Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված փոխգնդապետ Արմեն Օհանյանի հիշատակին հուշաքար է տեղադրվել Իջևանի N զորամասի տարածքում։ Հուշաքարը հանդիսավորությամբ բացվեց հերոսի ծննդյան օրը։ Արմեն Օհանյանը կդառնար 51 տարեկան։ Նրա ընտանիքի անդամները Aravot.am-ի հետ զրույցում նշեցին, որ հուշաքարի տեղադրումը նախաձեռնել են զորամասի N գնդի պայմանագրային զինծառայողները։ Արմեն Միքայելի Օհանյանը ծնվել է 1971թ.։
Կրթությունը ստացել է ՌԴ-ում, ապա տեղափոխվելով ՀՀ նվիրվել է հայրենիքի պաշտպանության գործին։ 2016թ․ -ից հանդիսացել է Իջևանի N զորամասի հրամանատարի տեղակալ՝ մարտական հերթապահության գծով։ Անգնահատելի է փոխգնդապետ Արմեն Օհանյանի կատարած աշխատանքը մարտական հենակետերի ամրացման, նոր հենակետերի կառուցման, կենցաղային պայմանների ապահովման, անվտանգության կառույցների շինարարության գործում: Մասնակցել է տասնյակ դիվերսիոն գործողությունների և գերազանց կատարել իր առաջ դրված հանձնարարությունները:
Կարդացեք նաև
Ծառայության ընթացքում իր պարտականությունները անթերի կատարելու, օրինակելի զինվորական կարգապահության և անձնուրաց նվիրումի համար պարգևատրվել է «Մարտական ծառայության»,«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ»,«Մարտական Հերթապահության I-ին կարգի աստիճան»,«Անբասիր ծառայության» I-ին, II-րդ, III-րդ աստիճանի գերատեսչական,«Բանակի 20 տարի» հոբելյանական մեդալներով և «Երկրապահ կամավորականների միության» հուշամեդալով: Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար փոխգնդապետ Արմեն Միքայելի Օհանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Տավուշի մարզպետարանի