Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինն ու Բայրաքթարը

Հուլիս 29,2022 12:00

ՌԴ նախագահը Էրդողանի փեսա Սելչուկ Բայրաքթարի գործընկերը դառնալու հարցում նոր «բարձունքներ» է ձգտում գրավել

Օրերս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազանգեր ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: «Քննարկման առարկա են դարձել, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը վերաբերող հարցեր: Պետքարտուղար Բլինքենն ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող աջակցելու նշված բոլոր հարցերի լուծումներին», ասվում էր ՀՀ կառավարության տարածած մամլո հաղորդագրությունում:

Նշվում էր նաեւ, որ Փաշինյանը վերահաստատել է խաղաղության օրակարգին իր նվիրվածությունը եւ ընդգծել, որ Հայաստանի հանրությունն աջակցում է այդ ուղեգիծը. «Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղի ունեցող գործընթացները: Պետքարտուղարը ողջունել է Հայաստանի վարչապետի եւ Թուրքիայի նախագահի ս/թ հուլիսի 11-ին տեղի ունեցած հեռախոսազրույցը եւ ԱՄՆ պատրաստակամությունն արտահայտել աջակցելու երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը»:

ԱՄՆ Պետդեպի կայքում հրապարակված մամլո հաղորդագրություններից պարզ է դառնում, որ պետքարտուղար Բլինքենը թե՛ Փաշինյանի, թե՛ Ալիեւի հետ հեռախոսազրույցների ընթացքում՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու հնարավորությունը Հայաստանի եւ Ադրբեջանի համար՝ «պատմական» է անվանել եւ առաջարկել է ԱՄՆ-ի օգնությունը տարածաշրջանային տրանսպորտային եւ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման համար։

Խրախուսելով ու ողջունելով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը Թբիլիսիում, եւ վերահաստատելով աջակցությունը ԵՄ-ի միջնորդությամբ արդյունավետ քննարկումներին, ուշագրավ է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը ընդգծել է ԱՄՆ-ի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ լինելու հանգամանքը եւ շեշտել է, որ այդ համատեքստում պատրաստ է երկկողմանի եւ համախոհ գործընկերների հետ ներգրավել գործընթացում՝ աջակցելու Հայաստանին եւ Ադրբեջանին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն:

ԱՄՆ պետդեպը նմանատիպ մամլո հաղորդագրություն է տարածել նաեւ Բլինքեն-Ալիեւ հեռախոսազրույցի առնչությամբ, միայն այն տարբերությամբ, որ ԱՄՆ պետքարտուղարն Ալիեւին հորդորել է՝ ազատ արձակել «բոլոր մնացյալ հայ ձերբակալվածներին»:

Այսպես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Մոսկվան ամերիկյան նախորդ առաջարկը՝ հանուն Լեռնային Ղարաբաղին ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում համագործակցել, հօդս ցնդեցրեց, նկատենք, որ պետքարտուղարը շեշտելով ԱՄՆ-ի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ լինելու հանգամանքը, նաեւ ընդգծել է, որ պատրաստ են ե՛ւ երկկողմանի, ե՛ւ համախոհ գործընկերների հետ ներգրավել գործընթացում: Այսինքն, ինչ-որ առումով Մոսկվայի՝ ԵԱՀԿ ՄԽ-ի ձեւաչափ վերադառնալու պատուհանը բաց է թողնված: Այլ հարց է, որ Մոսկվան՝ Անկարայի ու Բաքվի շահերի բավարարման դաշտում, այլեւս, ի վիճակի չէ դեպի ԵԱՀԿ Մինսկի խումբ վերադարձի քայլ կատարել, բայց ոչ վարպետորեն սկսել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության արգելափակման մեղքը գցել Արեւմուտքի վրա՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմից հետո ստեղծված իրավիճակով: Մինչդեռ ակնհայտ էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն արգելափակվել էր Ուկրաինայում պատերազմից առաջ Մոսկվայի թողտվությամբ ու մասնակցությամբ:

Եթե ՌԴ-ն ԵԱՀԿ ՄԽ-ի ձեւաչափին հավատարիմ էր, ապա Մոսկվան նոյեմբերի 9-ից հետո դեռ ուներ ժամանակ եւ հնարավորություն այդ ձեւաչափի գործունեությանը նպաստել, բայց դա չի արվել, իսկ մնացածն, ինչպես ասում են՝ լիրիկա է:

Ինչեւէ, Փաշինյանի ու Ալիեւի հետ ունեցած Բլինքենի հեռախոսազրույցներից մեկ օր անց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում փաստել է, որ ԱՄՆ-ը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի ապաշրջափակման հարցում տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունը: Խոսելով պետքարտուղարի զանգերի մասին՝ դեսպանն ընդգծել է. «Դա շատ ջերմ հեռախոսազրույց էր։ Պետքարտուղարը ընդգծել է իր ընկալումը, եւ ես կարծում եմ, որ դա Միացյալ Նահանգների ընկալումն է, որ մենք պատմական հնարավորություն ունենք առաջընթաց գրանցելու՝ տարածաշրջանում շատ երկարատեւ հակամարտության կայուն եւ համապարփակ խաղաղ կարգավորմանը հասնելու ուղղությամբ։ Դա չի նշանակում, որ հեշտ է լինելու… Բայց, միեւնույն ժամանակ, մենք այլընտրանք չենք տեսնում, քան հետամուտ լինել եւ աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին՝ ուղիղ բանակցելու եւ փորձելու հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Եվ մենք պատրաստվում ենք կենտրոնացած մնալ դրա վրա: Դիվանագիտական մեծ ներգրավվածություն կա, եւ ոչ միայն Միացյալ Նահանգներից:
Եվրոպական միության մեր գործընկերները եւս ներգրավված են, ինչպես նաեւ ուրիշներ։ Եվ ես կարծում եմ, որ դա շատ օգտակար է այս թափը պահպանելու համար, եւ հասկանալու, որ դրանք բարդ հարցեր են, եւ լուծումները հեշտ չեն լինի։ Բայց մենք պետք է համառենք»:

Հարցին, որ պետքարտուղարն առաջարկել է ԱՄՆ-ի աջակցությունը տարածաշրջանում տրանսպորտային եւ հաղորդակցական կապերի դյուրացման գործում, ինչ օգնություն է առաջարկում Վաշինգտոնը, դեսպան Լին Թրեյսին պատասխանել է. «Այն, ինչ մենք քննարկում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների հետ, որոշակի տեխնիկական աջակցությունն է, որոշ տեխնիկական գնահատականներ, որոնք կնպաստեն տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Մենք շատ ենք կարեւորում այդ նպատակը։ Նշեմ, որ մյուս թեման, որին անդրադարձել է պետքարտուղարը, վերաբերում էր Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը։ Այդ ուղղությունը եւս մենք շատ կարեւոր ենք համարում: Մենք ողջունում ենք այն քայլերը, որոնք մինչ այժմ արել են Հայաստանն ու Թուրքիան, եւ երկու կողմերին էլ կոչ ենք անում առաջընթաց գրանցել: Որովհետեւ մենք տեսնում ենք, որ այս հարցերից շատերը, ի վերջո, փոխկապակցված են եւ, երբ տեսնում ենք դրական քայլեր մեկ ուղղությամբ, դա կարող է ամրապնդել թափը՝ հասնելու տարածաշրջանում առավել լայն խաղաղության»:

Ի պատասխան հարցին, որ Անկարան շարունակում է գործընթացը կապել հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, եւ պայմաններում հաշտեցումն իրատեսակա՞ն է, դեսպանը նկատել է. «Կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք փորձարկել առաջարկներն ու ներգրավվածությունները, փորձենք ոլորտները, որոնք առանձնացվել են Հայաստանի եւ Թուրքիայի կողմից։ Մենք նաեւ տեսել ենք լավ բանակցություններ հատուկ բանագնացների մակարդակով, որոնց արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել որոշ սահմանային կետերի բացման վերաբերյալ: Մենք տեսել ենք որոշակի պայմանավորվածություն ուղիղ բեռնափոխադրումների վերաբերյալ: Մանրամասները պետք է մշակվեն, եւ կարծում եմ, որ այստեղ է, որ մենք կշարունակենք խրախուսել ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Թուրքիային առաջընթաց գրանցել եւ տեսնել, որ առաջընթացն այստեղ, ի վերջո, կարող է իր դրական ներդրումն ունենալ հայ-ադրբեջանական քննարկումներում»:

Չնայած ամերիկյան կողմի մոտ առկա լավատեսական տրամադրություններին, նկատենք, որ թուրքական կողմից ստացված որոշ գնահատականներ հիմք ընդունելով, կարելի է արձանագրել, որ Անկարան Հայաստանի համար «ծուղակ» է լարել:

Ինչպես հայտնել է ermenihaber-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական պետական «TRT» ցանցի մեջ մտնող լրատվամիջոցներին հարցազրույց է տվել, որի ընթացքում անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին եւ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին: «Վարչապետ Փաշինյանի հետ երկու երկրների կրոնական տոների շրջանակում մի հեռախոսազրույց ենք ունեցել, որի ընթացքում փոխադարձ շնորհավորանքներ ենք հղել։ Անշուշտ, խոսել ենք նաեւ մեր երկրի եւ Հայաստանի միջեւ շարունակվող կարգավորման գործընթացից»,- ասել է Էրդողանը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանն ի սկզբանե Թուրքիայի համար եղել է՝ «կարմիր գիծ» եւ որ Ադրբեջանի խնդիրները լուծելուց հետո նոր Անկարան կբացի սահմանները: «Գոհունակությամբ ընդունեցի, երբ լսեցի, որ վարչապետ Փաշինյանը տարածաշրջանային խաղաղության եւ համագործակցության տեսանկյունից կիսում է մեզ հետ նման մտքեր։ Բայց արդեն ակնկալում ենք, որ խոսքից այն կողմ կոնկրետ քայլեր անեն»։

Այսինքն, Լեռնային Ղարաբաղի խնդիրը «լուծած» Բաքուն ու Անկարան հիմա Երեւանից ակնկալում են «քայլեր», որոնք, կարելի է ենթադրել, միայն այն պարագայում, եթե բավարարեն Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանություններին, միայն դրանից հետո Անկարան կբացի սահմանները:

Ուշադրություն դարձրեք, Էրդողանը չի ասում՝ Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն: Այսինքն, կլինի քայլ՝ կբացենք սահմանը, կլինի՝ մեկ այլ քայլ՝ մենք էլ կպատասխանենք մեկ այլ քայլով: Այսինքն, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման խնդիրը Անկարայի ձեռքում նոր գործիք է՝ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակները իրագործելու ճանապարհին ու Անկարան դա չի էլ թաքցնում:

Իհարկե, Էրդողանը նույն հարցազրույցում փորձել է ցույց տալ, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիան որքան լուրջ ու վճռական է տրամադրված, եւ հետապնդում է ամբողջական կարգավորում եւ բարիդրացիական հարաբերությունների հաստատելու նպատակ։ Էրդողանը հիշեցրել է Թուրքիայում ապրող, ըստ նրա՝ ավելի քան 100 հազար հայերի մասին. «Ներկա պահին Թուրքիայում կա ավելի քան 100 հազար հայ, որոնց մեջ կան եւ մեր քաղաքացիներ եւ ոչ մեր քաղաքացիներ, բայցեւայնպես քաղաքացիության թեկնածու հայեր։ Ահա սա է ցույց տալիս մեր մոտեցումը»:

Եվ վերջում, Թուրքիայի նախագահը հերթական անգամ հիշեցրել է, որ Անկարան իր գործողությունները համակարգում է Բաքվի հետ: Այսինքն, եթե Ալիեւը գոհ կլինի Հայաստանից՝ մենք էլ գոհ կլինենք, եթե ոչ, ուրեմն՝ պարբերաբար ի լուր աշխարհի կհայտարարեն, որ Հայաստանի «խոսքից գործի պետք է անցնի»:

Երեւանի «խոսքից գործի» անցնելու հարցում, ինչպես վերջին առնվազն 10 տարիներին, Անկարան, վստահաբար, Մոսկվայի «աջակցությունն» է ակնկալելու: Դեռ մինչեւ 44-օրյա պատերազմը, Թուրքիայի նախագահը մի քանի անգամ հայտարարեց, որ ԼՂ-ի խնդրի լուծման ճանապարհին Ռուսաստանի հետ են բանակցում եւ ՌԴ-ի աջակցությունն են ակնկալում… Ոչ թե՝ ԵԱՀԿ Մինսկի խմբինը:
Թերեւս, իրավիճակը նույնն է հիմա նաեւ հետպատերազմական այս փուլում: Պարզապես տարբերությունն այն է, որ մեկուսացած ՌԴ-ն այսօր էլ ավելի է ձգտում Թուրքիայի հետ համագործակցության հարցում նոր բարձունքներ գրավել:

Էրդողանն օրերս մի ուշագրավ լուր հայտնեց: Պարզվում է, Պուտինը ցանկություն է հայտնել համագործակցություն հաստատել Bayraktar անօդաչու թռչող սարքերի թուրքական արտադրողի հետ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահին առաջարկել է Ռուսաստանում անօդաչու թռչող սարքերի գործարան կառուցել, այդ մասին հայտնում էին լրատվամիջոցները, հղում անելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: «Պուտինն ինձ ասաց, որ ցանկանում է աշխատել Բայքար ընկերության հետ։ Նա առաջարկել է գործարան հիմնել Ռուսաստանում, ինչպես արեցին ԱՄԷ-ում»,- ասել է Էրդողանը՝ կուսակցության ղեկավարության հետ հանդիպմանը:

Ուշագրավն այն է, որ ընդամենը մի քանի օր առաջ թուրքական աղբյուրները տարածում էին ընկերության գործադիր տնօրեն Հալուկ Բայրաքթարի հարցազրույցը ամերիկյան լրատվամիջոցին, որում նա ասում էր, որ ընկերությունը չի պատրաստվում անօդաչու սարքեր վաճառել Ռուսաստանին, քանի որ իրենք աջակցում են Ուկրաինային։

Նկատենք, որ 2021-ից Ուկրաինան անօդաչուների հիմնական գնորդ է եւ ռուս-ուկրաինական պատերազմում անօդաչուները նշանակալի դերակատարություն ունեն. ուկրաինական աղբյուրները պարբերաբար տեսանյութեր են հրապարակում ընդդեմ ռուսական կողմի կիրառվող անօդաչուների «թռիչքներից» ու հարվածներից: Իսկ վերջերս Ուկրաինայի կառավարությունը թույլատրեց «Բայրաքթարների» արտադրությունն իր տարածքում:

Հիշեցնենք, որ «Baykar Makina»-ն հիմնադրվել է 1984 թվականին՝ Օզդեմիր Բայրաքթարի կողմից, այժմ պատկանում է Հալուկ, Ահմեդ եւ Սելչուկ Բայրաքթարներին։ Վերջինս ամուսնացած է Էրդողանի դստեր հետ։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 28.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031