Քաղաքացիներն այս օրերին ստուգում են կուտակային կենսաթոշակի իրենց հաշիվները ու պարզում, որ գումարն ավելանալու փոխարեն՝ պակասել է: Սա բողոքի ալիք է բարձրացրել, իսկ փորձագետները հակասական մեկնաբանություններ են տալիս:
Այսօր խնդրի հետ կապված «Արմենպրեսի» մամուլի սրահում պարզաբանումներ ներկայացրեց «Ամունդի –Ալբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը: Նա հաստատեց՝ ճիշտ է նկատվել, որ 2022-ի առաջին 6 ամիսների համար կենսաթոշակային ֆոնդերն ունեցել են բացասական արդյունք. «Մեր ֆոնդերի դեպքում դրանք տատանվել են -5-ից -10%-ի շրջանակներում: Իսկ առաջին գործոնը, որը նպաստել է բացասական արդյունքին, մեր ազգային արժույթի՝ դրամի արժեւորումն է՝ ԱՄՆ դոլարի եւ եվրոյի նկատմամբ եւ գնաճային ճնշումը, որն է՛լ ավելի սրվեց՝ հատկապես ռուս-ուկրաինական հակամարտությունից սկսած»:
Հարցին՝ հիմա ինչպիսի՞ իրավիճակ է, դեռ մտահոգություններ կա՞ն՝ Հրայր Ասլանյանը պատասխանեց, որ այո. «Մենք շարունակում ենք կոմունիկացնել անձանց պատճառների մասին, բայց պետք է գիտակցենք, որ այս բացասական արդյունքը վերաբերվում է միայն այս տարվա 6 ամիսներին, իսկ եթե դիտարկենք կենսաթոշակային ֆոնդերի ընդհանուր եկամտաբերությունը թե՛ կուտակային, թե՛ տարեկան միջին, դրանք շարունակում են մնալ բավականին բարձր դրական մակարդակում: Մասնավորապես, տարեկան միջին եկամտաբերությունը կազմել է 6,8%՝ կախված ֆոնդի տեսակից»:
Կարդացեք նաև
«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի գլխավոր ֆինանսական եւ գործառնական տնօրեն Իզաբելլա Ադիլխանյանն էլ ներկայացրեց իրենց մասով իրավիճակը. «Եռամսյակի համար բացասական արդյունքը կազմել է 4,9%-9,2%՝ կախված ֆոնդի տեսակից: Առավել ռիսկայինը ունեցել է ավելի մեծ անկում: Պատճառը դրամի արժեւորումն է: Ֆոնդերն ունեն արտասահմանյան ներդրումներ եւ այդ ներդրումները դրամով վերագնահատելիս բացասական արդյունք են տալիս ֆոնդերին»: Նա որպես բացասական արդյունքի պատճառ նշեց նաեւ Կենտրոնական բանկերի խիստ դրամավարկային քաղաքականությունը. «Տոկոսադրույքները բարձրանում են եւ դա սովորաբար հակադարձ համեմատական է պարտատոմսերի գների հետ: Այդ բոլորն ազդել են ֆոնդերի բացասական եկամտաբերության վրա: Այնուամենայնիվ, դա այս պահի դրությամբ չիրացված վնաս է, քանի որ ֆոնդերը պահում են գործիքները, այսինքն, այն ակտիվները, որոնք ֆոնդերում առկա են, վաճառված չեն ու հնարավորություն կա գնի վերականգնման հետ վերականգնել նաեւ եկամտաբերությունը»:
Հարցին՝ խուճապի կարիք կա՞, ի՞նչ ակնկալիքներ ունենալ՝ Ադիլխանյանը պատասխանեց, որ երկարաժամկետ կտրվածքով կապիտալն ունի վերականգնման միտում. «Մեր գոնե 7 տարվա փորձը, իսկ ամբողջ աշխարհում շատ ավելի երկար փորձը ցույց է տալիս, որ կրիզիսային՝ ճգնաժամային իրավիճակները, որոնք եղել են, որոշակի ժամանակի ընթացքում, վերականգնվել են: Այսինքն, մենք գտնվում ենք հերթական դժվար ժամանակաշրջանում, որը երկարաժամկետում, իսկ մենք բավականին երկար ժամանակ ունենք մինչեւ թոշակառուների թոշակի անցնելը, մեծ հնարավորություն կա վերականգնվելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ