Խանդի հողի վրա Դեզդեմոնային խեղդած վենետիկցի մավր Օթելլոյի պատմությունը 400 տարի է` մարդիկ գիտեն, «Օթելլոն» Շեքսպիրի ամենահայտնի ստեղծագործություններից է, իսկ Ջուզեպե Վերդիի «Օթելլո» օպերայի առաջնախաղը կայացել է 1887 թ. փետրվարին Միլանի Լա Սկալայում: Լիբրետոն գրել է Առիգո Բոյտոն` ըստ Շեքսպիրի հայտնի ողբերգության:
Հայաստանում խանդոտությունը հայ տղամարդկանց եւս բնորոշ է, ոմանց դրա համար պատկերավոր «Օթելլո» են ասում: Հուլիսի 28-ին հայազգի «Օթելլոն» հերթական անգամ խեղդեց «Դեզդեմոնային»: Խոսքը «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած «Օթելլոյի» համերգային փառահեղ կատարման մասին է, որն ընդունվեց բացառիկ ջերմությամբ: Հանդիսատեսը տեւական ժամանակ ծափահարում էր, բրավոների տարափ էր տեղում, շատերը իրենց հիացմունքն ու գոհունակությունն արտահայտում էին նույնիսկ ոտքերով «դոփելով», մի բան, որ սովորաբար բնորոշ է հատկապես ջազ եւ ռոք համերգներին:
Վերդիի «Օթելլոն» հայաստանցի ունկնդիրը վայելեց օպերային աստղաբույլի մատուցմամբ, որտեղ «Օթելլոյի» դերերգը կատարում էր Արսեն Սողոմոնյանը, Դեզդեմոնային մարմնավորել էր Լիանա Ալեքսանյանը, Յագոն Վլադիսլավ Սուլիմսկին էր: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան), Հայաստանի ազգային ակադեմիական (գեղարվեստական ղեկավար` Հովհաննես Չեքիջյան) եւ Երևանի Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի(խմբավար` Էմմա Առաքելյան) երգչախմբերը բացառիկ պրոֆեսիոնալիզմով նպաստեցին միջավայրի կերտմանը: Այս ներդաշնակ համագործակցության, նաեւ, ինչ խոսք, մաեստրո Էդուարդ Թոփչյանի բծախնդրության շնորհիվ օպերային մթնոլորտը լիակատար ապահոված էր:
Կարդացեք նաև
Հավելենք, որ տենոր Արսեն Սողոմոնյանը Օթելլոյի դերերգով հանդես է եկել շուրջ 25 անգամ՝ աշխարհի լավագույն օպերային թատրոններում, իսկ Լիանա Ալեքսանյանը իր սերնդի ամենավառ սոպրանոներից է: Ալեքսանյանի փայլուն ելույթների աշխարհագրությունն ընդգրկում է Միլանի Լա Սկալան, Բուենոս Այրեսի Կոլոնը, Իտալիայի, Գերմանիայի, Չինաստանի ու Հարավային Կորեայի լավագույն օպերային թատրոններն ու համերգասրահները: Ի դեպ, համերգից առաջ հայտարարվեց, որ Լիանա Ալեքսանյանը վատառողջ է, բայց դա բոլորովին չանդրադարձավ նրա բարձրակարգ ելույթի վրա:
Երեւանյան «Օթելլոն» նաեւ ուշագրավ էր նրանով, որ Յագոյին մարմնավորում էր GRAMMY-ի 2009թ. հավակնորդ, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, բարիտոն Վլադիսլավ Սուլիմսկին: Նա հատկապես հայտնի է Վերդիի դրամատիկ բարիտոնի բարդագույն դերերգերի կատարումներով:
Չմոռանանք նշել նաեւ փայլուն հանդես եկած օպերային այլ երգիչների` մեցցո սոպրանո Բելլա Ամարյան (Յագոյի տիկին), տենորներ Տիգրան Հակոբյան (Կասսիո), Հայկ Թոնգուրյան (Ռոդրիգո), բաս Հայկ Տիգրանյան (Լոդովիկո), բարիտոն Աշոտ Ղանթարջյան (Մոնտանո):
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ