Այսօր առավոտյան խորը ցավով տեղեկացանք «Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ տնօրեն, մեր սիրելի գործընկեր, ավագ ընկեր Լևոն Կոնստանտինի Ներսիսյանի մահվան մասին։
Լևոն Ներսիսյանն իր մարդկային նկարագրով և որակներով վայելում էր Կազմակերպության աշխատակազմի և շահառուների սերն ու հարգանքը: Նա մշտապես աչքի էր ընկնում իր աշխատասիրությամբ, ազնվությամբ, պարտաճանաչությամբ և պահանջկոտությամբ։ Որպես կազմակերպության ղեկավար նա իր առջև դրված խնդիրները լուծում էր մեծ պատասխանատվությամբ և նույնը պահանջում յուրաքանչյուր աշխատակցից: Լևոն Ներսիսյանը ներքին մեծ ուժի տեր անձնավորություն էր և կարողանում էր հաղթահարել բոլոր դժվարություններն ու մարտահրավերները։
Կազմակերպության ողջ անձնակազմն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Ներսիսյան ընտանիքին, հարազատներին և ընկերներին այս ծանր կորստի կապակցությամբ: Համբերություն ու տոկունություն ենք մաղթում մեզ բոլորիս և նրա թողած կիսատ գործը նույն ոգով շարունակելու հաստատակամություն։
Լևոն Ներսիսյանի հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում․․․
Կարդացեք նաև
Թող Աստված լույսերի և խաղաղության մեջ պահի նրա հոգին։
Լևոն Ներսիսյանը 1993 թվականից «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի տնօրենն էր։ Կազմակերպությունը նրա անմիջական ղեկավարությամբ և նախաձեռնությամբ իրականացրել է բազմաթիվ ծրագրեր՝ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման և սոցիալապես անապահով խմբերին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։
«Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի աշխատակազմ