Լրահոս
Օրվա լրահոսը

«Տենորը կնամոլ է, բասը՝ հարբեցող, բարիտոնը՝ գաղափար»

Հուլիս 29,2022 13:00

Հարցազրույց ճանաչված օպերային բարիտոն, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի մեներգիչ Վլադիսլավ Սուլիմսկիի հետ

– Հարգարժան Վլադիսլավ, մեր մասնագետները, օպերասերները, անկասկած, ձեզ ճանաչում են հեռակա եւ ոգեւորությամբ ընդունեցին փաստը, որ առաջին անգամ այցելելով մեր երկիր, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հուլիսի 28-ին, մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Ազգային ակադեմիական երգչախմբի, Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբի ընկերակցությամբ եւ հայազգի օպերային աստղերի հետ՝ սոպրանո Լիանա Ալեքսանյան, տենորներ Արսեն Սողոմոնյան, Տիգրան Հակոբյան, Հայկ Թոնգուրյան, մեցցո սոպրանո Բելլա Ամարյան եւ բասեր Հայկ Տիգրանյան ու Աշոտ Ղանթարջյան, հանդես եք գալու Վերդիի «Օթելլո» օպերայում (համերգային կատարում)։ Տեղեկացված ենք, որ Մարիինյան թատրոնում եք 2004 թվականից եւ մաեստրո Գերգիեւի նախընտրած կամ սիրելի բարիտոններից եք…

– Բեմական կարիերայիս սկզբից ոչ մեկի «լյուբիմչիկը» չեմ եղել, ոչ մեկից ոչինչ չեմ խնդրել… Հաճելի է լսել, որ մաեստրոյի նախընտրելի բարիտոններից եմ։ 2004-ին՝ Իտալիայում կատարելագործվելուց հետո, վերադարձա Սանկտ Պետերբուրգ, իսկ մինչ Իտալիա մեկնելը ես դասերի էի հաճախում Մարիինյան թատրոնին կից ակադեմիայում։ Պետերբուրգ վերադարձիս հաջորդ օրը ինձ ճանաչողները, նույնիսկ չճանաչողները, խորհուրդ էին տալիս երեկոյան անպայման գնալ Մարիինյան թատրոն. հիմա չեմ հիշում, թե ինչ պրեմիերա էր։ Ասում էին՝ Գերգիեւն է ղեկավարելու ներկայացումը, ավարտին մոտեցիր մաեստրոյին, շնորհավորի, երեւա աչքին… Այդպես էլ արեցի, բայց ոչ նրա համար, որ աչքին երեւամ։ Նշեցի, չէ՞, որ մինչ Իտալիա մեկնելը թատրոնին կից ակադեմիայում էի եւ նա հավանաբար լսել էր իմ մասին։ Ինչպես ասացի, ներկայացման ավարտին մոտեցա, շնորհավորեցի մաեստրոյին եւ այն տպավորությունն էր, թե ինձ հիանալի գիտի։ Գերգիեւն ասաց՝ Սուլիմսկի, որտեղ էի՞ր ընդհանրապես, ինչո՞ւ այսքան ժամանակ թատրոնում չես երեւում։ Ես էլ առանց մանրամասնելու պատասխանեցի՝ ինձ բաց թողեցին ակադեմիայից… Չսպասելով մտքիս ավարտին, մաեստրոն զարմացավ՝ ինչպե՞ս, առանց իմ իմացությա՞ն։ Ու հետո շրջվելով դեպի թատրոնի անձնակազմը, որ շնորհավորում էր նրան, ասաց՝ եկեք հենց վաղվանից բարիտոնին վերցնենք մեր թատրոն։ Այդպես էլ եղավ։

– Ռուսաստանյան եւ արեւմտյան մամուլում հաճախ նշվում է, որ Յագոյի դերերգը ձեր այցեքարտն է։

– Այդպես է, բայց մասամբ։ Իսկ ընդհանրապես, եթե խոսքը այցեքարտին է վերաբերում, ապա այն ինձ համար Վերդիի օպերաների՝ դրամատիկ բարիտոնի համար գրված դերերգերն են։

– Կարդում ենք, դարձյալ արեւմտյան մամուլում, որ հավանաբար ճակատագրի բերումով՝ խոսքը բեմականի մասին է, հիանալի եք մարմնավորում հատկապես չարագործների կերպարները, այդ թվում՝ հենց Յագոյի, որը ամեն ինչ նախապես մտածում է ու գործում սեփական վրեժխնդրության ծրագրի համաձայն։ Յագոյի շնորհիվ է, չէ՞, որ Օթելլոն, ով դարձել էր նրա ձեռքի խաղալիքը, երդվում էր վրեժ լուծել Դեզդեմոնայից, մինչդեռ Օթելլոն Յագոյին համարում է անդավաճան բարեկամ…

– Նախ՝ ես փորձում եմ յուրաքանչյուր կերպարի էությանը համապատասխանել, հետո՝ սիրում եմ թուլություն գտնել յուրաքանչյուր կերպարի մեջ կամ ինչ-որ անսպասելի բան։ Ճիշտ նշեցիք՝ Յագոն ամեն ինչ նախապես մտածում է ու գործում վրեժխնդրության ծրագրի համաձայն։ Աշխարհահռչակ դիրիժոր Մունգ-Վուն Չունգը ինձ հետ Յագոյի կերպարը քննարկելիս ասաց՝ նկատե՞լ ես, Յագոյի յուրաքանչյուր մուտքից առաջ մի ակորդ է հնչում, մի տեսակ հպման պես եւ այդ կերպարը հրաշալի իմպրովիզատոր է, ինչը շատ կարեւոր է։ Նրան հաճույք է պատճառում անբարյացակամ խաղալ մարդկանց հետ, ամեն անգամ շախմատիստի պես ընտրելով մի քայլ։ Եվ այս ամենը իր գաղափարի շնորհիվ։ Գաղափար բառը ինձ հիշեցրեց հետեւյալը. մենք բեմական արվեստի մի հրաշալի դասատու ունեինք՝ Կիրիլ Չեռնոզեմովը, որը կատակով ասում էր՝ «տենորը կնամոլ է, բասը՝ հարբեցող, բարիտոնը՝ գաղափար»։

– Ի դեպ, այդ բնորոշումից կարելի է ձեզ վերագրել նաեւ տենորի հասցեին հնչածը, մեծ հաշվով հենց այդ պատճառով կիսատ է մնացել ձեր ուսումը որպես ջութակահար։

– Դա է՞լ գիտեք։ Ուրեմն սկսեմ ամենասկզբից: Մինչեւ 19 տարեկան չեմ երգել։ Այո, ջութակահար էի, սովորում էի քոլեջում։ Սիրում էի աղջիկների հետ ժամանակ անցկացնել, դե հասկանում եք… Ստացվեց այնպես, որ ինձ պարզապես վռնդեցին քոլեջից։ Բայց քոլեջի ուսմասվարը՝ Ալեքսեյ Իվանովը, մեկ-երկու անգամ ներկա էր եղել միջոցառումների, որտեղ ես անվանի երգիչների նմանակումներ էի արել, հրավիրեց ինձ ու ասաց՝ քեզ խորհուրդ եմ տալիս դիմել վոկալի մասնագետի, ինչո՞ւ, որովհետեւ նմանակում անելը շատ բարդ է եւ ցանկացած աշխարհահռչակ երգիչ, եթե ոչ բեմում, գոնե տանը, այս կամ այն արտիստին նմանակել է, ցանկացել է նմանվել նրան։ Դա քեզ մոտ հիանալի է ստացվում։ Դա 1990-ական թվականներին էր։ Ես էլ լսեցի Իվանովի խորհուրդը ու անցա գործի։ Մի շատ կարեւոր բան էլ ասեմ. երգարվեստը իմ մեջ հետք է թողել տատիկիս շնորհիվ։ Դեռ մանկուց՝ 4-5 տարեկանում, հասկանալի է, չէ՞, որ չէի կարող ջութակ նվագել, բայց պարոդիա անում էի, իսկ տատիկս ուներ համաշխարհային երգիչների կատարումներով ձայնասկավառակների հավաքածու, որը ես ժամերով լսում էի ու չէի հոգնում։

– Յագոյի կերպարով բազմաթիվ անգամ ու տարբեր դիրիժորների ղեկավարությամբ եք հանդես եկել։ Դեռեւս փորձեր են ընթանում, բայց կուզեինք իմանալ ձեր տպավորությունը մեր օպերասեր, ավելին՝ օպերային արվեստի ֆանատ մաեստրոյի՝ Էդուարդ Թոփչյանի այս օպերայի մեկնաբանման մասին։

– Ենթադրում եմ, որ «օպերասեր» եւ «ֆանատ» որակումները հենց այնպես չասացիք։ Առաջին փորձից եւեթ, ըստ էության սիմֆոնիկ դիրիժոր Թոփչյանից զգացի, որ նա տարված է օպերային արվեստով այնպես, ինչպես, օրինակ՝ ռումինացի աշխարհահռչակ դիրիժոր Քրիստիան Բադեան, որի ղեկավարությամբ, դարձյալ համերգային կատարմամբ, վերջերս եմ հանդես եկել «Օթելլո»-ում։ Նա նույնպես սիմֆոնիկ գործերին զուգահեռ, անդրադառնում է օպերաների եւ բարձրարվեստ ներկայացնում դրանք։ Ինչ վերաբերում է ֆանատ լինելուն, հարգում եմ նման արվեստագետներին, եւ ոչ միայն, որոնք իրենց նեղ մասնագիտականից բացի, կարողանում են հիանալի հանդես գալ նաեւ այլ ոլորտում։

– Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է ստացվել մաեստրո Թոփչյանի կողմից ձեր հրավերը։

– Կոնկրետ այս հրավերում իր դերակատարումն ունեցավ ռուսաստանաբնակ ձեր հայրենակիցը, հիասքանչ տենոր, իմ լավ բարեկամ Արսեն Սողոմոնյանը, որը կատարելու է Օթելլոյի դերերգը։ Իսկ ընդհանրապես, ծանոթ եմ ու համագործակցել եմ հայազգի այնպիսի անվանի երգիչների հետ, ինչպիսիք են Հասմիկ Գրիգորյանը, Գեւորգ Հակոբյանը, Միհրան Աղաջանյանը, Հովհաննես Այվազյանը…

– Դարձյալ անդրադառնանք արեւմտյան մամուլին, որը հաճախ է ներկայացնում նաեւ ձեր ամենօրյա ոչ ստանդարտ հագուկապը։

– Թույլ տվեք ընդամենը մեկ նախադասությամբ պատասխանել։ Երազանքս է կարիերայիս զուգահեռ ստեղծել հագուստի սեփական բրենդ, որտեղ տեղ կգտնեն օպերաների հերոսների բեմական հագուստներից տարրեր։ Համոզված եմ, սա էլ առիթ կլինի յուրատեսակ կերպով շփվել օպերային արվեստի հետ։

Զրույցը՝
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ,
28.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031