագետ ցուցաբերել է անսկզբունքայնություն»

Հուլիս 29,2022 17:06

Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում խոսեց ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդի՝ Երեւանում գտնվելու ժամանակ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու, 1915-1923 թթ. Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության զոհերի հուշարձանին ծաղիկներ խոնարհելու, այդ մասին Twitter-ի իր էջում գրառում կատարելու եւ Թուրքիայի պահանջով այդ գրառումը հեռացնելու մասին:

«Ես կարծում եմ, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահը որպես դիվանագետ ցուցաբերել է անսկզբունքայնություն: Դիվանագիտական պրակտիկայում նախապես է կազմվում այցելության ծրագիրը եւ նա նախապես է տեղեկացված եղել, որ պետք է այցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դնի: Այսինքն, այդ այցելությունն իր համար անակնկալ չի եղել: Կարծում եմ նաեւ, որ նա նաեւ տեղեկացված է եղել, որ մեր երկրում դա դիվանագիտական արարողակարգի մաս է կազմում եւ որ մեր երկրում այդպես վարվում են բոլոր միջազգային կազմակերպությունների, պետությունների ղեկավարները, բարձրաստիճան պատվիրակություններ, որոնք պաշտոնական այցելություն են կատարում Հայաստան: Ինքն առաջին դիվանագետը կամ պաշտոնյան չէ, որ այցելում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ կա եղեւնիների մի հսկայական պուրակ, որտեղ եղեւնիներ են տնկել տարբեր պետությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Բացի դրանից, 2016 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ն ընդունել է Ցեղասպանությունների դատապարտման եւ ճանաչման բանաձեւ, որի հեղինակը եղել է Հայաստանը: Այսինքն, Հայաստանի հեղինակությամբ բազմաթիվ այլ երկրների համահեղինակությամբ ՄԱԿ-ը դեկտեմբերի 9-ը ճանաչել է Ցեղասպանությունների դատապարտման եւ ճանաչման միջազգային օր, ինչը Հայաստանի դիվանագիտության մեծագույն ձեռքբերումներից մեկն է: Հետեւաբար ՄԱԿ-ի պաշտոնյաների համար ցանկացած երկրում Ցեղասպանության հուշահամալիր այցելելը եւ ծաղիկ խոնարհելը, բացի այդ երկրի ազգային արարողակարգի առանձնահատկությունից, ՄԱԿ-ի համար իր իսկ կայացրած որոշման տրամաբանական իրականացում է: Եվ ՄԱԿ-ի անդամ երկրներից մեկի կողմից ընդամենը մի արձագանքի վերաբերյալ իր դիրքորոշման վերանայումը եւ այդ գրառման հեռացումը, կարծում եմ, դիվանագետին ոչ վայել, անսկզբունքային դիրքորոշում է:

Այս պարագայում նաեւ խիստ դատապարտելի է նաեւ Հայաստանի ԱԳՆ անարձագանք վերաբերմունքը»,- ասաց դիվանագետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031