Հուլիսի 26-ին օպերային արվեստի լեգենդ Պլասիդո Դոմինգոն մասնակցել է մալթացի մեծահամբավ տենոր Յոզեֆ Կալեյայի համերգային գործունեության 25-ամյակին նվիրված երեկոյին։ Արտիստները ելույթ են ունեցել Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Համերգը կայացել է Մալթայում՝ Fort Manoel ամրոցում։
Կալեյան նկատում է, որ Դոմինգոյի հետ միասին երգել են արտասահմանում, սակայն նրա հետ հայրենի Մալթայում ելույթ ունենալն իր համար երազանք էր։ Եվ ահա հոբելյանական այս միջոցառմանն այդ երազանքն իրականություն է դարձել։
Տեղեկացնենք, որ աշխարհում մեծ ճանաչում վայելող մալթացի տենոր Յոզեֆ Կալեյային ունկնդրելու հնարավորություն կունենան նաև հայ երաժշտասերները։ Հոկտեմբերի 5-ին տենորը ելույթ կունենա Երևանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
Կարդացեք նաև
Հատկանշական է, որ 2021 թվականի հունիսին Դուբայի օպերային թատրոնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես գալիս Կալեյան, ի թիվս հայտնի արիաների և նախերգանքների, նվագախմբի և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի առաջարկով համերգային ծրագրում ընդգրկել էր նաև Ալեքսանդր Սպենդիարյանի «Այ, վարդ» ռոմանսը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ