«Այո, սա հետապնդում է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Իր անձնական պատճառների մասին չեմ ուզում այսօր խոսել, այս պահին տեղին չէ, բայց կասկած չկա, որ սա քաղաքական հետապնդում է եւ տարածվում է նաեւ ընտանիքիս վրա»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը։ Խնդրել էինք մեկնաբանել իր նախորդ պնդումներից մեկը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետապնդում է իր ընտանիքին, եւ այդ մասին փաստեր կան։
Անդրադառնալով իր հանդեպ հարուցված քրեական գործին՝ Ավետիք Չալաբյանը պնդեց, որ լուրջ ապացույցներ չկան, որ այս «թքած-կպցրած» գործի միակ նպատակը եղել է իրեն այս ընթացքում ազատությունից զրկելը։ Նա չբացառեց, որ թեեւ երկու օր է՝ ազատ է արձակված, բայց առաջիկայում նորից կմիջնորդեն իրեն կալանավորել․ «Սա վերջը չի։ Կալանքի ժամկետը լրացավ, նոր որոշում չկա, որովհետեւ դատական նիստը հետաձգվել էր։ Կփորձեն նորից նման որոշում կայացնել։ Իշխանությունը նորից կփորձի ինձ վերադարձնել կալանավայր»։
Կարդացեք նաև
Այսօրվա դատական նիստի ընթացքում մեղադրող կողմը նման միջնորդություն չարեց․ նիստը հետաձգվեց Չալաբյանի առողջական վիճակի պատճառով։ Մանրամասն՝ առաջիկայում։
Հիշեցնենք, որ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է երկու կամ ավելի անձանց հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։ Նրա պաշտպանական թիմը հայտարարել է.«Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալիյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալիյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալիյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ