Ermenihaber. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի և Մալդիվների արտաքին գործերի նախարար Աբդուլա Շահիդը Հայաստան կատարած այցի ժամանակ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք էր մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Աբդուլա Շահիդն այդ մասին նաև գրառում էր արել Twitter-ում։ Այս հանգամանքը չափազանց զայրացրել է Թուրքիայի իշխանություններին:
ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյայի թվիթերյան հրապարակումից հետո Թուրքիան չեղարկել էր օգոստոսի 8-12-ն Անկարայում կայանալիք դեսպանների համաժողովին Աբդուլա Շահիդի մասնակցության հրավերը:
Թուրքիայի արտգործնախարարությունն այս առնչությամբ մամուլի հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ Թուրքիան դատապարտում և մերժում է «քաղաքական շահարկումների միջոցով պատմական փաստերի ու միջազգային իրավունքի խեղաթյուրման փորձերը»։
Կարդացեք նաև
«Թուրքիան այն կարծիքին է, որ 1915 թվականի իրադարձություններին առնչվող փաստերը պիտի դիտարկվեն լիարժեք, արդար և ազնիվ շրջանակներում», – նշել է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աբդուլա Շահիդը, տեղի տալով Թուրքիայի կոշտ արձագանքին և ճնշումներին, հեռացրել է վերոհիշյալ թվիթերյան հրապարակումը: