Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի դրդմամբ են եղբորս պահանջել հեռանալ կենտրոնական բանկից»․ Ավետիք Չալաբյան

Հուլիս 29,2022 16:32

«Նա փաստացի չի հեռացել կենտրոնական բանկից։ 18 տարի այդտեղ աշխատելուց հետո, լինելով հեղինակավոր եւ փորձառու ղեկավար, ստիպված է եղել հեռանալ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի դրդմամբ դա իրենից պահանջել են։ Դա ապօրինի է, որովհետեւ կենտրոնական բանկն ապաքաղաքական մարմին է, դա սահմանադրության խախտում է»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը։

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանի եղբայրը՝ Արա Չալաբյանը, ազատվել է ՀՀ կենտրոնական բանկի կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տնօրենի պաշտոնից։

«Ժամանակը գա՝ ովքեր այդ միջամտությունն իրականացրել են, կպատժվեն դրա համար։ Իրենից պահանջել են, որ դիմում գրի։ Իրեն ուղղված պահանջը եղել է ապօրինի։ Իմ քրեական գործն անցնի, անպայման անդրադառնալու ենք սրան։ Եղբորս աշխատանքից հեռացնելու որեւէ հիմք չի եղել։ Նա հեղինակավոր մասնագետ է միջազգային մակարդակով։ Համաշխարհային բանկի համար տեխնիկական աջակցության հսկայական ծրագրեր է իրականացնում։ Նրա կենսագրության վրա որեւէ բիծ չկա»,-վստահեցրեց Ավետիք Չալաբյանը։

Նրա խոսքով՝ եղբայրը, լինելով ԿԲ բարձրաստիճան պաշտոնյա, մշտապես պահպանել է քաղաքական չեզոքություն, եւ նրա հեռացումը կապված է բացառապես իր ընդդիմադիր գործունեության հետ։

Հիշեցնենք, որ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է երկու կամ ավելի անձանց հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։ Նրա պաշտպանական թիմը հայտարարել է. «Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալիյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալիյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալիյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031