Նրանք, որոնք մասնակցել են 2016-2020 թվականներին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին՝ հնարավորություն են ունենալու տեղավորվել աշխատանքի: Այսօր այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը: Նրա խոսքով, ծրագիրն աննախադեպ է, աջակցությունը նախատեսվում է գործազուրկներին եւ գործատուներին:
«Գործատուն անպայման պետք է ունենա թափուր աշխատատեղ, դիմի այդ թափուր աշխատատեղը համալրելու համար, եւ մենք կարողանանք ֆինանսական աջակցություն ցուցաբերելով՝ պատերազմի մեր մասնակցին տեղավորել աշխատանքի»,-ասաց պարոն Սարգսյանը՝ նշելով, որ աջակցությունը երեք տարբերակով է, եւ գործատուն կարող է ընտրել՝ որն է իրեն հարմար:
Տարբերակներից մեկն, ըստ նախարարության պաշտոնյայի, շահառուի ուսուցումն է: Ասենք՝ նախքան գործազուրկի աշխատանքի անցնելը գործատուն ցանկանում է, որպեսզի նա ուսուցում անցնի, որից հետո սկսի աշխատել:
Այս դեպքում, Ժորա Սարգսյանի խոսքով, աջակցություն կցուցաբերվի նաեւ շահառուին, որպեսզի նա կարողանա ուսուցումն անցնել. «Ուսուցման համար նախատեսված է մինչեւ 5 ամիս ժամանակահատված՝ կախված որ ոլորտում է սովորելու: Յուրաքանչյուր ամսվա ուսուցման համար պետությունը կվճարվի մինչեւ 50 հազար դրամ: Բացի այդ, քանի որ ուսուցման գործընթացում մեր շահառուն այլ ծախսեր էլ է անելու՝ տրանսպորտային, ընդմիջման եւ այլն, պետությունն ուսուցման ժամանակահատվածում կվճարի 34 հազար դրամ»:
Կարդացեք նաև
Նախարարության ներկայացուցչի խոսքով, եթե շահառուն չցանկանա սովորել եւ միայն ուզենա պրակտիկա անցնել գործատուի մոտ, այդ ընթացքում նույնպես պետությունը նրան կվճարի 68 հազար դրամ նվազագույն աշխատավարձ, գործատուին էլ ծախսի տակ չգցելու համար՝ հարկերը կվճարի:
Պարոն Սարգսյանը հայտնեց, որ գործատուի հետ աշխատանքային պայմանագիրը կկնքվի մեկ տարի ժամկետով:
Ծրագրի մեկ այլ տարբերակն էլ այն է, որ, եթե շահառուն պատրաստ է անցնել աշխատանքի, բայց սովորելու ու պրակտիկա անցնելու անհրաժեշտություն չունի, տվյալ պարագայում, գործատուին ցուցաբերում են միանվագ աջակցություն՝ 300 հազար դրամ, պայմանագիրը կնքվում է 1 տարով: Սակայն, եթե գործատուն չկատարի պարտավորությունը եւ ընթացքում հրաժարվի պայմանագրից, պետությունը հետ կգանձի այդ գումարները:
Մանրամասները` տեսանյութում
Ժորա Սարգսյանն ասաց, որ ծրագրից օգտվել ցանկացող շահառուները պետք է հաշվառվեն միասնական սոցիալական ծառայություններում, ստանան գործազուրկի կարգավիճակ, իրականացվի կարիքների գնահատում եւ, երբ գործատուն ներկայացնի թափուր աշխատատեղի նկատմամբ պահանջները, շահառուին ուղղորդեն տվյալ գործատուի մոտ:
Վարչության պետի խոսքով, թափուր աշխատատեղերի պահանջարկը հիմնականում՝ ՏՏ, ծառայությունների, սպասարկման, վաճառքի ու մարքեթինգի ոլորտներում է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ