Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեղանիս մոտեցան երեք մարդ, որոնցից մեկը տեսախցիկով, և առանց բարևելու, առանց ներկայանալու սկսեցին իրենց շոուն». Զարեհ Սինանյանը՝ Կիպրոսի դաշնակցականների մասին

Հուլիս 29,2022 12:41

ՀՅ Դաշնակցության Կիպրոսի Կոմիտեն հուլիսի 28-ին հանդես էր եկել հայտարարությամբ. «Այս վերջին քանի մը օրերու ընթացքին, Կիպրոսի Կառավարութեան կողմէ կազմակերպուած եւ Կիպրոսի մէջ տեղի ունեցող Սփիւռքեան Համաժողովին, Զարեհ Սինանեանի մասնակցութիւնը անտեղի եւ անյարիր կը նկատենք ե՛ւ նոյնիսկ հակասական: Ինչո՞ւ։ Սոյն հանդիպումին միտք բանին, սփիւռքեան քաղաքական բեմին վրայ ազդեցութիւն ունեցող անձնաւորութիւնները ի մի բերելով, հիմնական օրակարգի մը շուրջ քննարկել ու եզրակացնելն է, թէ ինչպէ՞ս կարելի է համադրել Կիպրական հարցի զանազան ոլորտները, զօրավիգ կանգնիլ երկրի ամբողջականութեան եւ վերամիացման ջանքերուն, ինչպէս նաեւ հակազդել թրքական ծաւալապաշտութեան դէմ:

Կարիք չկայ անդրադառնալու ազերիաթրքական համագործակցութեան եւ այդ ճակատին հաճոյակատար երեւնալու ներկայ իշխանութեանց շարք մը վտանգաւոր ու հիմնական սխալներուն մասին, որոնց աներկբայ ծանօթ են թէ՛ Հայաստանի բնակչութեան ստուար մասը եւ թէ արտերկրի գաղութները ի սփիւռս աշխարհի։ Փաստ՝ Արցախի Հանրապետութեան մեծ մասին յանձնումը թշնամիին՝ իր ծանր ու անդառնալի հետեւանքներով։

Առաւել եւս «Հրաժարիլ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման միջազգային պահանջէն» մտքին սատարող, թշնամիին առջեւ ծունկի եկած եւ ապազգային իշխանութեան ներկայացուցիչը գործ չ՚ունի սփիւռքի որեւէ գաղութի մէջ, մանաւանդ Կիպրոսի մէջ, ուր մերժուած եւ անցանկալի է իր եւ իր նմաններու ներկայութիւնը բոլորիս ծանօթ հակահայ եւ թրքանպաստ քաղաքականութեան պատճառով։

Սփիւռքահայ գաղութները պառակտել փորձող, կառոյցներուն հանդէպ անլուրջ վերաբերմունք ցուցաբերող, սփիւռքահայ քաղաքական գործիչներու Հայաստան մուտքը արգիլող վարչապետի յանձնակատարը՝ Կիպրոսի մէջ ու այսպիսի համաժողովի մը մասնակցելու իրաւունքն իսկ պէտք չէ ունենայ: Մնաս բարով անվերադարձ՝ Սինանեան»:

Այսօր Կիպրոսի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Քասանջյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է. «Կիպրոս նախաճաշի ընթացքին հանդիպեցանք Զարեհ Սինանեանին, ան զարմացաւ եւ շուարեցաւ՝ մենք որոշ բացատրութիւններ տուինք, յանձնեցինք Արցախի դրօշը եւ նամակը մը՝ ապա հեռացանք։ Սինանեան ըսաւ. «Ես Ալեն Սիմոնյանի հետ գործ չունեմ»։

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է կատարվածին. «Երեկ Կիպրոսի ՀՅԴ կենտրոնական կոմիտեն հայտարարություն էր տարածել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի` Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովին մասնակցության կապակցությամբ։ Հայտարարության մեջ ձեզ բոլորիդ հայտնի մեղադրանքներն ու պիտակավորումներն էին։ Դա խնդիր չէ։  Կիպրոսը ազատ երկիր է, ինչպես նաև Հայաստանը` 2018 թվականի մայիսի 8֊ից ի վեր։

Սակայն այս պարոնները չեն կարողանում դիմանալ շոու անելու գայթակղությանը։  Այսօր` օդանավակայան մեկնելուց առաջ, նախաճաշելիս, սեղանիս մոտեցան երեք մարդ, որոնցից մեկը տեսախցիկով, և առանց բարևելու, առանց ներկայանալու սկսեցին իրենց շոուն։ Մնացածը կտեսնեք իրենց կողմից նկարահանած տեսանյութում։ Հուսամ` այս անգամ չեն խմբագրի։

Լավ, բայց ինչո՞ւ այս ամենը չանել քաղաքակիրթ ձևով, ինչո՞ւ գաղտագողի, առանց թույլտվության ներթափանցել հյուրանոցի ճաշարան և դարանակալ հանցագործի պես գործել։ Չհասկացա՞ն, որ այս գործելաոճը նողկալի է, և մերժվում է հայ ազգի կողմից։

Ինչևէ. ամենահաճելին` նվեր ստացա իմ սիրելի Արցախի ևս մեկ դրոշ։ Շնորհակալ լինելով`ստիպված էի պարոններին տեղեկացնել, որ Արցախի դրոշը իմ գրասեղանից անբաժան է։

PS. Խոստանում եմ շուտով վերադառնալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031