«Ակնհայտ է, որ սա միտումնավոր է, դիտավորություն է: Չեմ բացառում նույնիսկ ԲԴԽ-ի որոշումը հատուկ կայացված լինի»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանում քննվում էր ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանքից ազատելու մասին պաշտպանների միջնորդությունը եւ պաշտպանները դատավոր Ռուբիկ Մխիթարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին՝ հիմնավորելով, որ այս գործն ի սկզբանե մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին, այնուհետեւ կայծակնային արագությամբ այդ գործը վերցրել ու ձեռքով մակագրել են Ռուբիկ Մխիթարյանին: Հետո դատարանի նախագահը գրություն է տվել, որ համակարգչի միջոցով մակագրումը եղել է տեխնիկական խնդրի պատճառով: Պաշտպանները չեն կարողանում հասկանալ՝ ի՞նչ է նշանակում այդ գրությունը. «Պատահական տեսել են, որ օրենքը պահպանվում է, հաճելի չի, հետեւաբար այդ քայլին են դիմել»,- ասաց Երեմ Սարգսյանը:
Նրա դիտարկմամբ՝ ամբողջ դատական համակարգը՝ դատախազություն, ԲԴԽ եւ այլն, ասում են, որ շատ կարեւոր է մակագրման համակարգը, դրա համար ամեն ինչ անում ենք, որ վերականգնեք համակարգը ու հանկարծ վերականգնեցին. «Լավ, վերականգնել եք, շատ ապրեք: Երբ տեսան չվերականգնելու հնարավորություն չկա, հիմա էլ ասում են՝ լավ, բա ի՞նչ անենք, որ կալանքի վերաբերյալ այս գործերը, որ մեր տղաների վարույթում է, այս էլ մեր հսկողության տակ լինի: Գործը համակարգիչը օրենքով սահմանված կարգով մակագրում է Արշակ Վարդանյանին, որոշում են՝ խի՞ պետք է տանք Արշակ Վարդանյանին, դատարանի նախագահն ասում է՝ չէ, այս գործը պետք է քննի Ռուբիկ Մխիթարյանը: Ի՞նչն էր խանգարում, որ մակագրությամբ դատավորը քններ: Խանգարում է, որովհետեւ երեւի իրենց նախընտրում են, որ այդ անձը պետք է քննի»: Երեմ Սարգսյանը զարմացել է՝ մի քանի օր առաջ ԲԴԽ նախագահը հարցազրույց է տվել ու ասել, որ այս նույն դատավորները անտանելի ծանրաբեռնված են, ուստի ինչպե՞ս է ստացվել, որ բացի իրենց գործերից նորից այս դատավորներին են մակագրել. «Ի՞նչ խնդիր էիք լուծում, խնդիր էր դրված, որ Վերաքննիչի այն դատավորները, որոնք քիչ ծանրաբեռնված են, ավելի քի՞չ ծանրաբեռնեք, իսկ այն դատավորները, որոնք ծանրաբեռնված են, ավելի՞ ծանրաբեռնեք: Եթե սա դիտավորություն չի…Ընդ որում, իրենք մասնագիտացում չունեն այս հարցում, դա իրենց նեղ մասնագիտացումից դուրս է: Ակնհայտից ակնհայտ է իրենց այն մոտեցումը, որ փորձում են դատարաններն իրենց ձեռքը առնեն, եթե ունեն դատավորներ, որոնց միջոցով կարողանում են իրենց ցանկալի որոշումները ստանան, ուրեմն ամբողջ դաշտից նորից առանձնացնում են իրենց հաճելի գործերը եւ բերում էլի այդ դատավորների վարույթ ու ասում՝ դուք էլ քննեք եւ մեզ հաճելի որոշումներ կայացրեք»:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք եւ խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ): 07.09.2021 թվականին Ա. Հովսեփյանը ձերբակալվել է: Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ