Այսօր Հնդկաստանի Չեննայ քաղաքում շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայի մեկնարկից առաջ հայտնի դարձավ, որ Ռուսաստանին եւ Բելառուսին հեռացրել են մրցաշարից, իսկ Պակիստանը ինքն է բոյկոտել օլիմպիադան, քանի որ փոխանցավազքի ընթացքում ջահն անցել է Քաշմիրով, որի նկատմամբ Պակիստանը տարածքային տարաձայնություններ ունի Հնդկաստանի հետ:
Այդուհանդերձ, համաշխարհային օլիմպիադայում այսօր ժամացույցները գործի կդրվեն: Վիճակահանությամբ Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի մրցակիցը Մադագասկարն է: Ըստ խաղատախտակների հաջորդականության, մեր հավաքականի կազմում այսօր հանդես գալու են Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը: Գաբրիել Սարգսյանը հանգստանում է:
Մեր աղջիկներն այսօր խաղում են Բոտսվանայի հետ: Առաջին խաղատախտակի առջեւ Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանն է: Նրա կողքին հանդես կգան Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը եւ Սուսաննա Գաբոյանը: Լիլիթ Մկրտչյանը սպասում է իր հերթին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ