Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը՝ Անկարայի դրդմամբ, դժկամությամբ է քննարկում Մեղրիով նախատեսված ճանապարհի անվտանգությունը ՌԴ զինված ուժերի միջոցով ապահովելու հնարավորությունը. «Հայաստանի Հանրապետություն»

Հուլիս 29,2022 10:58

Օրերս Ղրղըզստանում կայացավ Թյուրքալեզու երկրների հատուկ ծառայությունների 24-րդ կոնֆերանսը, որին մասնակցում էին Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղըզստանի եւ Ուզբեկստանի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ: Հատկանշական է, որ, ի տարբերություն մյուս պետությունների, Ադրբեջանն այդ աշխատանքային հանդիպմանը մասնակցում էր երկու պաշտոնյայով:

Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ընդունելով հանդիպման մասնակիցներին, հայտարարել է, թե թյուրքական երկրների հետախուզական կազմակերպությունները պետք է ուշադրություն դարձնեն Միջին Արեւելքում եւ Աֆղանստանում ահաբեկչական գործունեության աճին, որ հասել է որոշ երկրների տարածքային ամբողջականությանը սպառնացող չափերի։

Այստեղ պետք է հիշատակել Հայաստանի ուղղությամբ վերջին շրջանում Բաքվից հնչող անհեթեթ հայտարարությունները «հայկական ռեւանշիստական ուժերի» մասին: Դա թույլ է տալիս մեզ եզրակացնել, որ Ադրբեջանը հեռու գնացող նպատակներ ունի եւ թյուրքական երկրների անվտանգության օրակարգ կարող է մտցնել հայկական պետություններից իբր եկող սպառնալիքների հարցը եւ այդ ամբողջ կառույցն օգտագործել իր զավթողական քաղաքականության համար:

Այսօր արդեն Ադրբեջանի զինուժը, ողջ երկիրն անցել են Թուրքիայի վերահսկողության ներքո, եւ այդ երկիրը կտրուկ հաճախակիացրել է դեպի Արեւելք իր ազդեցությունը տարածելուն ուղղված քայլերը: Այս ողջ գործընթացը միանշանակ ծավալվում է ոչ միայն ՌԴ-ի ազդեցության թուլացման, այլեւ նրա ձեւավորած ռազմաքաղաքական դաշինքի՝ ՀԱՊԿ-ի հաշվին:

Վերեւում շարադրված գործընթացների եւ նպատակների համատեքստում են դիտարկվում նաեւ Ադրբեջանը Մեղրիով Նախիջեւանին եւ Թուրքիային միացնող հաղորդակցության ուղու շուրջ ծավալվող խմորումները: Թուրքիան ցանկանում է, որ իր տարածքները Ադրբեջանին եւ թյուրքական աշխարհի մյուս պետություններին կապող այդ ճանապարհը վերահսկելի չլինի, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի, այլեւ առաջին հերթին ՌԴ-ի կողմից: Սա է պատճառը, որ այսօր Ադրբեջանը՝ Անկարայի դրդմամբ, դժկամությամբ է քննարկում Մեղրիով նախատեսված ճանապարհի անվտանգությունը ՌԴ զինված ուժերի միջոցով ապահովելու հնարավորությունը: Ավելին՝ այսօր Բաքուն եւ Անկարան ավելի հակված են այդ ճանապարհներին տեսնել միայն ՀՀ զինված ուժերին, քան նրանց կողքին նաեւ ռուս զինվորներին, ինչը նրանց հնարավորություն կտա Ռուսաստանին զրկել տարածաշրջանի ազդեցության եւս մեկ լծակից, որն ամբողջովին տեղավորվում է Թյուրքական աշխարհի միավորման, ասել է թե՝ Պանթյուրքիզմի հակառուսական մարտավարության տրամաբանության մեջ:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031