Հունիսին Արցախում և Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է խոսքի ազատության և ԶԼՄ անվտանգության մշտադիտարկում
2022 թվականի մարտ ամսից «Հանուն Չորրորդ Իշխանության» ՀԿ-ն տեղեկատվական դաշտում իրականացնում է մշտադիտարկում, որով յուրաքանչյուր ամիս ամփոփվում է լրագրողական դաշտում արձանագրված խախտումներն ու կարևոր իրադարձությունները: Հերթական մշտադիտարկման արդյունքները վերաբերում են 2022 թվականի հունիս ամսին:
Եվ այսպես՝ Հայաստանի և Արցախի լրատվական դաշտում հունիս ամսին իրականացված մշտադիտարկման արդյունքներով արձանագրվել է լրագրողի գործունեության խոչընդոտման 1 փորձ, պետական բարձրաստիճան պաշտոնյայի կողմից ազատ խոսքի իրավունքի և իրավահավասարության խախտման 1 դեպք:
Հունիսի 10-ին իր աշխատասենյակից բերման ենթարկվեց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. օրենսգրքի 38-225-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է ՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելուն հանցակցությունը, ինչպես նաև 164-րդ հոդվածի 1-ին կետի հատկանիշներով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը։ Թեև այս գործընթացը շատերի կողմից որակվեց քաղաքական, այդուհանդերձ՝ հաջորդ օրը՝ հունիսի 11-ին, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրենն ազատ արձակվեց:
Կարդացեք նաև
Ս.թ.-ի հունիսի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ հունիսի 27-ին, ժամը 20.00 -ին ֆեյսբուքյան իր էջի եթերում կպատասխանի ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հարցերին: Ավելի քան 50 լրատվամիջոցներ և մի շարք հասարակական կազմակերպություններ բոյկոտեցին և հրապարակավ հրաժարվեցին նման ձևաչափով կազմակերպված ասուլիսից, պնդելով, թե հարցերը խմբագրվում կամ անտեսվում են: Ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, թեև այս քայլում քաղաքական ենթատեքստ նկատեց, սակայն հայտարարեց, որ լրատվամիջոցները կարող են գրավոր դիմել, թե ինչ բանաձևի ասուլիս են առաջարկում, որը հետագայում կքննարկվի և կկազմակերպվի: Վարչապետի կողմից հրավիրված ասուլիսի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան:
Արցախում ևս՝ հասարակության շրջանում առկա են դժգոհություններ՝ կապված լրատվամիջոցների ոչ անկախ լինելու հանգամանքով: Հասարակության շրջանում անվստահություն է հասունացել մասնավորապես «ArtsakhPress» և «ArtsakhSpeaks» լրատվական գործակալությունների նկատմամբ: Ըստ տեղեկությունների՝ սույն լրատվամիջոցները ֆինանսավորվում են գործող իշխանության թիմակիցների կողմից: Ապատեղեկատվության ընդգծված դեպքեր չեն գրանցվել՝ կապված հասարակական կամ սոցիալական իրադարձությունների լուսաբանման հետ, իսկ պետական միջոցառումները լուսաբանվել են՝ ըստ պատկան գերատեսչությունների կողմից տարածված պաշտոնական հաղորդագրությունների: Մեդիամոնիթորինգի արդյունքում լրագրողական էթիկայի կանոնների խախտման դեպքեր արցախյան լրատվամիջոցներում չեն արձանագրվել: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է նաև, որ արցախյան մեդիադաշտում նոր լրատվական գործակալություններ չեն հիմնվել:
«Հանուն Չորրորդ իշխանության» հասարակական կազմակերպությունը շարունակում է աչալուրջ հետևել լրատվական դաշտում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին և ներհայաստանյան ու արցախյան բոլոր լրատվամիջոցներին ևս մեկ անգամ կոչ է անում ներկայացնել լրագրողների կամ կազմակերպության հետ առնչվող խոսքի ազատության, մասնագիտական գործունեության սահմանափակման և այլ դեպքերի հետ կապված իրավական ու էթիկայի բոլոր խախտումները: Առավել աղմկահարույց դեպքերին հրավիրվելու է պատկան մարմինների ուշադրությունը:
Մեր առաքելությունն է օբյեկտիվ լրատվության և լրագրողական գործունեության պաշտպանությունը։ Մենք պայքարում ենք հանուն մեր իրավունքների և արդարության: Պատրաստ ենք սիրով աջակցել:
«Հանուն չորրորդ իշխանության» հասարակական կազմակերպություն