Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավտոմեքենան բնակարան է». դատավճռին սպասելիս

Հուլիս 29,2022 14:00

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանի վարույթում էր գտնվում «մաքսայինի գործը»: Մինչ դատաքննությունը կընթանար, հուլիսի 1-ից այլեւս չի գործում ՀՀ 2003թ.-ի քրեական օրենսգրքի 267.1-րդ եւ 266-րդ հոդվածները, որոնցով մեղադրվել է Կարեն Հովհաննիսյանը:

Գործով միակ ապացույցն, ըստ ամբաստանյալ Կարեն Հովհաննիսյանի պաշտպան, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի, մեքենայի զննման (խուզարկության) ակտն էր, որը կատարվել է առանց հետաքննության մարմնի կամ դատարանի որոշման, քանի որ ավտոմեքենան բնակարան է։ Բացի այդ, ըստ փաստաբանի, ընթերակաների մասով կեղծված է, որը հաստատված փաստ է, զննության (խուզարկության) ժամանակ ընթերակաները դեռեւս Վրաստանում են եղել, ՀՀ մուտք են գործել զննությունը (խուզարկության) ավարտվելուց 3-4 ժամ անց։ Կեղծիքի մասով նաեւ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում: «Այլ ապացույց ուղղակի գոյություն չունի, ավելին, գործում կա 4-5 րոպեանոց տեսագրություն, որից երեւում է, որ հայտնաբերված թմրամիջոցը անհասկանալի է, թե որտեղից է հայտնվում մաքսավորների ձեռքում, համենայնդեպս, ավտոմեքենան քրքրելուց նման բան չի հայտնաբերվել»,-«Առավոտին» հայտնեց Լ. Սիմոնյանը:

Վերջինս հանդես է եկել պաշտպանական ճառով: Մեղադրողը նույնպես: Իսկ նախապատմությունը հետեւյալն է, դատավորը, որը երկու ամիս հետո գնալու է թոշակի, մտել է խորհրդակցական սենյակ, դատավճիռ կայացնելու: Այս քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել Կարեն Հովհաննիսհանին: ՀՀ 2003թ. խմբագրությամբ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով եւ 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ Արա Քոթանջյանին:

Պաշտպանական կողմը հղում է կատարել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» 2022թ. հունիսի 9-ի ՀՕ-144-Ն օրենքի 1-ին հոդվածին՝

1. Սույն օրենքով 2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ է դրվում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 5-ի քրեական օրենսգիրքը (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք):

2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը, հայտնեց, որ Կարեն Հովհաննիսյանը չի կարող մեղավոր ճանաչվել եւ դատապարտվել մի օրենսգրքի որեւէ հոդվածով, որը այլեւս գոյություն չունի՝ ուժը կորցված է ճանաչվել:

Ըստ մեղադրական եզրակացության. «Կարեն Հովհաննիսյանը, ինչպես նաեւ ընկերը՝ Արա Քոթանջյանը, նախկինում դատապարտված լինելով թմրամիջոցների ապօրինի իրացման համար, 2019 թ. դեկտեմբեր ամսին նախանական համաձայնության են եկել՝ ձեռք բերել «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց, մաքսանենգությամբ տեղափոխել ՀՀ եւ այն ՀՀ-ում ապօրինի իրացնելու հարցում: Հանրորեն վտանգավոր մտադրություններն ի կատար ածելու նպատակով, Կ.Հովհաննիսյանը, վարելով նաեւ կնոջը պատկանող ավտոմեքենան, 2019թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 06:08-ին, իսկ Ա. Քոթանջյանը, մինչ այդ, ժամը 06:03-ին, ՀՀ Բագրատաշենի անցակետով հատել են ՀՀ սահմանը՝ դեպի Վրաստան, որտեղից էլ նույն օրը մուտք են գործել Ռուսաստանի Դաշնության տարածք: Այնուհետ, Կ.Հովհաննիսյանը եւ Ա. Քոթանջյանը քննությամբ չպարզված հանգամանքներում ձեռք են բերել «B8» ներհրված դաջվածքով, առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 4,128 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 516 հաբ, որոնք մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, ՀՀ տեղափոխելու նպատակով թաքցրել են 6 հատ «Լենտիլկի» (LENTILKI) գրառմամբ կոնֆետների տուփերի մեջ՝ միախառնելով դրանցում եղած կոնֆետների հետ: Դրանից հետո, Կ.Հովհաննիսյանը եւ Ա. Քոթանջյանը թմրամիջոցի պարունակությամբ նշված կոնֆետների տուփերն այլ քաղցրավենիքի հետ՝ 1 պոլիէթիլային փաթեթով, տեղադրել են ավտոմեքենայի բեռնախցիկում եւ ուղեւորվել են Հայաստան: 2019թ. դեկտեմբերի 21-ին վերջիններս հասել են ՀՀ սահմանը…: ՀՀ ՊԵԿ Արեւելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի տարածքով տեղափոխել են ՀՀ եւ ապօրինի պահել «ՎԱԶ 21130-120» մակնիշի 55 LR 055 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի բեռնախցիկում, որոնք 2019թ. դեկտեմբերի 21-ին, ժամը 18:00-ին, հայտնաբերվել են ՊԵԿ աշխատակիցների կողմից՝ իրականացված մաքսային զննման արդյունքում»:

Պաշտպանական կողմի համաձայն, Կարեն Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը ապացուցված չէ, այն հիմնված է անթույլատրելի ապացույցների, կեղծիքի հիման վրա ստեղծված ապացույցների եւ ենթադրությունների վրա, քրեական գործով ձեռք չի բերվել որեւէ փաստական տվյալ՝ օրինական ապացույց, որից կարելի էր գալ այն հետեւության, որ Կարեն Հովհաննիսյանը կատարել է իրեն մեղսագրված արարքը:

Լ.Սիմոնյանին հարցրեցինք, թե դատաքննության փուլում հետազոտվել է տեսանյութ, ի՞նչ տեսանյութ է եղել այն: «Դատական քննության ժամանակ հետազոտված տեսանյութը մի քանի րոպեանոց է, դրանում բացակայում է՝ կատարված գործողության սկիզբը եւ ավարտը, համապատասխան արձանագրությունը կազմելու փաստը, ինչպես նաեւ ընթերակաների ներկայությունը, գործողության սկզբնական հատվածի բացակայության պայմաններում նույնիսկ հնարավոր չէ փաստել, թե կոնֆետների տուփերը հանվել են «ՎԱԶ 21130-120» մակնիշի 55 LR 055 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի բեռնախցիկից, թե ոչ: Այդ տեսանյութը նույնպես վկայում է, որ տեղի է ունեցել Կարեն Հովհաննիսյանի կողմից վարած «ՎԱԶ 21130-120» մակնիշի 55 LR 055 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի խուզարկություն եւ ոչ թե զննություն»,-ասաց Լ.Սիմոնյանը:

Պաշտպանական ճառում փաստաբանը ասել էր. «Դատաքննության ժամանակ հետազոտված տեսանյութը կիսատ է, ամբողջական չէ: Ըստ ավտոմեքենայի զննումը կամ խուզարկությունը կազմված ակտի, այն սկսվել է ժամը 18:00-ին եւ ավարտվել է 22:30-ին, իսկ տեսանյութի տեւողությունը կազմում է ընդամենը 4 րոպե եւ մի քանի վայրկյան, ինչպես նաեւ տեսանյութում երեւացող մաքսային աշխատակից հանդիսացող հետաքննության մարմնի ներկայացուցչի ժամացույցը ցույց է տալիս 18:15 րոպեն, երբ արդեն իսկ մեքենայում գտնվող աբողջ իրերը դուրս են հանված, բեռնախցիկը, դռները եւ դիմացի խցիկը, բացված վիճակում են, մեքենայից հանված իրերը շարված են գետնին»:

Խոսենք մեքենայի մասին: Տվյալ ավտոմեքենան, ինչպես նշեցինք, համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված ավտոմեքենա է, օրենքի ուժով հանդիսանում է նաեւ Հովհաննիսյանի ավտոմեքենան:

ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք:
3. Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով: Օրենքով կարող են սահմանվել դատարանի որոշմամբ բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման այլ դեպքեր»:
«Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Ոչ ոք չի կարող ենթարկվել (…) քմահաճ կամ անօրինական ոտնձգության իր բնակարանի անձեռնմխելիության (…) նկատմամբ»:
Լ.Սիմոնյանը հղում է կատարում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ կետին, համաձայն որի՝ բնակարան` շենք կամ շինություն, որը մշտապես կամ ժամանակավորապես օգտագործվում է որոշակի անձի կամ անձանց բնակության համար, այդ թվում` սեփական կամ վարձակալած բնակարանը, այգետնակը, հյուրանոցային համարը, նավախցիկը, գնացքի ճամփորդախցիկը, համապատասխանաբար նրանց անմիջական հարող ծածկապատշգամբները, սանդղավանդակները, վերնասրահները, պատշգամբները, ընդհանուր օգտագործման տարածքը, ինչպես նաեւ դրանց այլ բաղկացուցիչ մասերը, որոնք օգտագործվում են հանգստի, գույքը պահելու, ինչպես նաեւ որոշակի անձի կամ անձանց այլ պահանջմունքները բավարարելու համար, բնակելի շինության նկուղը եւ ձեղնահարկը: «Բնակարան» հասկացությունն իր մեջ ընդգրկում է նաեւ մասնավոր ավտոմեքենան, գետային կամ ծովային նավը, ինչպես նաեւ ծառայողական անձնական աշխատասենյակը եւ ավտոմեքենան, արվեստանոցը: Մաքսային տեսազննումը իրականացվում է առանց տրանսպորտային միջոցների բեռնասրահները (հատվածամասերը) եւ ապրանքների փաթեթվածքը բացելու, առանց զննվող օբյեկտները (ներառյալ ֆիզիկական անձանց ուղեբեռը) եւ դրանց մասերը կազմատելու, ապամոնտաժելու, ամբողջականությունն այլ կերպ խախտելու: Իսկ ինչպես երեւում է քրեական գործում առկա Մաքսային զննման (տեսազննման) ակտից եւ տեսագրությունից, ուղեբեռը բացվել է, դրա միջից հանվել են որոշ ապրանքներ, այդ թվում բացվել են այնտեղ գտնվող բոլոր փաթեթները, խախտվել է այդ փաթեթների՝ ամբողջականությունը: Այսինքն, ըստ պաշտպանական կողմի՝ «բնակարան»-ը զննվել է առանց նախապես հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի, որոշման կայացման` կամ խուզարկվել է առանց դատարանի որոշման՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի պահանջների խախտմամբ:

Դատավճռի հրապարակվելուց հետո մենք կանդրադառնանք նաեւ ընթերականերին: Նշեմ միայն, որ դատարանում ընթերականերից մեկը ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը արտագնա աշխատանքից 2019 թվականի դեկտեմբերի 22-ին գիշերվա ժամը 03-ի սահմաններում է մուտք գործել Հայաստանի սահման եւ որեւէ մեքենայի զննության մասնակից չի եղել, ՀՀ տարածք մուտք գործելուց հետո աշխատակիցները իրեն տարել են մի սենյակ, որտեղ ստորագրել է փաստաթուղթ, իսկ այդ սենյակից դուրս գալուց կրկին տարել են մեկ այլ սենյակ, որտեղ եւս ստորագրել է մի քանի փաստաթղթեր:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,
28.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031