Այսօր Վերաքննիչ դատարանում քննվում էր ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանքից ազատելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Պաշտպանները դատավոր Ռուբիկ Մխիթարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք եւ խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ): 07.09.2021 թվականին Ա. Հովսեփյանը ձերբակալվել է: Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։
Պաշտպան Երեմ Սարգսյանը դատավորին ասաց, որ գործերի բաշխումը, ըստ Դատական օրենսգրքի, կատարվում է հատուկ համակարգով՝ ծրագրի միջոցով, բացառիկ դեպքերում անհաղթահարելի ուժի հետեւանքով միայն կարող է ձեռքով գործը մակագրվել այս կամ այն դատավորին: Բայց այս դեպքում համակարգը լավ աշխատել է, ուստի Մխիթարյանին այս գործը մակագրելը համարվում է անօրինական. «Կարող էին գործը տալ սնանկության գործով դատավորների, կամ անչափահասների գործով քրեական մասնագիտացում ունեցող դատավորներին, ինչ ուզեին՝ գրեին: Մենք գործ ունենք նորմերի խախտումների հետ եւ դուք չեք հանդիսանում օրենքի հիմքով ստեղծված դատարան ու այս հիմքով ես ինքնաբացարկ եմ հայտնում»:
Կարդացեք նաև
Պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ վստահեցրեց, որ այս գործն ի սկզբանե մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին, այնուհետեւ կայծակնային արագությամբ այդ գործը վերցրել ու տվել են Ռուբիկ Մխիթարյանին. «Ես չեմ՝ դուք եք, մյուսը, երրորդ անձը թող որոշի, չէ՞ որ տվյալ պարագայում ձեր՝ օրինական դատարան լինելու հանգամանքը պետք է տեսանելի լինի հասարակության համար: Արդյոք այս հանգամանքը չի կարող երրորդ անձի մոտ գոնե հիմնավոր կասկած առաջացնել, որ իրականում մենք գործ ունենք ոչ օբյեկտիվ, ոչ օրինական դատարանի հետ: Ես չգիտեմ իրականում դուք անաչառ եք, օբյեկտիվ եք, օբյեկտիվ չեք: Բայց ներկայացված փաստերը երրորդ անձի մոտ կարող են ստեղծել տպավորություն, որ դուք օրինական դատարան չեք այնքանով, որքանով շատ արագ, շատ անհասկանալի, տարօրինակ ձեւով Վարդանյանից այս գործը վերցնում եւ տալիս են ձեզ: Մակագրման համար կա երկու եղանակ՝ ծրագրային համակարգն է եւ դատարանի նախագահը կարող է իր ձեռքով վերցնել ու տալ գործը դատավորին: Հիմա մենք ունենք օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունեցող փաստ, մի դատավորից վերցվել , տրվել է ձեզ, չի՞ կարող հիմնավոր կասկած առաջանալ, որ այստեղ ժողովրդի լեզվով ասած՝ մի բան էն չի»: Երեմ Սարգսյանն ասաց. «Այս գործը պետք է քննի այն դատավորը, ում համակարգիչը սահմանված կարգով մակագրել է:
Դատավորը ինքնաբացարկի միջնորդությունը մերժեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ