Լուսանկարն ունի՞ զորություն՝ փոխանցելու ուրիշների տառապանքները, լուսանկարը կարո՞ղ է հուշել դիտողին՝ փոխել պատերազմի վերաբերյալ իր քաղաքական գնահատականը: Այս հարցերի շուրջ խորհրդածություններն են ամփոփված ամերիկացի հեղինակ Սյուզան Սոնթագի «Ուրիշների ցավին հայելիս» գրքում, որը հայերեն տպագրել է Հայաստանի ամերիկյան համալսարանի հրատարակչությունը: Սա հրեական արմատներով ամերիկացի հայտնի գրող Սոնթագի գրքերից առաջին հայերեն թարգմանությունն է: Գրողը եղել է ու նույնիսկ դիմադրության գործողություններ է կազմակերպել պատերազմի գոտիներում՝ Վիետնամում, Բոսնիայում, Սարաեւոյում: Նա համարում է, որ «որոշ լուսանկարների ծանոթ լինելը ձեւավորում է ներկայի եւ անմիջական անցյալի վերաբերյալ մեր զգացումը: Լուսանկարները քարտեզագրում են հղման ուղիները եւ ծառայում են որպես պայքարների տոտեմներ. զգացմուքն ավելի շուտ բյուրեղանում է լուսանկարի շուրջ, քան բանավոր կարգախոսի: …Մեկը կարող է իրեն պարտավորված զգալ՝ նայելու այն լուսանկարներին, որոնք մեծ դաժանություններ ու հանցագործություններ են արձանագրում: Մեկը պետք է իրեն պարտավորված զգա՝ մտորելու այն մասին, թե ինչ է նշանակում դրանց նայել, թե որքանն է հնարավոր յուրացնել դրանց ցուցադրածից: Այդ նկարների ոչ բոլոր հակազդեցություններն են կառավարվում բանականությամբ եւ խղճով»:
Աշխատության թարգմանիչը ՀԱՀ «Թարգմանության վկայագիր» ծրագրի շրջանավարտ Գայանե Թեւոսյանն է, խմբագիրը՝ նույն ծրագրի համակարգող, ՀԱՀ դասախոս, թարգմանության տեսաբան Շուշան Ավագյանը: Նրա խոսքով, գրքի վերնագրի («Regarding the Pain of Others») «regarding» բառը կարող է երկու իմաստով ընթերցվել՝ որպես կապ (վերաբերյալ) եւ որպես բայ (հայել, նայել), բայց բուն տեքստում այն հետեւողականորեն որպես բայ է կիրառվում: «Ասել է, թե գիրքը ոչ թե ընդհանրապես ուրիշների ցավի վերաբերյալ է, այլ շատ կոնկրետ ուրիշների ցավին հայելու մասին է՝ թե ինչպես են նայում ուրիշների ցավին: Սոնթագը հստակ հետադարձ հայացք ունի. Նա քննում է նայողին եւ ակնարկում, որ նայելու կերպը (ինչպես են նայում եւ ինչ են տեսնում) նախեւառաջ նայողին է բնորոշում»,- ասում է Շուշան Ավագյանը: Եվ գրքի թարգմանչի հետ նրանք ընդհանուր հայտարարի են եկել՝ ե՛ւ վերնագրում, ե՛ւ առանձին նախադասություններում կիրառել «հայել» բառը՝ նկատի առնելով նաեւ նույնարմատ այլ բառերը՝ «հայելի», «հայացք», «հայեցողություն» եւ այլն:
Խմբագիրը մեկնաբանում է՝ Սոնթագը հենց այս առնչություններն է ստեղծում. ուրիշների ցավը արձանագրող լուսանկարը արտացոլում է այն նայողի (ենթա)գիտակցությունն ու արձագանքը, թե նա ինչ է ուզում (չ)տեսնել եւ (չ)անել: «Թող ոճրի պատկերները հետապնդեն մեզ: Թեեւ դրանք զուտ խորհրդանշական են եւ չեն կարող ընդգրկել այն ամբողջ իրականությունը, որին այդ պատկերները հղում են անում, դրանք, միեւնույն է, կենսական նշանակության գործառույթ ունեն: Պատկերներն ասում են՝ ահա թե ինչի է ընդունակ մարդ արարածը, ինչ կարող է նա անել կամավոր խանդավառությամբ, ինքնիրավորեն: Մի մոռացեք»,- գրում է Սոնթագը:
Գրքի որոշ հատվածների թարգմանությանը մասնակցել են նաեւ ՀԱՀ Թարգմանական ծրագրի տարբեր տարիների 3 տասնյակից ավելի շրջանավարտ-թարգմանիչներ եւ նրանց բոլորի անունները խմբագիրը հիշատակել է նախաբանում: Սոնթագի որդուց՝ Դեյվիդ Ռիֆից ստանալով հայերեն թարգմանության իրավունքը, գրքի ամբողջական թարգմանության պատասխանատվությունը Գայանե Թեւոսյանն է ստանձնել: Սոնթագի լեզուն, ըստ նրա, հարուստ է ու բարդ, «հեղինակը հմտորեն օգտագործում է բառախաղեր, որոնց ճիշտ թարգմանության փնտրտուքները նման են բարդ գլուխկոտրուկ կամ հանելուկ լուծելու, եւ որքան շատ ես լուծում նման գլուխկոտրուկներ, այնքան ավելի ես ընկղմվում թարգմանական «հետախուզության» մեջ՝ ձգտելով հայտնաբերել նոր բառախաղեր եւ դրանց իմաստները մատուցել մայրենի լեզվով»: Ի դեպ, հանրահայտ են նաեւ Սյուզան Սոնթագի «Ընդդեմ մեկնաբանության» (1966) էսսեների ժողովածուն, «Լուսանկարչության մասին» քննադատական աշխատությունը (1977), «Ուղեւորություն դեպի Հանոյ» գիրքը (1968), որը համարվում է նրա բողոքի ձայնը՝ ընդդեմ Վիետնամի պատերազմի: Սոնթագը բազմաթիվ պատմվածքների, պիեսների եւ չորս վեպի հեղինակ է: Նրա՝ «Հրաբխի սիրահարը» (1992) եւ «Ամերիկայում» (1999 թ.), վեպերը Գեղարվեստական գրականության ազգային մրցանակի են արժանացել։
«Ուրիշների ցավին հայելիս» գրքի թարգմանության բուն ընթացքը խորհրդանշորեն համընկել է Արցախի երկրորդ պատերազմի թեժ օրերի հետ: Թարգմանիչը փաստում է, որ 2003թ.-ին հեղինակած այս աշխատությունում Սոնթագը բարձրաձայնում է խնդիրների մասին, որոնք հենց այսօր էլ արդիական են. «Օրինակ, մարդկանց սառնասրտությունն ու անտարբերությունը այլոց ցավի ու դժբախտության հանդեպ… Գրքի միջոցով Սոնթագը կարծես փորձում է բացել մարդկանց շղարշով ծածկված աչքերը, հանել վարդագույն ակնոցները նրանց աչքերից ու փափկացնել նրանց քարացած սրտերը: Տողերի արանքում կարծես ասում է՝ մարդի՛կ, կա՛նգ առեք, այս ի՞նչ եք անում»:
Սոնթագի «ճիչը» ժամանակի գրական քննադատներին լսելի է դարձել: Ամերիկացի փիլիսոփա ու գրաքննադատ Ջուդիթ Բաթլերը իր «Լուսանկարչություն, պատերազմ, անարգանք» (2005թ.) հոդվածում գրել է. «Սոնթագը… կատաղում է լուսանկարի դեմ, ինչպես անում է, երբ նկարագում է անարդարությունը, որին չգիտի ինչպես հակազդել… Լինել, այսպես ասած, սպիտակամորթ լիբերալ, որին անհանգստացնում է այն հարցը, թե ի՞նչ կարելի է անել քաղաքական առումով, լինել ինքնազբաղ, մեղավոր, ներաքննական, նույնիսկ նարցիսիստ (հեղ. Ս.Մ.-ինքնապաշտ) ու դարձյալ չգտնել ուրիշների տառապանքներին արդյունավետ արձագանքելու միջոցը: Նա մոռանում է, սակայն, որ գրում է նրանց մասին եւ որ իր գրվածքները դառնում են այդ պատերազմների մասին հանրային ամենաազնիվ եւ հատու քննադատությունները»:
Քաղցկեղի դեմ պայքարելիս է Սոնթագի զննող խոշորացույցի տակ ստեղծվել «Հիվանդությունը՝ որպես փոխաբերություն» (1979թ.) աշխատությունը: Իսկ «Ուրիշների ցավին հայելիս»-ը (2003 թ.) նրա վերջին գիրքն է: Հայերեն թարգմանության շնորհանդեսը, ըստ խմբագիր Շուշան Ավագյանի, նախատեսում են կազմակերպել սեպտեմբերի 27-ին Արցախյան չարաբաստիկ պատերազմի օրը: Գիրքը հասանելի կլինի Հայաստանի գրեթե բոլոր գրադարաններում, այն արդեն հնարավոր է անվճար ձեռք բերել ՀԱՀ Փափազյան գրադարանից: Թարգմանությունը նվիրվում է Արցախի գոյամարտում հերոսաբար մարտնչած եւ անմահացած հայ մարտիկների, նաեւ զոհված քաղաքացիական անձանց անմար հիշատակին:
Սիրանույշ ՄՈՒՐԱԴՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
28.07.2022