Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն մերժել է դատավորի դիմումը

Հուլիս 29,2022 13:30

Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ դատավորը դուրս է եկել սահմանադրականությունը պարզելու նպատակով Սահմանադրական դատարան դիմելու իրավունքի իրացման թույլատրելի սահմաններից:

«Առավոտի» հուլիսի 26-ի համարում «Վերաքննիչ դատարանին վերապահվել է լիազորություն, որպիսին այն չունի Սահմանադրությամբ եւ ՀՀ դատական օրենսգրքով» հրապարակմամբ տեղեկացրել էինք, որ Սահմանադրական դատարանը հունիսի 14-ին ստացել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տ. Սիմոնյանի դիմումը` հանձնման թույլտվության սահմանադրականության հարցով: Դատավորը մինչ ՍԴ դիմելը՝ երկու գործով վարույթ է կասեցրել, նշելով, որ գործերով վարույթը կվերսկսվի Սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացնելուց հետո: Մի գործով քաղաքացին ազգությամբ ռուս է, ՌԴ քաղաքացի, մեկով ՌԴ քաղաքացին, ում նույնպես Ռուսաստան արտահանձնելու մասին որոշում են կայացրել՝ հայազգի:

Դատավորը ՍԴ-ին հայտնել էր. «Առկա է հիմնավոր կասկած՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթը հակասահմանադրական լինելու առնչությամբ: Ըստ էության, վերաքննիչ դատարանին վերապահվել է լիազորություն, որպիսին այն չունի Սահմանադրությամբ եւ ՀՀ դատական օրենսգրքով»: Հրապարակումը պատրաստ էր, երբ փաստաբան Արսեն Մկրտչյանից տեղեկացել էի, որ նրա պաշտպանյալի կասեցված գործով դատարանը վարույթը վերսկսելու մասին հուլիսի 20-ին որոշում է կայացրել, նշելով, որ հուլիսի 19-ին ստացվել է ՍԴ որոշումը: Թե ինչ որոշում էր կայացրել ՍԴ-ն, պաշտպանը չգիտեր, քանի որ չէր ստացել:

«Առավոտի» տեղեկությամբ, պարզվեց, որ հուլիսի 14-ին ՍԴ-ն աշխատակարգային որոշում է կայացրել: ՍԴ-ն մերժել է դատավորի դիմումը, հղում կատարելով օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: «Սույն դիմումի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի կողմից չի պահպանվել «իր վարույթում գտնվող կոնկրետ գործով» Սահմանադրական դատարան դիմելու պահանջը, քանզի դիմողն իր որոշմամբ անդրադարձել է մեկից ավելի գործերի եւ իր մտահոգությունը ներկայացրել է մեկից ավելի գործերի առնչությամբ»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,
28.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031