Հասարակական գործիչ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում մեկնաբանեց, թե իրականում ինչ է քարոզվող խաղաղության դարաշրջանը:
«Իրավիճակը պետք է գնահատել ոչ թե խոսքերով, այլ փաստերով: Այսինքն, ասում են, չէ՞, բացում ենք խաղաղության դարաշրջան: Ասում են: Բայց ի՞նչ գործողություններ են տեղի ունենում: Ո՞ւմ հետ պետք է հաստատվի այդ խաղաղությունը: Ադրբեջանի հետ, չէ՞, ուրիշի հետ չի քննարկվում:
Ադրբեջանը պետություն է, որն ունի ղեկավար՝ Իլհամ Ալիեւն է: Նա 2022 թվականի հունիսի վերջին Քարվաճառում հայտարարում է. «Մենք ձեռք ենք բերում նոր սպառազինություններ, համալրել ենք մեր զինանոցը, որը կորցրել ենք պատերազմի ժամանակ, ավելացնում ենք Հայաստանի եւ Արցախի սահմաններին հատուկ նշանակության ստորաբաժանումների թվաքանակը երկուսուկես անգամ»:
Սա խաղաղության գնացողի ելո՞ւյթ է: Ընդ որում, այդ ելույթը նա ունենում է նոր զորամասի բացման արարողության ժամանակ:
Կարդացեք նաև
Նախկին իրադարձությունների ժամանակ էլ, որ էլի ռազմական գործողություններ են տեղի ունենում, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարում է. «Ադրբեջանը ուզում է մեզ շեղել խաղաղության օրակարգից»: Այսինքն, մենք ուզում ենք Ադրբեջանի հետ խաղաղություն անել, իրենք, որ պիտի էլի ուզեին, որ խաղաղություն անեն, մեզ շեղում են խաղաղության օրակարգից: Ու այնպիսիք կան, որ դա լսում ու ասում են՝ Հայաստանն ուզում է խաղաղություն:
Հայաստանում խաղաղություն եղել է: Դա եղել է մինչեւ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը: Հայաստանում խաղաղություն էլի կարող է լինել, եւ դա կարող է լինել միայն Նիկոլ Փաշինյանին վռնդելուց հետո»,-ասաց Էդգար Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ