Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանությանը չպետք է լրացուցիչ այլ գործառույթներով ծանրաբեռնել․ լուրջ փոփոխությունների ենք գնալու»․ Արփինե Սարգսյան

Հուլիս 29,2022 15:52

«Կոնֆլիկտների տանող կարգավորումներ չկան, այլ հակառակը, շատ ավելի հստակ դերաբաշխում, գործառութային պանակներ ունեն յուրաքանչյուրը․ նշանակումների և ազատման հարցով փոխզսպումների և հակակշիռների մեխանիզմները հստակ են»,-«Հոդված 3» ակումբում «Ոստիկանությունը, ԱԻՆ-ը և միգրացիոն ծառայությունը ներքին գործերի նախարարության ներքո․ ի՞նչ կփոխի նոր համակարգը» թեմայով քննարկման ժամանակ վստահեցրեց ՀՀ Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով նոր՝ Ներքին գործերի նախարարության ստեղծմանը։

Նա փաստեց՝ այժմ վարչապետն ու ոստիկանությունն ուղիղ հարաբերություններ ունեն։ Փոփոխությունների արդյունքում ոստիկանությունը կդառնա ՆԳ նախարարությանը ենթակա պետական մարմին։ Այնուհետև շարունակեց․ «Նախարարությանը ենթակա մարմնի կարգավիճակ ունենալն այլ է։ Ենթակա պետական մարմին լինելը թույլ է տալու, որ ոստիկանապետը նշանակվի վարչապետի կողմից, բայց նշանակվի հակակշիռների և փոխզսպման որոշակի քաղաքականության միջոցով։ Ամեն դեպքում, լինելով նախարարին ենթակա մարմին՝ ավելի շատ նախարարն ու ոստիկանապետն են հարաբերակցվելու»։

Արփինե Սարգսյանը նշեց՝ իր դիրքերում նախարարն իր լիազորություններն է ունենալու, իսկ ոստիկանապետը՝ իր։ Ու ասաց՝ կարելի է չհամադրել ՊՆ-ի և ԳՇ-ի ունեցած ենթակայությունների հետ, քանի որ այստեղ գործ ունենք այլ համադրության հետ, ինչպես արտակարգ իրավիճակների նախարարության դեպքում փրկարար ծառայությունն է, արդարադատության նախարարության դեպքում քրեակատարողական ծառայությունը կամ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը»։

Արդարադատության փոխնախարարն ասաց՝ բոլոր հարցերը թիրախավորում են, որպեսզի ներքին գործերի նախարարը նշանակումից հետո անակնկալի չգա․ «Ոստիկանության դեպքում կառուցվածքային լուրջ փոփոխությունների ենք գնալու։ Եթե այն մտքին չենք, որ սա երեք կառուցվածքների ուղղակի մեխանիկական միավորում է, տրամաբանական է, որ ունենալու ենք լուրջ փոփոխություններ։ Ոստիկանությանը չպետք է լրացուցիչ այլ գործառույթներով ծանրաբեռնել։ Դրսում արտակարգ իրավիճակը կառավարելու և տարբեր ֆինանսաբյուջետային հարցերի հետ կապված թեմաներ․ դրա համար աջակցող բոլոր ստորաբաժանումները տեղ են գտել ՆԳ նախարարության տիրույթում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031