Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. «Ես որպես հարկատու պետք է իմանամ վարչապետի կամ ԱԺ նախագահի, կամ ՀՀ նախագահի անվտանգության ապահովման համար ֆինանսավորման ծավալը»

Հուլիս 28,2022 19:40

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը խոսելով պետական գաղտնիքի մասին օրենքի նոր նախագծում տեղ գտած թերությունների մասին, ընթերցեց այն հոդվածը, որում գրված է, թե գաղտնիք է համարվում հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց պետական պաշտպանության ուժերի, միջոցների, աղբյուրների, մեթոդների, պլանների եւ արդյունքների, ինչպես նաեւ այլ գործունեության ֆինանսավորման մասին տվյալները, եթե դրանք բացահայտում են թվարկված տեղեկությունները: «Պետական հատուկ պաշտպանության ենթակա պաշտոնատար անձանց անվտանգության համար պլանները, ռեսուրսները կարող են օպերատիվ նկատառումներով էլի գաղտնիության շեմ ունենալ, չնայած, դա պետք է հիմնավորվի:

Բայց ֆինանսավորման մասին տվյալները ես, որպես հարկատու, պետք է իմանամ: Օրինակ, վարչապետի կամ ԱԺ նախագահի, կամ ՀՀ նախագահի անվտանգության ապահովման համար ֆինանսավորման ծավալը: Ասենք, այս տարի նախատեսված է եղել իքս գումար, եկող տարի նախատեսվում է մինուս իգրեկ կամ պլյուս իգրեկ գումար: Ինչո՞ւ: Ես չիմանա՞մ՝ իմ վճարած գումարները արդյունավետ ե՞ն, համաչա՞փ են այն պաշտոնատար անձանց իրապես անվտանգության տեսակետից, որոնց գործողություններից, որոշում կայացնելուց է կախված պետության եւ իմ պաշտպանվածությունը: Ես պետք է իմանամ ֆինանսական ծավալը, որը գաղտնիացրեցին:

Հարկատուն պետք է իմանա, որ, օրինակ, գործուղման համար այսքան ծավալ է նախատեսված, որ դա անհրաժեշտ է, ասենք նախատեսված 20 այցելության երաշխավորման համար: Պարզունակ օրինակ ասեմ: Այցելության ժամանակ էկոնո՞մ դասով են թռչում, թե՞ բիզնես դասով, կամ պատվիրակության մեջ եթե ընդգրկված հարակից անձինք, ես չիմանա՞մ՝ ինչքան է ֆինանսավորվում, ի վերջո, ինչքանո՞վ է նպատակահարմար:

Տեսեք ԱԱԾ աշխատակցի եկամուտի հայտարարագրերը համարվում են գաղտնի: Ես հասկանում եմ, որ հետախուզությամբ կամ հակահետախուզությամբ զբաղվող անձի գաղտնիության շեմ կա: Բայց եկամուտների տվյալների գաղտնիությունը չի կարող հիմնավորված լինել, թաքցվել: Վերջին հաշվով, փոքր երկիր ենք ու գիտենք ով ունի այսքան եկամուտ եւ իր հետ կապակցված գույք: Ես պե՞տք է կարողանամ հարց բարձրացնել, որ նրա եկամուտը տարեկան, 10 միլիոն է, ասենք,  եւ այն գույքը, որն էլ, ասենք, 20 միլիոն արժե: Այսինքն, գաղտնիության հիմնավորման տեսակետից սա համաչափ եւ իրավաչափ չէ:

Այնպես որ, այս հարցերը, որոնք վերաբերում են կոռուպցիայի կանխարգելմանը, վերացմանը, իսկ մենք տեսել ենք, որ պետական գաղտնիության ձեւակերպմամբ թաքցվել են կոռուպցիոն հանցագործություններ, ես որպես ռիսկ եմ դիտարկում: Օրենքը այս հարցի պատասխանը տալի՞ս է ինձ մոտ վստահություն առաջացնո՞ւմ է, որ նման մոտեցումը բացառվում է: Ոչ»,-ասաց Արթուր Սաքունցը եւ թվարկեց էլի օրինակներ նաեւ պետական գնումների ոլորտից:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031